ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԵՌԱՊԱՏՈՒՄԸ

 

 

Գրող, համադրող և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Դանիել Բըրդի կողմից համակարգված ծրագիրն ընդգրկում է Փարաջանովի կարճամետրաժ ֆիլմերը՝ «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.), «Կիևյան որմնանկարներ» (1966թ.) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.), որոնց վերականգնումը նախաձեռնվել է «Համո Բեկնազարյան» նախագծի կողմից՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Դովժենկո» կենտրոնի և «Վրացֆիլմ» կինոստուդիայի աջակցությամբ։ Նախագծի արդյունքում կատարված բացահայտումներն օգնում են լրացնել՝ «Մոռացված նախնիների ստվերները» (1965թ.) ֆիլմից մինչև «Նռան գույնը» (1969թ.) ժամանակահատվածում մեծ արվեստագետի զարգացման ուղու հետ կապված բացերը։

 

«Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը, լինելով 19-րդ դարի հայտնի նկարչի կտավների ասոցիատիվ և խորաթափանց ուսումնասիրություն, ինչ-որ առումով նախամարզանք էր «Նռան գույնի» համար, մինչդեռ դեպի կինեմատոգրաֆիական որմնանկար Փարաջանովի շարժումը ամփոփված է «Կիևյան որմնանկարներում», որը կերտված է լիամետրաժ ստեղծագործության համար նախատեսված կադրերից, որոնք պատմում են հետպատերազմյան Կիևի մասին, երբ խորհրդային իշխանությունների հրամանով ոչնչացրին քաղաքի մեծ մասը:

 

«Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» ֆիլմում առկա է Փարաջանովի հետաքրքրությունը կինոյի և գեղանկարչության փոխկապակցվածության նկատմամբ, որտեղ վրացի աութսայդեր նկարիչ Նիկո Փիրոսմանիի նկարների դրվագները մանրակրկիտ մոնտաժված են:

 

Վերականգնված ֆիլմերը նորից վերատպվել են 35 մմ պոզիտիվ ժապավենների վրա (Նյու Յորքի ՀԲԸՄ-ի աջակցությամբ), որպեսզի ընդգրկվեն Հայաստանի ազգային կինոկենտրոնի, վրացական կինոստուդիայի և «Դովժենկո» կենտրոնի արխիվային հավաքածուներում։

 

2021թ․ դեկտեմբերին «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմն ի պահ է տրվել Փարիզի Պոմպիդու կենտրոնին, 2022թ․ հունվարին՝ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին (MoMA)։ Ֆիլմերը հասանելի են նաև 4K թվային պրոյեկցիայով դիտման համար։

 

 

«ԿԻՆՈՅԻ ՏԱՃԱՐ»

  

 

Գրող, համադրող և վավերագրական ֆիլմերի կինոռեժիսոր Դենիել Բըրդի կողմից ստեղծված և համադրված ինստալյացիան պարունակում է տարբեր բարձրությունների ինը փայտե սեղաններ, որոնցում հորիզոնական դիրքով տեղադրված են տարբեր չափերի քսանչորս մոնիտոր: Յուրաքանչյուր մոնիտորին ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի «Սայաթ Նովա» («Նռան գույնը») ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերը (չմոնտաժված կադրերը), որոնք վերարտադրվում են ցիկլային ձևով։

 

Մոնիտորներին կարելի է դիտել առանձին, երկու կամ երեք խմբերով, կամ ամբողջությամբ՝ վերևից։ Մինչ այրվում է խունկը՝ բարձրախոսներով հնչում է Տիգրան Մանսուրյանի և Յուրի Սայադյանի յուրահատուկ երաժշտական կոլաժը։ Խորագիրը վերաբերում է Ժան-Լյուկ Գոդարի հայտնի խոսքին․ «Կինոյի տաճարում կան պատկերներ, լույս և իրականություն․․․ Փարաջանովն այդ տաճարի տիրակալն է»։

 

Ինստալյացիան ստեղծվել է Սերգեյ Փարաջանովի «Սայաթ Նովա» ֆիլմի թողարկման 50-րդ տարեդարձի կապակցությամբ։ Աշխատանքային նամակագրության միջոցով բացահայտվում է, թե ինչպես է Փարաջանովի տեսլականը խեղաթյուրվել մոնտաժից առաջ և հետո՝ թե՛ տեղական, և թե՛ միջազգային մակարդակներում։ Չնայած խորհրդային իշխանությունները կարգադրել էին ոչնչացնել բոլոր նյութերը, որոնք չէին օգտագործվել վերջնական տարբերակում, բայցևայնպես «Հայֆիլմ» ստուդիայի անձնակազմի շնորհիվ պահպանվել են ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերով բազմաթիվ ժապավեններ։ Նախագիծը ներկայացվել է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում և «Այրարատ» կինոթատրոնում։

 

 

STILL MOTION ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

 

 

2020թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում վերականգնողական աշխատանքների ժամանակ Հայաստանի ազգային կինոկենտրոնի վերաբացահայտված ընդարձակ հավաքածուն, որն ընդգրկում է ավելի քան 6000 արտադրական կադրեր և այլ ֆոտոփաստաթղթեր, համապարփակ պատկերացում է տալիս խորհրդային ժամանակաշրջանում հայկական խոշորագույն կինոստուդիայի աշխատանքային մեթոդների, պատմության և առանձնահատուկ գեղագիտության մասին։

 

Ավելին, այս վերագտնված հավաքածուն հնարավորություն է տվել նորից բացահայտելու հայկական լուսանկարչության մոռացված ժանրը՝ կինոլուսանկարները, որով հրապուրված են եղել 1930 - 80 ականների նշանավոր հայ լուսանկարիչներից մի քանիսը, այդ թվում՝ Անդրանիկ Քոչարը և Հակոբ Հեքեքյանը։ Վիգեն Գալստյանի (Հայաստանի ազգային կինոկենտրոնի Կինոժառանգության բաժնի ղեկավար) կողմից համակարգվող ցուցահանդեսը ներկայացնում է հայկական կինոլուսանկարների ուսումնասիրությունը՝ սկսած դրա վերածննդից՝ հետպատերազմական ժամանակաշրջանը, 1950-ականներ՝ մինչև «Հայֆիլմ» ստուդիայի գործունեության վերջին տարիները՝ 1990-ականների սկիզբ։ Ավելի քան 80 պատկերներից բաղկացած այս լուսանկարչական ցուցահանդեսը ոչ միայն պատկերավոր կերպով վերարտադրում է հայկական կինոարվեստի անցած ուղու ոլորանները, այլ ներկայացնում է 20-րդ դարի երկրորդ կեսի խորհրդային կինոարտադրության փոփոխական բարքերն ու գեղագիտական ընկալումները։

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը