Հոկտեմբերի 26 2021
Երևանում՝ հոկտեմբերի 29-31-ը, տեղի կունենա «Ազգային» կինո՝ համամարդկային ժառանգություն. վերանայման, պահպանության և հանրայնացման խնդիրներ թեմայով եռօրյա գիտաժողով:
Միջազգային գիտաժողովը կազմակերպվում է ի պատիվ ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան) 100-ամյակի, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց և 2020 թվականի կարևոր իրադարձությունների օրացույցում: Թուրքիայում ծնված և 1924 թվականին ընտանիքով Ֆրանսիա տեղափոխված Վերնոյի ստեղծագործական ուղին ծավալվել է ֆրանսիական «հանդիսանքային» կինոյի համատեքստում, որի վառ օրինակներից են ռեժիսորի ավելի քան քառասուն կոմերցիոն ֆիլմերը: Վերնոյը դիմեց հայկական թեմատիկային իր գործունեության մայրամուտին՝ 1991-ին ստեղծելով իր հանրահայտ ինքնակենսագրական դրաման՝ «Մայրիկը», որը դարձավ նաև սփյուռքահայ կինոյի նշանավոր երկերից մեկը։
Օգտագործելով Անրի Վերնոյի ժառանգությունը և խորհրդային հանրապետությունների կինեմատոգրաֆների հետագիծը որպես ելակետեր, գիտաժողովը նպատակ ունի անդրադառնալու այս երկակի երևույթներին՝ իբրև «ազգային» կինոյի ձևակերպումները խնդրականացնող ժառանգություն։
Ավանդաբար դիտվելով որպես մեկուսացված երևույթներ, որոնք զարգացել են միջազգային կինոյի լուսանցքներում, ԽՍՀՄ-ում և սփյուռքում ստեղծված «փոքրամասնական» կինոն հաճախ դուրս է մնացել իշխող պատումներից և կազմերից և մնացել որպես գերազանցապես տեղային հետաքրքրություն ներկայացնող երևույթ: Այս ընկալումներն արգելափակում են միջմշակութային հարուստ գործընթացները, որոնց միջոցով «փոքրամասնական» ազգային կինոն զարգացել և ազդեցություն է ունեցել ազգային սահմաններից անդին:
Հաճախ դասակարգվելով որպես զուտ տեղական երևույթ, Հայաստանի պես երկրներում արտադրված ֆիլմերը դուրս են մնում գլխավոր արխիվների, թանգարանների և փառատոնների շրջանակներից, ինչը զգալիորեն սահմանափակում է դրանց վերականգնման, հասանելիության և ավելի լայն շրջանառության հնարավորությունները:
Փորձելով միջդիսցիպլինար և քննադատական երկխոսություն բացել ազգային և «փոքրամասնական» կինեմատոգրաֆի առանցքային հարցերի շուրջ, գիտաժողովը կներգրավի խորհրդային, սոցիալիստական և սփյուռքի կինոյի ժառանգությունների հետ աշխատող շուրջ 15 կինոգետների, կինոքննադատների, հետազոտողների և կինոարդյունաբերության մասնագետների Հայաստանից և արտերկրից։
Եռօրյա գիտաժողովը կանցկացվի անգլերենով և հայերենով՝ համաժամանակյա թարգմանությամբ: Դրա շրջանակներում նաև տեղի կունենա հատուկ հանդիպում - զրույց Անրի Վերնոյի որդի՝ Պատրիկ Մալաքյանի հետ, կկազմակերպվի Վերնոյի առավել նշանավոր ֆիլմերի կինոպաստառների ցուցադրություն և կներկայացվի նրա 1969 թվականի «Շաբաթավերջը Զյույդկոտում» պատերազմական ֆիլմը։ Միջոցառման արդյունքները կամփոփվեն Ազգային կինոկենտրոնի կողմից թողարկված ժողովածուում, որում կզետեղվեն գիտաժողովում ներկայացված զեկույցները:
Գիտաժողովի ծրագիրը և ժամանակացույցը
Հոկտեմբերի 29․
Օր 1-ին՝ զեկույցներ․
Սփյուռքը և հայկական կինոյի ձևակերպման խնդիրները
11։15 - Բացման խոսք (Շուշանիկ Միրզախանյան, Վիգեն Գալստյան)
12:00 - Կարեն Ավետիսյան (Հայաստան, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ) «Անրի Վերնոյի ոդիսականը» (հայերեն)
12:30 - Ընդմիջում
13։30 - Արբի Հովհաննիսյան (Ֆրանսիա, ռեժիսոր, կինոյի և թատրոնի պատմաբան) «Հայկական շարժարվեստի պատմություններ կազմելիս. խնդիրներ և մոտեցումներ» (անգլերեն)
14։30 - Մարյանա Պիսկովա (Բուլղարիա, Հարավ-արևմտյան համալսարան, Բլագոևգրադ) «Հայ էմիգրանտ Արշավիր Շախատունու մասին, ով 1928-ին Բուլղարիայում նկարահանեց ֆրանսիական «Անդրանիկ» ֆիլմը» (ռուսերեն)
15:00 - Ընդմիջում
15։15 - Հայկ Համբարձումյան (Ֆրանսիա, կինոգիտության թեկնածու, Սորբոնի համալսարան) «Հայկական անցումը Երվանդ Ջանիկյանի և Անջելա Լուչիի ֆիլմերում և դրա մեսիական անդրադարձները» (անգլերեն)
15։45 - Դանիել Բըրդ (Ֆրանսիա/Լեհաստան, անկախ կինոգետ, համադրող) «Կողմնակի ցուցադրություն դեպի անդունդ ընկած ճանապարհին. թե ինչու՞ պետք է Ստիվեն Սայադյանի ֆիլմերը ընդգրկված լինեն Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում» (անգլերեն)
16։20 - Արծվի Բախչինյան (Հայաստան, բանասիրական գիտությունների թեկնածու) «Հայ կինոյի նախապատմության և սփյուռքահայ կինոյի պատմության նորագյուտ էջեր» (հայերեն)
17։00 - Ավարտ
18։30-22։00 Անրի Վերնոյի ֆիլմերի պաստառների ցուցադրության բացում և «Շաբաթավերջը Զյույդկոտում» ֆիլմի ցուցադրություն Մոսկվա կինոթատրոնում
Հոկտեմբերի 30.
Օր 2-րդ՝ զեկույցներ․
Վերընթերցելով խորհրդային կինոն և վերաիմաստավորելով ետ-խորհրդային կինո-արխիվը
11։15 - Վալերի Պոզներ (Ֆրանսիա, կինոգետ, Ռուսական, Կովկասյան և Կենտրոնական Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն) «Համո Բեկնազարյանի «Նամուսը», որպես հայ կինոյի կազմավորման բազմաշերտ քաղականության դրսևորում» (անգլերեն)
11։40 - Անրի Վարթանով (ԱՄՆ, կինոգիտության մագիստրոս, Քոլամբիա համալսարան) «Չեղարկված քարավան, վերակառուցված ֆիլմ. բացահայտելով Համո Բեկնազարյանի «Երկրորդ քարավանի» առեղծվածները» (անգլերեն)
12։20 - Վիգեն Գալստյան (Հայաստան, PhD, Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար) «Տեսնել ուրիշին. հայ կինոյի բազմամշակութային և հետ-գաղութային հետագծերի վերծանումը» (անգլերեն)
12:50 - Ընդմիջում
13։30 - Սոնա Կարապողոսյան (Հայաստան, կինոքննադատ) «Հայ կինոյի միջազգայնացումը և փառատոնային քաղաքականության ձևավորումը 20-րդ դարի երկրորդ կեսին» (հայերեն)
14։30 - Հաննա Սթեյն (Ավստրիա, Գրացի համալսարան, գիտությունների թեկնածու) «Ավելին, քան դիլետանտներ. Ինչո՞ւ է սիրողական կինո գործունեությունը և արտադրանքը կարևոր՝ որոշ օրինակներ Հարավսլավական կինոյի պատմությունից» (անգլերեն)
15։00 - Ջեյմս Շթեֆեն (ԱՄՆ, PhD, Էմորի համալսարան) «Թաքնված, բայց ոչ մոռացված. «Նռան գույնի» հիմնական մոնտաժում չօգտագործված տեսարաններն ու կադրերը» (անգլերեն)
15։30 - Սուսաննա Հարությունյան (Հայաստան, կինոգետ, Կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի նախագահ) «Հայկական կինոժառանգության ցուցակագրման առաջին մեթոդական փորձը» (հայերեն)
16։00 - Գարեգին Զաքոյան (Հայաստան, կինոյի պատմաբան) «Ժառանգություն և ժառանգորդները. ի՞նչ կինոժառանգություն ենք ստացել և ինչպե՞ս ենք այն տնօրինում» (հայերեն)
16:30 - Ջասթին Վադել (Միացյալ Թագավորություն, «Կինոկլասիկա» հիմնադրամի տնօրեն) «Պահպանելով և կիսելով «փոքրամասնական» կինոժառանգությունները» (անգլերեն)
17։00 - Ավարտ
Հոկտեմբերի 31․
Օր 3-րդ՝ զեկույցներ․
Պանելային քննարկումներ, հանդիպումներ
11։30 - Անրի Վերնոյ/Աշոտ Մալաքյան. Զրույց-հանդիպում Պատրիկ Մալաքյանի հետ. վարող՝ Կարեն Ավետիսյան
12։30 - Սփյուռքյան կինոժառանգություն. Բանախոսներ՝ Շագա Յուզբաշյան (Ֆրանսիա, կինոգետ), Արծվի Բախչինյան (Հայաստան, կինոյի պատմաբան), վարող՝ Վիգեն Գալստյան
13։30 - Ընդմիջում
14։00 - Կինոժառանգության թվայնացում և վերականգնում. արդի խնդիրներ. Բանախոսներ՝ Դանիել Բըրդ (Ֆրանսիա, կինոգետ, համադրող), Ջեյմս Սթեֆեն (ԱՄՆ, կինոգետ), Լուկաշ Չերանկա (Լեհաստան, «Ֆիքսաֆիլմ Լեհաստան» կազմակերպության տնօրեն), վարող՝ Մելիք Կարապետյան
15։00 - Խորհրդային ժառանգություն՝ ազգային կինոարխիվներ. Բանախոս՝ Օլեքսանդր Տելյուկ (Ուկրաինա, Դովժենկո կենտրոնի համադրող), վարող՝ Վիգեն Գալստյան
16։00 - Խորհրդային կինոժառանգության միջազգայնացում. Բանախոսներ՝ Ջասթին Վադել (Միացյալ Թագավորություն, «Կինոկլասիկա» հիմնադրամ), Արբի Հովհաննիսյան (Ֆրանսիա, կինոյի պատմաբան), Սուսաննա Հարությունյան (Հայաստան, կինոգետ), վարող՝ Մելիք Կարապետյան
17։00 - Գիտաժողովի ավարտ
ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Հիմնական գործընկերներ՝
ՅՈՒՆԵՍԿՕ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն
Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն
Մոսկվա կինոթատրոն
Գաստրոգործընկերներ՝ ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ, ԱՎԵՆՅՈւ ԴԵ ՓԱՐԻԶ, Գուրմէ Դուրմէ
Հյուրընկալող գործընկեր՝ Անի Գրանդ Հոթել
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը