Հուլիսի 12 2021

Երկու հրաշալի նորություն ռեժիսոր Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմից.

Ֆիլմն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր SITGES (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի Anima't՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի» բաժնում: Փառատոնը կկայանա 2021 թ․ հոկտեմբերի 7-ից-17-ը Սիտխես քաղաքում: Ուրախալի է այն փաստը, որ Ամերիկյան կինոակադեմիան Կատալոնիայի ֆանտաստիկ և սարսափ ժանրի ֆիլմերի Սիտխես կինոփառատոնը որակել է որպես «Կվալիֆիկացված կինոփառատոն»: Դա նշանակում է, որ այն կարճամետրաժ կինոնկարները, որոնք հաղթելու են «Fantàstic Selection» պաշտոնական մրցույթում` «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» և «Anima’t» կատեգորիայում` «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգերում՝ ուշադրության են արժանանալու Օսկար մրցանակաբաշխության կոմիտեի կողմից:

Սա արդեն «Օսկարի» որակավորում ունեցող երկրորդ կինոփառատոնն է, որին մասնակցում է «Կաֆկայի երազը»: Մյուս կարևոր նորությունն այն է, որ Ֆիլմն ընդգրկվել է իսպանական Սեգովիա քաղաքում անցկացվելիք անիմացիայի, վիդեոխաղերի, նոր ԶԼՄ-ների միջազգային «Weird Market»13-րդ կինոշուկայում, որը տեղի կունենա 2021 սեպտեմբերի 24-ից - հոկտեմբերի 3-ը: Կինոշուկային մասնակցելու համար ընտրված 100 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը հասանելի կլինեն գրանցված պրոֆեսիոնալ մասնագետների, կարճամետրաժ ֆիլմերի դիստրիբյուտորների, գնորդների և ծրագրավորողների համար ստեղծված Festhome.tv հատուկ թվային հարթակում: Բացի այդ, այս միջազգային հավաքածուն կընդգրկվի կատալոգում, որտեղ կնշվի ֆիլմերի մասին հիմնական տեղեկատվություն՝ սինոփսիս, լուսանկարներ, կոնտակտային տվյալներ:

Ֆիլմի համակարգչային գրաֆիկան և անիմացիան` «Վարդազարյան-ստուդիոյի», հեղինակ և ռեժիսոր` Դավիթ Բաբայան, գլխավոր պրոդյուսեր` Արմինե Հարությունյան, գործադիր պրոդյուսեր և ֆիլմի սուպերվայզեր` Արամ Վարդազարյան, ֆիլմի նկարիչ` Գագիկ Բաբայան, կոմպոզիտոր` Անդրանիկ Բերբերյան

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը