Ապրիլի 26 2022

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը ապրիլի 26-ին ստորագրեցին համագործակցության Հուշագիր։ Երկու կառույցների (ՊՈԱԿ) պատասխանատուների խոսքերով, սույն Հուշագիրը ենթադրում է երկարաժամկետ համագործակցություն՝ Ազգային արխիվի Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղում պահպանվող հայկական կինոնկարների (խաղարկային, վավերագրական, անիմացիոն, խրո­նիկալ) պահպանման, թվայնացման և հանրահռչակման ուղղությամբ։

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շ․ Միրզախանյանի  խոսքով, Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին ընդառաջ, համագործակցությունը կսկսեն անցյալ դարասկզբի հայկական կինոարտադրանքի՝ Համո Բեկնազարյանի համր ֆիլմերի (ժապավենների) վերականգնման, թվայնացման աշխատանքներից։ Նրա համոզմամբ, անելիքները շատ են և չափազանց կարևոր, և այս Հուշագրի ստորագրումը մեծապես նպաստելու է այդ աշխատանքներին։

 

Գրիգոր Արշակյանն էլ շեշտեց, որ Կինոֆոտոֆոնո արխիվում պահպանվող հազարավոր նյութեր կարիք ունեն լուրջ ուսումնասիրության և հանրայնացման։ Համապատասխան հնարավորությունների առկայության պարագայում այդ ամենը պետք է ի մի բերել, քանի որ նպատակը մեկն է պետության շահը, իսկ մեր երկկողմ մտադրությունները այս պարագայում լիովին համընկնում են։

 

Որպես Հուշագրի ստորագրման խորհուրդ, Ազգային արխիվի տնօրենը՝ Գրիգոր Արշակյանը Ազգային կինոկենտրոնին նվիրաբերեց 1923 թվականի ապրիլի 16-ին Հայ կինոյի ստեղծման որոշման պատճենը։

 

Հուշագրի ստորագրմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ՝ Սվետլանա Սահակյանը, գլխավոր մասնագետ Լուսինե Սարգսյանը, Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյու­ղի վարիչ՝ Ավագ Հարությունյանը։

   

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը