ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

 ԿԻՆՈՆԿԱՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

    Երևան, մարտի 17, 2021թ․

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով կարգավորվում են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» (այսուհետ՝ Կինոկենտրոն) պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից անցկացվող գեղարվեստական կինոնկարների (այսուհետ՝ Կինոնկար) նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) մրցույթի և այդ մրցույթում հաղթած Նախագծերի ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կանոնակարգով անցկացվող մրցույթում հաղթած Նախագծերին ֆինանսավորում հատկացվում է ՀՀ պետական բյուջեով հաստատված միջոցների շրջանակներում:

3. Մրցույթին կարող են մասնակցել․ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող ռեզիդենտ, օրենքով սահմանված կարգով գրանցված` հաշվառված, առևտրային կազմակերպությունները, որոնք իրականացնում են.

       ա) Կինոարտադրություն (այսուհետ՝ Կինոարտադրող)` բոլոր փուլերում;

       բ) Կինոնկարների տարածում (այսուհետ՝ Տարածող)՝ միայն Կինոնկարի տարածման փուլում:

4. Մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր տարի երկու անգամ` սույն կանոնակարգով սահմանված ժամկետներում և ժամանակացույցի համաձայն (Հավելված 1հետևյալ խմբավորմամբ և անվանակարգերում.

    ա) լիամետրաժ՝ խաղարկային, խաղարկային վավերագրական ու անիմացիոն Նախագծեր և Կինոնկարներ՝ նվազագույնը 70 րոպե տևողությամբ,

       բ) կարճամետրաժ` խաղարկային ու անիմացիոն Նախագծեր՝ առավելագույնը 30 րոպե տևողությամբ:

5. Դեբյուտ են համարվում ռեժիսորի առաջին ու երկրորդ կարճամետրաժ և առաջին ու երկրորդ լիամետրաժ Կինոնկարները:

6. Նախագծի ընդհանուր բյուջեն ներառում է Նախագծի զարգացման, արտադրական և հետարտադրական ծախսերը:

7. Հայաստանյան կողմը հիմնական Կինոարտադրող է, եթե Նախագծում կամ Կինոնկարում ներդրված միջոցների մեծամասնությունը հայաստանյան է, և Նախագծի կամ Կինոնկարի հիմնական ստեղծագործական կազմի (պրոդյուսեր, սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր, բեմադրող օպերատոր/կադրավորող, բեմադրող նկարիչ, նկարիչ-ձևավորող՝ զգեստների/անիմացիոն կերպարների, երաժշտության հեղինակ, մոնտաժի ռեժիսոր, հնչյունային ռեժիսոր, առաջին, երկրորդ, երրորդ դերերի դերակատարներ, հետազոտող) մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

8. Հայաստանյան կողմը հիմնական Կինոարտադրող չէ, եթե Նախագծում կամ Կինոնկարում ներդրված ֆինանսական միջոցների մեծամասնությունը հայաստանյան չէ, սակայն Նախագծի կամ Կինոնկարի հիմնական ստեղծագործական կազմից (պրոդյուսեր, սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր, բեմադրող օպերատոր/կադրավորող, բեմադրող նկարիչ, նկարիչ-ձևավորող՝ զգեստների/անիմացիոն կերպարների, երաժշտության հեղինակ, մոնտաժի ռեժիսոր, հնչյունային ռեժիսոր, առաջին, երկրորդ, երրորդ դերերի դերակատարներ, հետազոտող) առնվազն երկուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի են:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Մրցույթի մասին հայտարարությունը, Նախագծեր և Կինոնկարներ ներկայացնելու ձևաթղթերը, ինչպես նաև սույն կանոնակարգի տեքստը տեղադրվում են Կինոկենտրոնի պաշտոնական կայքում։

10. Մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվում է նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am

11. Մրցույթի մասին պաշտոնական հայտարարությունը պետք է պարունակի մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող Նախագծերի կամ Կինոնկարների․

       ա) անվանակարգերը,

       բ) ներկայացվելու պայմանները (առցանց և այլն), ժամկետները,

       գ) հիմնական պահանջները,

       դ) անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

12. Մրցույթն անցկացվում է հետևյալ 3 փուլերով․

       ա) Նախնական գնահատման,

       բ) Վերջնական գնահատման,

       գ) Հայտերի հաստատման:

13. Մրցույթին մասնակցելու նպատակով սույն կանոնակարգով նախատեսված ժամկետներում (Հավելված 1) և կարգով Կինոարտադրողը և/կամ Տարածողը (այսուհետ՝ նաև Հայտատու) պետք է ներկայացնի Նախագծի կամ Կինոնկարի հայտ (այսուհետ՝ Հայտ):

14. Նույն Հայտատուն նույն մրցույթին կարող է ներկայացնել մեկից ավելի Հայտ (Նախագծեր կամ Կինոնկարներ):

15. Ակնհայտորեն պոռնոգրաֆիկ բնույթ ունեցող կամ բռնությունը, ատելությունը, կրոնական, ազգային ու ռասսայական խտրականությունը արդարացնող կամ բացահայտորեն մարդու արժանապատվությունը ոտնահարող բովանդակությամբ Նախագծերը ենթակա են մերժման:

16. Լիամետրաժ Հայտերը ներկայացվում են մրցույթի հետևյալ 4 (չորս) փուլերի համար.

       ա) Նախագծի զարգացման,

       բ) Նախագծի արտադրության (արտադրական և հետարտադրական),

       գ) Նախագծի հետարտադրական,

       դ) Կինոնկարի տարածման:

17. Կարճամետրաժ Հայտերը կարող են ներկայացվել մրցույթին, եթե հայաստանյան կողմը հիմնական Կինոարտադրողն է և մրցույթի են ներկայացվում ամբողջ արտադրության համար:

18. Հայտերի բոլոր նյութերը (Հավելված 2) պետք է ներկայացվեն հայերեն, ինչպես նաև` Նախագծի կամ Կինոնկարի անվանակարգի, մրցութային փուլի, տևողության նշումով, իսկ օտարալեզու փաստաթղթերը՝ հայերեն թարգմանության ուղեկցությամբ:

19. Նկարահանումներն սկսած Նախագծերը Արտադրության փուլի (արտադրական և հետարտադրական) մրցույթին մասնակցել չեն կարող՝ բացառությամբ խաղարկային վավերագրական Նախագծերի:

20. Ֆինանսավորում ստացած Կինոարտադրողը նույն Նախագծի համար իրավունք ունի դիմելու մրցույթի մեկ այլ փուլի, եթե պատշաճ կարգով իրականացրել է Կինոկենտրոնի հետ կնքված պայմանագրային պարտավորությունները և ներկայացրել համապատասխան հաշվետվություններ, որոնք ընդունվել են Կինոկենտրոնի կողմից:

21. Մրցույթի որևէ փուլի համար մեկ անգամ ֆինանսավորում ստացած Հայտը նույն փուլի մրցույթին կրկին մասնակցել չի կարող:

22. Սույն կանոնակարգի ուժի մեջ մտնելուց առաջ Կինոկենտրոնի կողմից ֆինանսավորում ստացած այն ընկերությունները, որոնք մինչև սույն կանոնակարգով սահմանված կարգով մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի լրանալն ունեն Կինոկենտրոնի հանդեպ ժամկետանց ցանկացած տեսակի պայմանագրային պարտավորություններ, ապա նրանց ներկայացրած Հայտերը չեն դիտարկվելու:

23. Հայտերը պետք է ներկայացվեն սույն կանոնակարգի 15, 16, 17 և 18-րդ կետերում նշված կարգով` 2 (երկու) ամբողջական PDF ֆայլերում ներառելով սույն կանոնակարգի (Հավելված 3)-ում, (Հավելված 4)-ում, (Հավելված 5)-ում պահանջվող փաստաթղթերը՝ թվարկված խմբավորմամբ և հերթականությամբ:

24. Մինչև մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի լրանալը՝ Հայտատուն իրավունք ունի իր Հայտը փոխելու, գրավոր չեղարկելու կամ նոր փաստաթղթերով համալրված կրկին ներկայացնելու:

25. Մրցույթի մասին հայտարարությամբ Հայտեր ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո Հայտեր չեն ընդունվում:

26. Կինոկենտրոնի կողմից ուսումնասիրվում է ներկայացված Հայտերի փաթեթների համապատասխանությունը սույն կանոնակարգի պահանջներին, պակասող փաստաթղթերով թերի փաթեթները չեն ուղարկվում փորձագետներին՝ գնահատման: Դիտարկման և գնահատման ենթակա Հայտերի և մրցույթի փորձագիտական հանձնախմբերի ցանկերը հրապարակվում են Կինոկենտրոնի պաշտոնական կայքում, գնահատման ենթակա Հայտերի փաթեթները տրամադրվում են փորձագիտական հանձնախմբերի անդամներին՝ սույն կանոնակարգի 1-ին հավելվածում նախատեսված ժամկետներում:

27. Մրցույթը հայտարարվում է չկայացած, եթե մինչև Հայտերի ընդունման վերջնաժամկետը ոչ մի Հայտ չի ներկայացվել կամ մրցույթին ներկայացված բոլոր Հայտերը չեն համապատասխանում սույն կանոնակարգով նախատեսված պահանջներին:

 

III. ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՄ ԿԻՆՈՆԿԱՐՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

28. Նախագծերին կամ Կինոնկարներին պետական ֆինանսավորում տրվում է սույն կանոնակարգի (Հավելված 6- ում սահմանված կարգով:

29. Նույն Կինոարտադրողին պետական ֆինանսավորում յուրաքանչյուր տարվա բյուջեից կարող է տրամադրվել յուրաքանչյուր փուլի մեկական լիամետրաժ Նախագծի ու Կինոնկարի և մեկ կարճամետրաժ Նախագծի կամ՝ միայն երեք կարճամետրաժ Նախագծի, իսկ Տարածողին` առավելագույնը 3 (երեք) Կինոնկարի համար:

30. Արտադրության փուլում ֆինանսավորում տրվում է միայն ընդհանուր բյուջեն համալրած Նախագծերին` ֆինանսական միջոցների առկայության դեպքում:

31. Արտադրության փուլի ներկայացրած և հանձնախմբերի կողմից ընտրված, բայց Կինոնկարի բյուջեն չհամալրած լիամետրաժ և կարճամետրաժ Նախագծերին տրվում է հաստատված գումարի չափով ֆինանսավորման մասին համաձայնագիր և 24 (քսանչորս) ամիս ժամանակ, այդ թվում` 18 (տասնութ) ամիս` Արտադրության փուլը մեկնարկելու հնարավորություններ ձեռք բերելու նպատակով նախագծի բյուջեն համալրելու, համապատասխան փաստաթղթերը Կինոկենտրոն ներկայացնելու նպատակով և 6 (վեց) ամիս` արտադրություն սկսելու համար:

32. Նախագծի բյուջեի համալրման արդյունքում, եթե հայաստանյան կողմը հիմնական արտադրողից դառնա ոչ հիմնական, ապա համաձայնագիրը համարվում է լուծված:

33. Կինոկենտրոնի և Կինոարտադրողի միջև մինչև պայմանագիր կամ համաձայնագիր կնքելը ֆինանսավորման հաստատված Հայտի Հայտատուի, ռեժիսորի կամ պրոդյուսերի փոփոխություն տեղի ունենալու դեպքում` պետական ֆինանսավորում չի հատկացվելու:

34. Զարգացման, Հետարտադրական փուլերի լիամետրաժ Նախագծերը և Կինոնկարի տարածման փուլի լիամետրաժ Կինոնկարները, ինչպես նաև կարճամետրաժ Նախագծերը, սույն կանոնակարգով նախատեսված գումարների սահմաններում (Հավելված 6), իրավունք ունեն ստանալու պետական ֆինանսավորում՝ առանց այլ ֆինանսական  միջոցների առկայության:

35. Նախագծի զարգացման փուլում հատկացված գումարը տրվում է հետևյալ աշխատանքների իրականացման համար` կինոսցենարի հետագա մշակում (վերջնական տարբերակի ստեղծում, թարգմանություն, հետազոտություն, խորհրդատուի, խմբագրի ներգրավում և այլն), Նախագծի ամբողջական փաթեթի ստեղծում և բյուջեի համալրման նպատակով գործնական հանդիպումներ (Նախագծի ներկայացում համաարտադրության հնարավոր կողմերին կամ այլ հավանական միջազգային գործընկերներին՝ կինոփառատոների և կինոշուկաների կամ այլ միջազգային  ինդուստրիալ հարթակներում և այլն):

36. Կինոնկարի տարածման փուլում ֆինանսավորում հատկացնելիս առաջնահերթությունը տրվում է նախորդ որևէ փուլից պետական ֆինանսավորում ստացած Կինոնկարներին: Կինոնկարի տարածման փուլում հատկացված գումարը տրվում է հետևյալ աշխատանքների իրականացման համար` թարգմանական, ենթագրման, գովազդային-տպագրական նյութերի պատրաստման և այլն: Տրված գումարի դիմաց ծախսերը և Կինոնկարի տարածումը պետք է իրականացվեն միայն ՀՀ տարածքում` կինոթատրոններում հայերեն ցուցադրությունների համար:

37. Կինոկենտրոնի և Կինոարտադրողի (ֆինանսավորող կողմերի) հատկացրած գումարների դիմաց կատարվելիք ծախսերը իրականացվում են համամասնորեն և հաջորդաբար:

38. Պետական ֆինանսավորման հաշվին իրականացվելիք ծախսերը հաշվապահական և հարկային հաշվառման տեսանկյունից պետք է լինեն հիմնավորված:

 

IV. ԳՆԱՀԱՏՈՂ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

39. Փորձագիտական հանձնախմբերի ձևավորման համար ստեղծված տվյալների շտեմարանը համալրելու և մրցույթին ներկայացված Հայտերը գնահատող փորձագետների հանձնախմբերի ստեղծման նպատակով Կինոկենտրոնը հրապարակում է հայտարարություն:

40. Փորձագետների ընտրությունը կատարվում է սույն կանոնակարգի (Հավելված 7) - ում սահմանված չափորոշիչների համաձայն:

41. Հայտարարության պայմաններին համապատասխանող դիմումատու մասնագետների նախնական ընդհանուր ցանկը հրապարակվում է Կինոկենտրոնի պաշտոնական կայքում: Ստեղծվում է փորձագետների տվյալների շտեմարան:

42. Փորձագետների տվյալների շտեմարանից կազմվում է տվյալ հանձնախմբի գնահատմանը ներկայացվող Հայտ կամ մյուս Հայտերի հետ առնչություն չունեցող թեկնածուների ցանկ, որում ընդգրկված անձանցից տվյալ մրցույթի համար ձևավորվում են լիամետրաժ Նախագծերը և Կինոնկարները կամ կարճամետրաժ Նախագծերը գնահատող փորձագետների 2 (երկու) առանձին հանձնախմբեր՝ յուրաքանչյուր հանձնախմբում ընդգրկելով 3 (երեք)-ական կամ 5 (հինգ)-ական կամ 7(յոթ)-ական փորձագետ:

43. Նույն անձը հանձնախմբերում կարող է ընդգրկվել 2 (երկու) անգամ հաջորդաբար և կրկին մասնակցել 2 (երկու) մրցույթից ոչ շուտ:

44. Փորձագիտական հանձնախմբերի կազմերի և անդամների մասին համառոտ տեղեկատվությունը տեղադրվում է կինոկենտրոնի պաշտոնական կայքում:

45. Հանձնախմբերի կողմից Նախագծերը կամ Կինոնկարները գնահատվում են 2 (երկու) փուլով.

    ա) Նախնական գնահատում՝ մրցույթի երկրորդ փուլ անցնող Նախագծերի կամ Կինոնկարների ընտրության նպատակով՝ համաձայն սույն կանոնակարգի (Հավելված 8) - ի պահանջների;

    բ) Վերջնական գնահատում՝ մրցույթի երկրորդ փուլ անցած Նախագծերի կամ Կինոնկարների (այդ թվում՝ գեղարվեստական արժեքի գնահատում, արտադրության փաթեթների ուսումնասիրում, անհատական հանդիպում-զրույցների անցկացում, վերջնական գնահատում)՝ համաձայն սույն կանոնակարգի (Հավելված 9) - ի պահանջների:

46. Նախնական գնահատման փուլում յուրաքանչյուր փորձագետ ուսումնասիրում է գնահատման ենթակա Հայտերը և յուրաքանչյուր Հայտի համար Կինոկենտրոն է ներկայացնում նախնական գնահատման թերթիկ-հիմնավորում (Հավելված 8), որում ներառված են հետևյալ չափանիշները․

       ա) Մտահղացում, ոճական առանձնահատկություններ և ինքնատիպություն;

       բ) Կառուցվածք և սյուժե;

       գ) Կերպարներ, կերպարների հաղորդակցությունը` երկխոսություններ/պատմողի տեքստ և այլն;

       դ) Պրոդյուսերի և ռեժիսորի տեսլականներ, պատկերային լուծումներ:

Յուրաքանչյուր չափանիշը գնահատվում է առավելագույնը 10 (տասը) միավոր: Գնահատականների ընդհանուր գումարից դուրս է բերվում միջին գնահատական, մրցույթի հաջորդ փուլ անցնում են․ 3 հոգանոց հանձնախմբի դեպքում՝ առնվազն 1 (մեկ), 5 հոգանոց հանձնախմբի դեպքում՝ առնվազն 2 (երկու), 7 հոգանոց հանձնախմբի դեպքում՝ առնվազն 3 (երեք) փորձագետի կողմից  5 (հինգ) և ավելի միավոր ստացած Նախագծերը կամ Կինոնկարները:

47. Նախնական գնահատման փուլում ընտրված Հայտերի ցանկերը հրապարակվում են Կինոկենտրոնի պաշտոնական կայքում, տեղեկությունն ուղարկվում է Հայտատուներին:

48. Վերջնական գնահատման փուլում մրցույթի աշխատանքներին միանում են նաև Կինոկենտրոնի տնօրենը և լիազորված պետական մարմնի մասնագետը: Վերջիններիս են տրամադրվում վերջնական գնահատման փուլ անցած Հայտերը:

49. Կինոկենտրոնի տնօրենը և լիազորված պետական մարմնի մասնագետը ուսումնասիրում են Վերջնական գնահատման փուլ անցած Հայտերը, Նախագծերի և Կինոնկարների պրոդյուսերներն ու ռեժիսորները հրավիրվում են անհատական հանդիպում-զրույցի, որին մասնակցում են տվյալ հանձնախմբի բոլոր փորձագետները, Կինոկենտրոնի տնօրենը և լիազորված պետական մարմնի մասնագետը:

50. Պրոդյուսերի ու ռեժիսորի հետ հանդիպում-զրույցը տեղի է ունենում յուրաքանչյուր Հայտի համար առանձին:

51. Յուրաքանչյուր փորձագետ վերջնական գնահատման փուլ անցած յուրաքանչյուր Հայտի համար Կինոկենտրոն է ներկայացնում գնահատման թերթիկ-հիմնավորում (Հավելված 9), որում ներառված են հետևյալ չափանիշները․

       ա) գեղարվեստական արժեքը,

       բ) իրականացվելիության ներուժը (ստեղծագործական և տեխնիկական համագործակցությունը),

       գ) ֆինանսաարտադրական հիմնավորվածությունը,

       դ) Կինոնկարի տարածման հեռանկարը (փառատոներ, վարձույթ, հանդիսատես):

Յուրաքանչյուր չափանիշը գնահատվում է առավելագույնը 10 (տասը) միավոր: Գնահատականների ընդհանուր գումարից դուրս է բերվում միջին գնահատական: Գնահատման թերթիկ-հիմնավորումները փորձագետների կողմից ներկայացվում են ստորագրված:

52. Հայտերի հաստատման փուլում ֆինանսավորում տրամադրելու նպատակով քննարկման ենթակա են․ 3 հոգանոց հանձնախմբի դեպքում՝ առնվազն 2 (երկու), 5 հոգանոց հանձնախմբի դեպքում՝ առնվազն 3 (երեք), 7 հոգանոց հանձնախմբի դեպքում՝ առնվազն 4 (չորս) փորձագետի կողմից 5 (հինգ) և ավելի միավոր ստացած Նախագծերը և Կինոնկարները:

53. Փորձագետները, Կինոկենտրոնի տնօրենը և լիազորված պետական մարմնի մասնագետը մասնակցում են միացյալ նիստի, որի ընթացքում քննարկվում են մրցույթի արդյունքները, և համատեղ կայացվում է որոշում փորձագետների վերջնական գնահատման արդյունքում Հայտերի հաստատման փուլ անցած Նախագծերին և Կինոնկարներին տրամադրվելիք ֆինանսավորման վերաբերյալ: Ընտրվում են ֆինանսավորման հաստատվող Նախագծերը և Կինոնկարները:

54. Ֆինանսավորման ընտրված Հայտերին տրամադրվելիք ֆինանսավորման չափի վերաբերյալ հանձնախմբերի բոլոր անդամների, ինչպես նաև նրանց, Կինոկենտրոնի տնօրենի և լիազորված պետական մարմնի մասնագետի միջև վիճահարույց կարծիքների առկայության դեպքում որոշում կայացվում է ընդհանուր համաձայնության` կոնսենսուսի, միջոցով:

55. Լիամետրաժ և կարճամետրաժ Հայտերի հաստատման փուլի նիստերը տեղի են ունենում միմյանցից առանձին և արձանագրվում են: Եթե առկա է փորձագետի հատուկ կարծիք կամ խորհրդատու-մասնագետի գրավոր եզրակացություն, ապա վերջիններս կցվում են արձանագրություններին: Արձանագրությունները ստորագրում են տվյալ հանձնախմբերի փորձագետները, Կինոկենտրոնի տնօրենը և լիազորված պետական մարմնի մասնագետը:

56. Հաստատված Հայտերի ցանկը՝ տրամադրվելիք ֆինանսավորման չափի մասին տեղեկությամբ, հրապարակվում է Կինոկենտրոնի պաշտոնական կայքում՝ սույն կանոնակարգի 1-ին հավելվածում սահմանված ժամկետներում:

57. Սույն կանոնակարգի շրջանակներում ստեղծված բոլոր ցանկերը կազմվում են Կինոարտադրության փուլերով ու անվանակարգերով խմբավորված՝ յուրաքանչյուր Նախագծի և Կինոնկարի դիմաց նշելով պրոդյուսերի, սցենարիստի, ռեժիսորի և Հայտատու ընկերության անունները:

58. Հաստատված Հայտերի վերջնական ցանկը Կինոկենտրոնը ներկայացնում է լիազորված պետական մարմնին՝ պետական ֆինանսավորում տրամադրելու մասին պայմանագիր կնքելու նպատակով:

59. Լիազորված պետական մարմնի և Կինոկենտրոնի միջև պայմանագրի կնքումից հետո պետական ֆինանսավորում տրամադրելու մասին պայմանագրեր են կնքվում Կինոկենտրոնի և հաստատված ցանկում ընդգրկված Նախագծերի ու Կինոնկարների Հայտատուների միջև:

60. Հայտերի վերաբերյալ փորձագետների կողմից ներկայացված բոլոր գնահատման թերթիկ-հիմնավորումները Հայտատուներին ուղարկվում են մրցույթի ավարտից հետո՝ նրանց գրավոր պահանջի դեպքում:

61. Մերժված Հայտերը նոր մրցույթի կարող են դիմել ևս 2 (երկու) անգամ:

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

62. Սույն կանոնակարգն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

63. Մինչև սույն կանոնակարգի ուժի մեջ մտնելը Արտադրական փուլի համար ֆինանսավորված Նախագծերը Հետարտադրական փուլի ֆինանսավորում ստանալու համար կարող են մասնակցել Հետարտադրական փուլի մրցույթին:

64. Սույն կանոնակարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

65. Սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 (երեք) օրվա ընթացքում այն պետք է հրապարակվի Կինոկենտրոնի պաշտոնական կայքում:

66. Սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո անհաղթահարելի ուժ (Ֆորս-մաժոր) առաջանալու դեպքում սույն կանոնակարգով նախատեսված ժամկետները և/կամ ընթացակարգերը կարող են կասեցվել մինչև անհաղթահարելի ուժի ազդեցության վերացումը: Անհաղթահարելի ուժ (Ֆորս-մաժոր) են համարվում երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն, կարանտին հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնար են դարձնում սույն կանոնակարգով նախատեսված դրույթների կատարումը:

67. Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը տևում է 2 (երկու) ամսից ավելի, ապա հայտարարված մրցույթը կարող է չեղյալ հայտարարվել:

68. Անհաղթահարելի ուժի ազդեցության դեպքում Կինոկենտրոնն իրավունք ունի հաշվետու տարում մրցույթ չանցկացնել կամ անցկացնել սույն կանոնակարգի 4-րդ մասով նախատեսված կարգի և ժամկետների շեղումներով:

69. Սույն կանոնակարգի հավելվածները հանդիսանում են սույն կանոնակարգի անբաժանելի մասը:

70. Սույն կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կարող են իրականացվել Կինոկենտրոնի տնօրենի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի որոշմամբ:

 

 

 

 

 

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը