Նոյեմբերի 04 2022
Ներկայացնում ենք «Business Doc Europe» հայտնի լրատվականում տեղ գտած «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանի հետ հարցազրույցը՝ Օսկարի մրցանակաբաշխության նախաշեմին» հոդվածի հայերեն թարգմանված տարբերակը։
Հիշեցնենք․ «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրությունը Հայաստան-Գերմանիա-Լիտվա համատեղ արտադրություն է։ Կինոնկարը ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնից և եվրոպական ամենախոշոր կինոֆոնդից՝ ԵՎՐԻՄԱԺ-ից (Հայաստանը որպես մեծամասնական համարտադրող)։
Ջոֆրի Մակնաբ, նոյեմբերի 2, 2022թ. ժ. 11:35
Հայոց ցեղասպանության թեման վերջին տարիներին շոշափվել է մի քանի ֆիլմերում՝ Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002), Ֆաթիհ Աքինի «Սպին» (2014) և Թերի Ջորջի «Խոստումը» (2016): Այժմ 20-րդ դարասկզբի պատմության ամենատրավմատիկ և վիճարկվող դեպքերից մեկը ներկայացվում է Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» նոր ուշագրավ վավերագրական ֆիլմում:
Ռեժիսորն անիմացիայի միջոցով պատմում է իր հերոսուհու՝ Ավրորա («Արշալույս») Մարդիգանյանի պատմությունը, ով վերապրել էր թուրքերի կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը:
Հրաշքով փրկված Ավրորան ի վերջո հասնում է ԱՄՆ, որտեղ հրատարակում է գիրք՝ իր անցած ճանապարհի մասին և նկարահանվում «Հոգիների աճուրդը» (1919թ.) հոլիվուդյան ֆիլմում, որտեղ մարմնավորում է ինքն իրեն: Ավրորան մահացել է 1994թ.-ին՝ կյանքի վերջին տարիներն ապրելով մոռացվածության մեջ։ Ամուսնու մահից հետո նա Նյու Յորքից տեղափոխվել էր Լոս Անջելես և բարդ հարաբերություններ ուներ իր միակ որդու հետ, ում կինը ազգությամբ հայ չէր։ «Նրա մասին մոռացել էին… վերջում նա մահացավ ծերանոցում՝ միայնության մեջ»,- ասում է Սահակյանը։ «Հոգիների աճուրդը» ֆիլմի անհետացման պատճառները առ այսօր բացահայտված չեն, ինչի համար մեղադրվում են բոլորը` ԿԳԲ-ից մինչև թուրքերը: Այնուամենայնիվ, ֆիլմից պահպանված կադրերը կրկին հայտնաբերվեցին հայկական արխիվներում 1990թ. կեսերին: 2000թ. սկզբին այս կադրերը թվայնացվեցին և հասանելի դարձան հանրությանը: Պահպանվել են ֆիլմի մոտ 20 րոպեանոց կադրերը, պահպանվել են նաև Ավրորայի կյանքի վերջին հարցազրույցները: Ռեժիսորն այս արխիվային նյութն օգտագործում է իր ֆիլմում՝ անիմացիայի հետ համատեղ։ Այժմ «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը Հայաստանի կողմից պաշտոնապես առաջադրվել է Օսկարի:
Ինչպե՞ս սկսվեց նախագիծը: 2014թ. Սահակյանն աշխատում էր հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ ծրագրված անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերի շարքի վրա: Շարքը պետք է հիմնված լիներ ցեղասպանությունը վերապրած մարդկանց հարցազրույցների վրա, որը հավաքագրել էր Զորյան ինստիտուտը (հիմնադրվել է 1980-ականների սկզբին՝ ցեղասպանության ուսումնասիրությունը խթանելու նպատակով): Սահակյանը տարբեր գործընկերների հետ պատրաստվում էր նկարահանել 10 րոպեանոց ֆիլմեր՝ «ալմանախ», ինչպես ինքն է ասում՝ «ցեղասպանության տարբեր պատմությունների մասին»։ Հենց այդ ժամանակ նա առաջին անգամ ծանոթացավ Ավրորայի վկայություններին, որոնք առկա էին DVD-ով: «Ավրորայի հարցազրույցը տարբերվում էր մնացած բոլոր ցեղասպանությունը վերապրածների հարցազրույցներից, որ լսել էի մինչ այդ… նա երբեք չէր հանձնվում, միշտ փորձում էր լուծումներ գտնել: Նա մինչև վերջ անկոտրում մնաց...»,- ասում է ռեժիսորը այն կնոջ մասին, ում պատմությունը պատմում է իր վավերագրական ֆիլմում: Միայն Ավրորայի պատմությունը չէր, որ անչափ հետաքրքիր էր, այլ նաև այն փաստը, որ նրա մասին հոլիվուդյան մեծ ֆիլմ է նկարահանվել ԱՄՆ տեղափոխվելուց հետո: Տեսնելով առկա մեծաքանակ նյութերը, Սահակյանը և իր թիմը հասկացան, որ չեն կարող կարճամետրաժ ֆիլմով տուրք տալ Ավրորայի պատմությանը: Նրանք պետք է ավելի բովանդակալից մի բան անեին։
Ավրորայի պատմությունը ուշագրավ է և միաժամանակ սարսափելի: Ինչպես նշում է ռեժիսորը, իր ֆիլմը հարցին անդրադառնում է նոր դիտակետից: «Գնահատում եմ մնացած բոլոր ֆիլմերը այս թեմայով»,- ասում է Սահակյանը, բայց նշում, որ իր տարբերակը, ի տարբերություն մյուսների, արտահայտում է երիտասարդ կնոջ տեսակետը։ «Ինձ համար շատ կարևոր էր երիտասարդ աղջկա պատմությունը պատմել իր տեսանկյունից, քանի որ սա մի բան էր, կարծում եմ, որ մենք թերացել էինք նախորդ բոլոր ֆիլմերում: Եվ պետք էր պատմել այն (պատմությունը) վավերագրական տեսանկյունից… ինձ համար շատ կարևոր էր իրական պատմություն պատմել մի իրական աղջկա մասին, ով անցել է այս բոլոր սարսափների միջով, բայց երբեք չի կորցրել իր մարդասիրությունը, և փորձել է օգնել ուրիշներին իր կյանքի տարբեր փուլերում»։
Իր կյանքի վերջում տված հարցազրույցում Ավրորան նշում է, որ եվրոպացի հրեաների դեմ նացիստական հոլոքոստը կարող էր տեղի չունենալ, եթե Հայոց ցեղասպանությանը հաջորդեր պատշաճ հատուցում: Առ այսօր այն տեղի չի ունեցել։ Ավելի քան 100 տարի անց Թուրքիան շարունակում է մերժել «ցեղասպանություն» եզրույթը։ Ավրորան անդրդվելի էր զոհերի համար արդարադատության հաստատելու իր ցանկության մեջ, բայց չուներ սեփական վրեժխնդրություն:
Նա ցանկանում էր, որ լինի պատշաճ իրավական ընթացակարգ, այլ ոչ թե բռնի հատուցում: «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ստեղծումը էպիկական աշխատանք էր: «Ֆիլմը սկսելուց հետո ավելի քան յոթ տարի է անցել,- հառաչում է ռեժիսորը, երբ հիշում է իր առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները,- այն (ֆիլմի նկարահանումը) շատ ծանր էր և՛ հոգեբանորեն, և՛ առօրյա աշխատանքում»:
Վավերագրական ֆիլմի ֆինանսավորումն առաջին խոչընդոտն էր: Հայաստանը «չափազանց սահմանափակ է իր կինոֆոնդերով»: Ի վերջո, նախագիծը ստեղծվել է որպես Հայաստանի, Գերմանիայի և Լիտվայի համատեղ արտադրություն։ Աջակցողների թվում էին բոլորը՝ ARTE-ից և Eurimages-ից (Եվրախորհրդի հիմնադրամ) մինչև Զորյան ինստիտուտ: Վավերագրական ֆիլմի հետազոտական աշխատանքը նույնպես դժվար գործընթաց էր: Սահակյանն աշխատում էր գիտնականների թիմի հետ, լսում էր վկայություններ, խորհրդակցում բազմաթիվ լրատվամիջոցների հետ և այցելում այն վայրերը, որտեղով Ավրորան անցել էր ցեղասպանությունից փախչելու ժամանակ:
«Այնուհետև, իհարկե, անիմացիան տևեց մոտ երեքուկես տարի»,- ավելացնում է ռեժիսորը։
Անխուսափելիորեն, Covid-ը խոչընդոտեց. Հայաստանի և Լիտվայի միջև աշխատում էին անիմատորներ, սակայն երկու երկրների ստեղծագործողները չէին կարող մեկնել միմյանց հանդիպելու համար։ «Արտադրական շրջանի երկու տարին պետք է աշխատեինք առցանց»,- նշում է Սահակյանը։ Նա ի վերջո հանդիպեց Լիտվայի թիմի անդամներին ֆիլմի պրեմիերային՝ այս ամռան սկզբին, Անսիի փառատոնում:
Սահակյանի ձեռքբերումը իսկապես զարմացնում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա նախկինում անիմացիայի փորձ չի ունեցել։ «Իհարկե, ես շրջապատված էի շատ լավ մասնագետներով ինչպես Հայաստանից, այնպես էլ Լիտվայից, սակայն ամենօրյա առցանց աշխատանքը իսկապես մղձավանջ էր»:
2020 թվականին Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումը ավելացրեց ռեժիսորների առջև ծառացած դժվարությունները: Հայկական նկարահանող թիմի մի քանի անդամներ մեկնեցին պատերազմի առաջնագիծ, և նկարահանումները ստիպված եղանք երեք ամսով դադարեցնել: «Մենք անցանք բոլոր հնարավոր մարտահրավերների միջով…»։ Սակայն, ինչպես Ավրորան, Սահակյանը նույնպես չհանձնվեց. ֆիլմն ավարտին հասցրեցին և այժմ այն արժանանում է մրցանակների միջազգային փառատոներում՝ օրինակ Երևանի Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնում ֆիլմն արժանացել է «Արծաթե ծիրան» մրցանակի, այն առաջադրվել է Ասիա-Խաղաղoվկիանոսյան մրցանակաբաշխության լավագույն անիմացիոն ֆիլմ մրցանակին: Ֆիլմը նաև ընտրվել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի «Բեսթ օֆ ֆեսթս» միջազգային կինոփառատոնում: «Քեթս էնդ Դոքս» կազմակերպությունը զբաղվում է ֆիլմի համաշխարհային վաճառքով, իսկ հաջորդ քայլը կլինի ֆիլմի դիստրիբուցիան ԱՄՆ-ում:
«Անչափ կարևոր է, որ ֆիլմը հնարավորինս շատ դիտումներ ունենա։ Իհարկե, դա շատ դժվար մարտահրավեր է, բայց եթե ֆիլմը նկատեն Օսկարի մրցավազքում, եթե հրաշք կատարվի, և այն հայտնվի կարճ ցուցակում (shortlist), դա իսկապես կազդի ֆիլմի տարածման վրա»,- ասում է Սահակյանն այն մասին, թե ինչպես կարող է մրցանակաբաշխության հաջող արշավը ֆիլմը դարձնել այնքան ճանաչված, որքան ճանաչված էր «Հոգիների աճուրդ» ֆիլմը՝ ավելի քան 100 տարի առաջ:
Հոդվածի սկզբնաղբյուրը`
Academy Awards interview: Aurora’s Sunrise by Inna Sahakyan - Business Doc Europe
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը