Հոկտեմբերի 24 2023
Հայաստանի ազգային կինոկենտրոնի հրավերով՝ հոկտեմբերի 26-27-ին, Երևան կժամանեն Եվրիմաժի (Eurimages) համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության ամենախոշոր եվրոպական հիմնադրամի նախագահ՝ Քեթրին Թրոտմանը, հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Սյուզան Նյումանը և փորձագետ՝ Իրիս Կադունը։ Հրավերի պայմանավորվածությունը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի և Եվրիմաժի նախագահի միջև, ձեռք էր բերվել դեռևս այս տարվա փետրվարին՝ Բեռլինի կինոշուկայում։ Հայ կինոյի հոբելյանական տարվա առթիվ՝ Եվրիմաժի գործընկերների հրավերը Հայաստան ևս մեկ անգամ ամրապնդում է համգործակցության ու զարգացման ուղին՝ կինոարտադրության եվրոպական առաջատար հիմնադրամի հետ։
Եվրիմաժի պատասխանատուները հոկտեմբերի 27-ին կունենան մեկ հանդիպում-քննարկում հայ կինոարտադրողների հետ։ Եվրոպացի հյուրերը մասնակիցներին կծանոթացնեն Եվրիմաժի գործունեությանը և համատեղ կինոնախագծեր ներկայացնելու ընթացակարգերին: Հանդիպմանը մասնակցելու են նաև հայաստանցի այն կինոարտադրողները, որոնք նախկինում ֆինանսական աջակցություն են ստացել Եվրիմաժից։
Եվրիմաժի պատվիրակության մշակութային ծրագիրը ներառում է այցելություններ՝ Փարաջանովի թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Մատենադարան։
Ի դեպ, սա Եվրիմաժի պաշտոնյաների երկրորդ հայաստանյան այցն է․ առաջինը տեղի է ունեցել 2018 թ. մարտին՝ Երևանում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կայացել են Եվրիմաժի Կառավարման խորհրդի 150-րդ հոբելյանական նստաշրջանի աշխատանքները։
Եվրիմաժին անդամակցելը մեծապես նպաստել է Հայաստանում անկախ կինոարտադրության և համատեղ արտադրության զարգացմանը: Համատեղ ֆիլմարտադրության նախագծերում ներգրավվելով՝ Հայաստանն ինտեգրվում է համաշխարհային և եվրոպական կինոընտանիքին:
Հ․Գ․Եվրիմաժը (Eurimages) համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության ամենախոշոր Եվրոպական հիմնադրամն է, որը ստեղծվել է 1988թ․: Եվրոպական խորհրդի 47 երկրներից 40-ը (Հայաստանը ներառյալ) անդամակցում են Եվրիմաժին: Նախկին խորհրդային հանրապետություններից Եվրիմաժի անդամ են Բալթյան երկրները, Վրաստանը և Ուկրաինան: Ոչ եվրոպական երկրներից Եվրիմաժին անդամակցում են նաև Կանադան և Արգենտինան: Դեռևս 2016 թվականի հունվարից Հայաստանը դարձավ Եվրիմաժի անդամ և կարճ ժամանակահատվածում գրանցեց շոշափելի արդյունքներ։
2016թ. Եվրիմաժից ֆինանսավորում է ստացել հայ-ռուսական համատեղ արտադրության՝ կինոռեժիսոր Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը: Աջակցության գումարը կազմել է 250 հազար եվրո: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2018-ին՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցույթում՝ արժանանալով «Լավագույն ռեժիսոր» մրցանակին:
2017թ. ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է, ստացել է Եվրիմաժի ֆինանսական աջակցություն 200000 եվրոյի չափով: Հայկական կողմի մասնաբաժինը այս ծրագրին կազմել է 20 հազար եվրո («Շարմ» ընկերություն/minority coproduction): «Ֆաբրիկա» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018-ին սեպտեմբերին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:
2018թ. Եվրիմաժից ֆինանսավորում է ստացել ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի ֆրանս-հայ-բելգիական «Երբ որ քամին հանդարտվի» /Si le vent tombe/Should the Wind Drop ֆիլմը (նախագծի աշխատանքային անվանում՝ «Սև այգի, կապույտ երկինք», որի նկարահանման աշխատանքները կայացել են 2018-ի աշնանը՝ Արցախում։ Կինոնախագծին Եվրիմաժի աջակցությունը կազմել է 200000 եվրո: Ֆիլմի 2018թ. ստացել է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությունը: Այն Հայաստանի, Ֆրանսիայի և Բելգիայի համատեղ կինոարտադրություն է։ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը 2020-ին ընդգրկվել է ամենահեղինակավոր՝ Կաննի 73-րդ միջազգային կինոփառատոնի երկու մրցութային անվանակարգերում-la Sélection Officielle du Festival de Cannes և ASID: Այն նաև 2020-ին «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի բացման ֆիլմն էր:
2019թ. Եվրիմաժից ֆինանսավորում է ստացել «Բարս Մեդիա» ընկերության «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության վավերագրական-անիմացիոն կինոնախագիծը (140 հազար եվրո, պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան, ռեժիսոր Իննա Սահակյան), որի առանցքը Հայոց ցեղասպանության թեման է։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2022-ի հունիսին՝ Անսի միջազգային կինոփառատոնում (Ֆրանսիա): Իսկ հայաստանյան պրեմիերան կայացել է վերջերս՝ հուլիսին «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցույթում՝ արժանանալով «Արծաթե ծիրան» մրցանակին: Asia Pasific Screen Award մրցանակաբաշխության լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին։
2021թ. Եվրիմաժից ֆինանսավորում է ստացել 2020 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած «Լուկա» («Ամրոց») կինոնախագիծը (ռեժ. Ջեսսիկա Վուդվորթ): Ֆիլմը Բելգիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Հայաստանի և Բուլղարիայի համատեղ կինոարտադրություն է։ Կինոնախագծին Եվրիմաժի աջակցությունը կազմել է 290 հազար եվրո: Հայկական կողմի պրոդյուսերը՝ Անժելա Ֆրանգյանն է, որը ներկայացնում է DOKINO պրոդյուսերական ընկերությունը: Ֆիլմի գլխավոր դերերից մեկում մեծանուն եվրոպական դերասանների կողքին (Ջերալդին Չապլին) խաղացել է հայազգի Սամվել Թադևոսյանը:
Հարկ է նշել, նաև այն փաստը, որ Եվրիմաժից ֆինանսավորված հինգ հայկական ֆիլմերից չորսը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնից պետական աջակցություն ստացած կինոնկարներ են (բացի «Ֆաբրիկա»-ից)։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը