Օգոստոսի 24 2023
Օգոստոսի 17-ից 21-ը «Հայկական Կինոդար» մարզային ծրագիրը հյուրընկալվեց Սյունիքում: Արդեն սիրված կինոնախագիծը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համատեղ ջանքերով Սյունյաց աշխարհ էր բերել հայ կինոյի սիրված ֆիլմերի ընտրանին, որը ներկայացվեց Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս, Սիսիան համայնքների կինոսիրողների գնահատմանը:
«Հայկական Կինոդար»-ին առանձնահատուկ գրավչություն և ազգային տոնական մթնոլորտ պարգևեց Քաջարանի կինոցուցադրությունները, որի շրջանակում օգոստոսի 18-ին քաղաքային Մշակույթի պալատի և «Քաջարան» կինոթատրոնի համատեղ ուժերով, բացի փոքրերի և մեծահասակների համար կինոցուցադրությունից, կազմակերպվեց նաև տոնական միջոցառում, որի ընթացքում նախկին «Բաղաբերդ» ճամբարի տարածքում վերստին հնչեց հայկական երգն ու պարը և հայկական դուդուկն իր անզուգական մեղեդիներով ազդարարեց տոնական հանդիսության սկիզբը: Եվ քանի որ ցուցադրության ծրագրում ներառված էր նաև «Լավաշ» վավերագրական ֆիլմը, «Նռանե» պարային խմբի սաները ներկայացրեցին լավաշի ստեղծման ընթացքը, իսկ Քաջարանում իր հացերի լայն տեսականիով հայտնի Արփինե Ավետիսյանը պատմեց թթխմորով հացերի օգտակարության մասին: Ըստ էության, տևական դադարից հետո այս միջոցառմամբ Քաջարանում վերադարձան բացօթյա ցուցադրությունների ավանդույթին:
Ինչպես և նախորդ մարզերում, Սյունիքում ևս ցուցադրությունները դարձյալ վկայեցին, որ հայ հանդիսատեսը մեծ ջերմությամբ է սպասում ազգային կինոյի հետ հանդիպմանը:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը