Օգոստոսի 01 2023
«Հայկական կինոդար» մարզային ծրագիրը հուլիսի 25-30-ը հյուրընկալվել էր Լոռու մարզում: Ազգային կինոյի սիրված և լավագույն ֆիլմերի ընտրանին ներկայացվեց մարզի 6 բնակավայրերում՝ Ստեփանավան, Ալավերդի, Ճոճկան, Հաղպատ, Շնող և Վանաձոր, որտեղ հանդիսատեսին ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռվեց վերստին առնչվել ազգային կինոյի սիրված ֆիլմերին:
Հաղպատի մշակույթի տանը հանդիսատեսին անակնկալ մատուցվեց: Հաղպատում նկարահանված «Հաղպատ, Սանահին, Արդվի» (hեղինակ Արմեն Խաչատրյան) վավերագրական ֆիլմի դերակատար, ծագումով հենց Հաղպատից Մարգարիտա Ասլանյանը, որը ինը տարեկանում մասնակցել է ֆիլմի նկարահանումներին, Հայաստանի ազգային կինոկենտրոնի հրավերով մասնակցեց ցուցադրությանը և իր հիշողություններով ու տպավորություններով կիսվեց հաղպատցիների հետ:
Կինոսիրողներին ևս մեկ անակնկալ էր սպասվում արդեն Վանաձորում։ Այստեղ հանդիպմանը առանձնահատուկ ջերմ մթնոլորտ ստեղծեց Աբելյանի թատրոնի 93-ամյա դերասանուհի Ռոզա Մխիթարյանը, որը խաղացել է այդ օրը ցուցադրված Արամ Շահբազյանի «Մոսկվիչ իմ սեր» ֆիլմում: Հանդիպմանը նաև ներկա էր ֆիլմում նրա խաղընկեր Արթուր Պապիկյանը:
Բացի կինոցուցադրություններից, Կինոկենտրոնի աշխատակցուհի Անահիտ Թադևոսյանի նախաձեռնությամբ Ստեփանավանի և Ալավերդու քաղաքային գրադարաններին նվիրվեցին կինոթարգմանիչ, թարգմանիչ, բանաստեղծ Վարոս Հովակիմյանի «Ձայնագիր մատյան» չափածո գործերի, ժողովածուն և կինոխմբագիր, գրող Անահիտ Արփենի «Անահիտի աղբյուրը» փաստագրական պատմավեպը, «Երազ իմ երկիր հայրենի» հայրենասիրական բազմաժանր գրվածքների ժողովածուն, «Պատմվածքներ» երիտասարդական պատմությունների ժողովածուն և «Կարդա, ներկիր, սովորիր» մանկական գիրք-ալբոմը:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը