Հունիսի 12 2023

Այս տարվա հունիսի 12-ից 18-ը տեղի կունենա «Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնը»: Փառատոնը ֆրանսախոս շվեյցարիայի խոշորագույն մշակութային միջոցառումներից է, որն ամեն տարվա հունիսին, մեկ շաբաթվա ընթացքում, ներկայացնում է Մարոկոյից մինչև Հնդկաստան և Կենտրոնական Ասիա ընկած տասնյակ երկրների կինեմատոգրաֆիկ նորագույն և լավագույն գործերը:

 

Փառատոնի խորհրդի անդամ և Շվեյցարիայում Հայաստանի նախկին առևտրական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ Հայաստանն այս տարվա փառատոնին ներկայացված կլինի հատուկ կարգավիճակով: 2023 թվականին լրանում է հայկական կինեմատոգրաֆի 100-ամյակը, որը փառատոնի շրջանակներում մեծ շուքով կնշվի հունիսի 17-ին հայտարարված «Հայկական օրվա» միջոցով:

 

Այդ օրը կներկայացվեն միջազգային բազմաթիվ փառատոների մասնակցած ու մրցանակներ շահած հայկական արտադրության երկու ֆիլմեր`ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացին» և Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը»: Առաջինն ամեիկահայ Միքայել Ա. Գուրջյանի գլուխգործոցն է, որն ընդգրկված է մրցութային ծրագրում (competition-officielle-en - FIFOG 2023): Ֆիլմը պատմում է 20-րդ դարի քառասունական թվականներին Ամերիկայից Սովետական Հայաստան հայրենադարձ եղած Չարլիի (գլխավոր դերում նույնպես Միքայել Գուրջյանն է) պատմությունը, ով վերադարձից շատ կարճ ժամանակ անց աբսուրդային մեղադրանքով հայտնվում է բանտում: Անսահման համբերության, հույսի և հայրենասիրության շնորհիվ Չարլին հաղթահարում է իրեն բաժին ընկած փորձությունը և յուրահատուկ ճանապարհով ինտեգրվում իր հին-նոր հայրենիքում:

 

Ծագումով արցախցի Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» պատմում է գերմանացի հայտնի ֆոտոլրագրողի և արցախցի օպերային երգչուհու ռոմանտիկ արկածը, որը տեղի է ունենում 2016 թվականի քառօրյա պատերազմի ֆոնին: Եվրոպացի լրագրողի աչքերով Արցախն հանդիսատեսին է ներկայանում յուրահատուկ ջերմ գույներով` որպես եվրոպական մշակութային մեծ ընտանիքի անբաժան մասնիկ, իսկ արցախցիները` սիրով, ավանդույթով ու հայրենասիրությամբ լի կենցաղի կրողներ:

 

«Հայկական օրվա» ընթացքում Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպելու է ընդունելություն, որի ընթացքում ֆիլմերի ստեղծագործական թիմերը կներկայացնեն իրենց աշխատանքը, հայկական կինեմատոգրաֆի ներկա վիճակը և հեռանկարները: «Հայկական օրն» արդեն արժանանում է շվեյցարական խոշոր լրատվամիջոցների ուշադրությանը` շվեյցարացիների համար բացահայտելով հայկական մշակույթի և կինոարվեստի թաքնված հարստությունը:

 

Հայաստանում միջոցառմանը մասնակցության կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

escs.am

 

Անհրաժեշտ տեղեկատվական նյույթեր՝

 

Շվեյցարիայի խոշորագույն ֆրանսախոս հեռուստատեսություններից մեկով հիմնական լրատվական ծրագիր ուղիղ եթեր` 

https://www.lemanbleu.ch

Ֆրանսախոս Շվեյցարիայի խոշորագույն թերթը`

https://www.tdg.ch

Փառատոնի կատալոգ Հայկ Հովհաննիսյանի բացման խոսքով`

https://www.fifog.com

Միջոցառման տոմսարկղ`

https://www.cinemas-du-grutli.ch

Ֆեյսբուքի գովազդ`

https://m.facebook.com

 

 

 

 

 

 

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը