Նոյեմբերի 17 2021

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսական աջակցություն ստացած, ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմն իր փառատոնային ճանապարհին մեծ հաջողություններ գրանցեց՝ Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնում հաղթող ճանաչվելով միանգամից չորս անվանակարգերում՝ «Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ»:

 

Ռեժիսորի խոսքով՝ «Դրախտի դարպասը» ֆիլմ է ավելի շատ` հայացքը դրսից դեպի Արցախը: Երկար սպասումից հետո՝ սեպտեմբերի 17-ին, Լոս Անջելեսի «Ալեքս» կինոթատրոնում, հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ կայացավ «Դրախտի դարպասը» ֆիլմի առաջնախաղը, որով սկսվեց ֆիլմի միջազգային ցուցադրությունների շարքը: Ամերիկյան պրեմիերայից հետո ֆիլմը ցուցադրվեց Բելգիայի Գենտ քաղաքում, Դետրոյթում, հոկտեմբերի 8-ին՝ Նյու Ջերսիի Սուրբ Լևոն եկեղեցում, հոկտեմբերի 10-ին՝ Բոստոնի West Newton Cinema-ում։ Հոկտեմբերի 15-ին Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանի հովանո ներքո, Տորոնտոյի «Յորք» կինոթատրոնում տեղի ունեցավ ֆիլմի նաև կանադական պրեմիերան, և նույն օրը մեկնարկեց ֆիլմի ցուցադրությունների շարքը՝ Մոնրեալի Cinémas Guzzo Méga-Plex Sphèretech-ում:

 

Հետաքրքրական է այն, որ կինոդիտողների մեծ լսարանի շնորհիվ ֆիլմի ցուցադրությունները Cinémas Guzzo-ում երկու անգամ երկարաձգվեցին։ Ցուցադրությունները շարունակվեցին հոկտեմբերի 24-ին՝ Վաշինգտոնի (Կոլոմբիայի շրջան) Սուրբ Խաչ եկեղեցում, հոկտեմբերի 27-ին՝ Սակրամենտոյում, հոկտեմբերի 28-ին՝ Սան Ֆրանցիսկոյի Elmwood Theater-ում:

 

«Դրախտի դարպասը» ֆիլմը Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրների համատեղ արտադրություն է․ Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ։

 

Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկվել են Ռիխարդ Զամելը՝ Գերմանիայից, Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցևասը՝ Լիտվայից, Նաիրա Զաքարյանը՝ ԱՄՆ-ից, Սոս Ջանիբեկյանը՝ Հայաստանից և այլ սիրված դերասաններ Հայաստանից և արտերկրից։ Նկարահանումներն իրականացվել են Արցախում և Լիտվայում։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը