Մայիսի 27 2022
2022թ. մայիսի 17-ից 25-ը տեղի ունեցավ Կաննի ամենամյա միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող Marche՛ du Film կինոշուկան։ Այն աշխարհում հայտնի է որպես ամենապահանջվածն ու մասշտաբայինը՝ միջազգային գործընկերների ձեռքբերման, տարբեր կառույցների և հիմնադրամների հետ պաշտոնական հարաբերությունների ձևավորման ու ամրապնդման, տեսաձայնային արվեստի խթանման, համատեղ արտադրության, ինչպես նաև տարբեր կինոնախագծերի և վերականգնողական ծրագրերի ֆինանսավորման աղբյուրների որոնման համար:
Կաննի միջազգային կինոշուկայի մասնակցության ընթացքում Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատվիրակությունը ունեցել է բազմաթիվ կարևոր հանդիպումներ ինչպես սեփական տաղավարում, այնպես էլ այլ երկրների տաղավարներում, որոնց արդյունքում ձեռք են բերվել մի շարք կարևոր համաձայնություններ հատկապես 2023թ.-ին Հայ կինոյի 100-ամյակի շրջանակներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ, հայկական կինոժառանգության պահպանման, վերականգնման, տարածման ու հանրահռչակման վերաբերյալ:
Տեղի են ունեցել հանդիպումներ՝ Կաննի քաղաքապետ Դեվիդ Լիսնարդի հետ՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ: Ֆրանսիայի կինոարխիվի (Cinémathèque Française) ծրագրերի ղեկավար Ժան Ֆրանսուա Ռոժեի հետ: Կաննի փառատոնի Կանն Կլասիքս բաժնի ղեկավար պարոն Ժերալդ Դյուշասոյի հետ: Ֆրանսիական МК2 կազմակերպության ներկայացուցչի հետ: Բոլոնիայի կինոարխիվի (Cineteca di Bologna) հատուկ նախագծերի և հետազոտության բաժնի ղեկավար, Բոլոնիայի արխիվային ֆիլմերի կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն (Il Cinema Ritrovato), ինչպես նաև Սկորցեզե կինոհիմնադրամի ներկայացուցիչ Չեչիլիա Չենչիարելիի հետ: Բրիտանական Կինոկլասիկա հիմնադրամի հիմնադիր տնօրեն Ժուստին Վադելի հետ: Համո-Բեկնազարով նախագծի կուրատոր Դենիել Բըրդի հետ: Ֆարաբի կինոֆոնդի միջազգային կապերի բաժնի պետ՝ Ռայեդ Ֆարիդզադեի հետ։ Լիտվայի կինոկենտրոնի տնօրեն Լիամոնաս Ուբավիչուսի հետ: Կինո և աուդիովիզուալ ոլորտի մասնագիտական թրեյնինգների FOCAL հիմնադրամի տնօրեն Տամարա Տատիշվիլիի հետ: Հանդիպում Իսրայելի «Ռաբինովիչ կինոհիմնադրամ»-ի միջազգային հարաբերությունների գծով տնօրեն՝ Օսնաթ Բուկոֆզերի հետ: Սլովենիայի կինոկենտրոնի տնօրեն Նատաշա Բուկարի և Մոնտենեգրոյի Կինոկենտրոնի տնօրեն Ալեկսանդրա Բոզովիչի հետ: Հանդիպում Ֆարաբի կինոֆոնդի միջազգային կապերի բաժնի պետ՝ Ռայեդ Ֆարիդզադեի հետ։ Հանդիպում Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի գործադիր տնօրեն Սյուզան Նիկոլտչևի և կինոշուկայի վերլուծաբան Պատրիզիա Սիմոնեի հետ: Հնդկաստանի IIFTC կազմակերպության ներկայացուցիչ պարոն Հարշաթ Բհագվաթի հետ։ Հանդիպում Festival Pro Scope հարթակի ներկայացուցիչ Ջեյմս Այլվարդի հետ: Հանդիպում PZAZ TV ներկայացուցչի հետ: Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
Կինոշուկային մասնակցելու նախաշեմին Հայաստանի ազգային կինոկենտրոնը պատրաստեց «Հայկական ֆիլմեր 2021/2022» ինտերակտիվ կատալոգը, որտեղ ներկայացվում են 2021-2022թթ. պետական ֆինանսավորում ստացած զարգացման, արտադրական, հետարտադրական և տարածման փուլերում գտնվող լիամետրաժ, կարճամետրաժ և անիմացիոն կինոնկարներ ու կինոնախագծեր, ինչպես նաև պատրաստվեց Marche՛ du Film 2022 առցանց հարթակը, որտեղ առանձին բաժիններով ներկայացված են Հայաստանի տեսարժան վայրերը որպես ֆիլմարտադրության համար գրավիչ երկիր, Կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած ֆիլմերը, առանձին էջերով անդրադարձ է եղել հայկական ֆիլմարտադրությանն ու կինոժառանգության պահպանմանը և այլն:
Մայիսի 19-ին հայկական տաղավարում տեղի ունեցավ կինոշուկայում ավանդական դարձած Happy Hour հյուրասիրություն՝ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի և Մարսելում Հայաստանի հյուպատոս պարոն Սամվել Լալայանի ներկայությամբ: Հեփի Աուըր (Happy Hour) հյուրասիրության օրվա ընտրությունը Կինոկենտրոնի կողմից խորհրդանշական էր: Մայիսի 19-ին լրացավ հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի 130-ամյակը, որն էլ նշվեց այդ օրը հայկական տաղավարում և ցուցադրվեց Կինոկենտրոնի կողմից պատրաստած Բեկնազարյանի ֆիլմերի հատվածներից հոլովակ:
Հայկական տաղավարը մարդաշատ էր, ներկա էին ինչպես նախապես միջոցառմանը հրավիրված գործընկերներ, միջազգային կազմակերպությունների և ֆոնդերի ներկայացուցիչներ, այնպես էլ ոլորտի ներկայացուցիչներ տարբեր երկրներից:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը