Դեկտեմբերի 18 2021

Ուրախ ենք տեղեկացնել, որ Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի հավաքածուում ներառելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 15-ին կայացավ Ս. Փարաջանովի «Տրիպտիխ»-ի` «Կիևյան որմնանկարներ» (1966թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» 1985թ.) վերականգնված ֆիլմերի նոր 35մմ ժապավենների հանձնման արարողությունը: Նշենք, որ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան»-ը (1967թ.) առաջին հայկական ֆիլմն է, որն ընդգրկվեց թանգարանի հավաքածուում:

Նույն օրը Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի ազգային թանգարանի (Musée National d’Art Moderne) սրահում տեղի ունեցավ ֆիլմերի ցուցադրությունը: Բացման խոսքով հանդես եկավ Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի ազգային թանգարանի տնօրեն՝ Քսավիե Ռեյը: Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Ֆրանսիայում Հայստանի դեսպան տիկին Տոլմաջյանը: Ս. Փարաջանովի երեք ֆիլմերի վերականգնման ամբողջ ընթացքը պրեզենտացիայի միջոցով պատկերավոր ներկայացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործընկեր, «Հայ կինոյի դասականներ» ծրագրի կուրատոր և ֆիլմերի վերականգնման փորձագետ` Դանիել Բըրդը: Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և ՀԲԸՄ ֆրանսիայի մասնաճյուղի ներկայացուցիչները:

 

Ֆիլմերի ցուցադրությունը տեղի ունեցավ ջերմ մթնոլորտում, անգամ համավարակի պայմաններում բոլոր տոմսերը վաճառվել էին և դահլիճը լեփ-լեցուն էր:

 

Հիշեցնենք. Ֆիլմերը վերականգնվել են «Հայկական կինոյի դասականներ» նախագծի շրջանակներում Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Համո Բեկնազարով նախագիծ» կազմակերպության կողմից: Վերականգնումը հովանավորել են «Ֆիքսաֆիլմ» և «Կինոկլասիկա» կազմակերպությունները: Վերականգնված ֆիլմերի նոր` 35մմ ժապավենային պատճենների տպագրությունը հովանավորել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը /ՀԲԸՄ/` Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Պոմպիդու կենտրոնի, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի (MoMA), Դովժենկո կենտրոնի և Վրաստանի կինոստուդիայի մշտական արխիվային հավաքածուների համար:

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը