Սեպտեմբերի 27 2022
Հայաստանի կողմից ամերիկյան կինոակադեմիայի «Оսկար» 95-րդ մրցանակաբաշխությանը ներկայացվող վավերագրական անիմացիոն «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան կկայանա Լոս Անջելեսի Animation Is Film կինոփառատոնի մրցութային ծրագրում։
Ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին, ժամը 18:30-ին Հոլիվուդի պատմական TCL չինական թատրոնում, որին կհաջորդի հարց ու պատասխան ռեժիսոր Իննա Սահակյանի հետ:
Ֆիլմը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց Ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը։ Հոլիվուդյան համր ֆիլմում վերամարմնավորելով ինքն իրեն դեռատի աղջիկը կրկին վերապրում է Ցեղասպանության սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել հայկական Եղեռնի մասին։ Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և ինստիտուտի՝ Հայոց Ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա։
Հայ - գերմանա - լիտվական համատեղ արտադրության ֆիլմ (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե։
Հիշեցնենք․ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական մասնակի աջակցություն ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի կողմից:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը