Օգոստոսի 13 2022

Չնայած արդեն 29 տարի մեզ հետ չէ համազգային սեր ու գնահատանք վայելող մեծ Արտիստը՝ Մհեր Մկրտչյանը, սակայն նրա տաղանդն ու հիշատակը շարունակում են միավորել տարբեր ժողովուրդներին, որոնց մշակույթին ու կինոյին անմիջական առնչություն է ունեցել սիրված դերասանը: Քաջարանի մշակույթի պալատի և ֆիլմի ստեղծագործական կազմի նախաձեռնությամբ օգոստոսի 11-ին «Քաջարան» կինոթատրոնում տեղի ունեցավ «Մհեր Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Մինչև ցուցադրությունը նախասրահում տեղի ունեցավ Արտիստի արխիվային լուսանկարների հավաքածուի ցուցահանդեսը, որն ուղեկցվում էր համերգային ծրագրով:

 

Ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հիմնադիր Ռանանջայ Անանդի, «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատի» հիմնադիր և ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Բեժիտաշվիլիի և ռեժիսոր Օթար Միքելաձեի ջանքերով: Միջոցառումն իրականացվեց ԶՊՄ-ի, Քաջարանի մշակույթի պալատի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Միջոցառման հյուրերն էին ֆիլմի ստեղծագործական թիմը՝ Դավիթ Բեժիտաշվիլին և Օթար Միքելաձեն, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հիմնադիրն ու անդամները, Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը, Մհեր Մկրտչյանի թանգարանի աշխատակից՝ Ալեքսանդր Այվազյանը  և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչները:

 

Ֆիլմը, որը սիրո անկեղծ խոստովանություն է մեծ Արտիստի հիշատակին, դահլիճն ընդունեց խանդավառ ոգևորությամբ ու մեծ ջերմությամբ, մեկ անգամ ևս վերահաստատելով, որ մշակույթը ջնջում է ազգերին տարանջատող բոլոր սահմանները և սիրելի դերասանն այսօր էլ շարունակում է ամրապնդել հայ, հնդիկ և վրացի ժողովուրդների բարեկամությունը:

 

Ֆիլմի ցուցադրությունն իրականացավ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աջակցությամբ։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը