ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅՆԱՑՄԱՆ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ-ԱՌԱՋԱՐԿ
Հայկական կինեմատոգրաֆը շուրջ հարյուրամյա գոյության ընթացքում զարգացել է բազմաթիվ ընդհարումների և ճգնաժամերի միջով։ Արդյունքում ստեղծվել է բազմաշերտ մի ժառանգություն, որն արժեքավոր է հենց իր ներքին հակասությունների, բևեռացումների և կտրուկ անցումների պատճառով։ Չնայած համեմատաբար փոքր մասշտաբներին, սույն ժառանգությունը դեռ սպասում է իր պատշաճ գնահատականին և ուսումնասիրմանը։
Ընդունելով կինոյի կարևորությունը՝ որպես բարձր մշակույթի ու արդի ազգային ինքնության կայացման առանցքային գործոն, անհրաժեշտ է արմատականորեն վերանայել հայ կինոյի ժառանգության պահպանման, մատուցման և տարածման ներկա ձևաչափերը: Ուստի, Հայաստանի կինոյի հիմնադրամի ժառանգության բաժնի օրակարգը ներառում է հետևյալ գործառույթները.
- Հայաստանում պահվող տարբեր ժապավենային ֆոնդերի ուսումնասիրում, գույքագրում և համակարգում։
- Հայկական կինոյի հետազոտական-տեղեկատվական առցանց շտեմարանի ստեղծում հայերեն-անգլերեն տարբերակով։
- Թվայնացման ու մասնագիտական վերականգման լաբորատորիայի ստեղծում՝ պահպանման և հանրայնացման նպատակների համար։
- Նոր օրենսդրական լծակներ և նախագծեր՝ միտված անկախության շրջանի հայ կինոյի հավաքագրման և պահպանման համար։
- Կինոժառանգության հանրայնացման նախագծեր, որոնց թվում են՝ հայկական դասական ֆիլմերի անգլերեն ենթագրերի ստեղծում, կրթական ձեռնարկներ դպրոցական դասընթացների համար, միջազգային գիտաժողովների կազմակերպում և մասնակցություն, հայ կինոյի պատմությունը ներկայացնող ցուցահանդեսներ, հայ կինոյի պատմությանն ու կինոգործիչներին նվիրված մատենաշար, կինոգիտական ժողովածուներ և այլն։
- Ակտիվ համագործակցական կապերի հաստատում միջազգային տարբեր կինոարխիվների և կինոյի պատմությամբ զբաղվող հաստատությունների հետ։
- Հեռուստատեսային, ինչպես նաև առցանց հարթակների համար պատրաստված կրթական-վերլուծական հաղորդաշարեր։
- Ռուսաստանի կինոարխիվային ֆոնդերում պահվող հայկական ֆիլմերի նեգատիվների բարձրորակ թվային պատճենների ձեռք բերում՝ հետագա վերականգման նպատակներով։
- Հայկական ֆիլմերի վերականգնված տարբերակների վարձույթ՝ փառատոների, առցանց հեռարձակման ծառայությունների, streaming կայքերի և այլ կոմերցիոն նպատակների համար։
Նշված նախագծերը միտված են հիմնովին փոխակերպելու հայ կինոյի ժառանգության հանրային և միջազգային ընկալումները, ինչպես նաև պետական հայեցակարգերը։ Սույն նախաձեռնությունների նպատակն է ստեղծել հիմքային նոր մոդել հայկական կինոժառանգության շարունակական արժևորման, պահպանման ու հանրայնացման համար: