Հուլիսի 08 2021

Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2021 թվականի հուլիսի 6-15-ը աշխատելու է Կաննի կինոփառատոնի շրջանակում անցկացվող ամենամյա Marché du Film-ում՝ առցանց-տաղավարով (հեռավար)։ Ֆիլմերի առք ու վաճառքով, դիստրիբուցիայով զբաղվող աշխարհի ամենահին ու խոշոր այս կինոշուկան 2021թ․ աշխատելու է հիբրիդային (խառը) եղանակով (մասնակիցները կարող են ներկա գտնվել շուկայում կամ աշխատել հեռավար)։ Հայաստանն այս տարի ընտրեց մասնակցության առցանց ձևաչափը, որի նպատակով էլ չափազանց սեղմ ժամկետներում՝ աշխատանքային թիմը պատրաստեց առանձին օնլայն էջ (տաղավար) Marché du Film-ի կայքում:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները գտան, որ Հայաստանի մասնակցությունը Կաննի կինոշուկային կարևոր և պարտադիր է: Սակայն, պայմանավորված երկրում առկա ծանր իրավիճակով (հետպատերազմական և ֆինանսական)՝ որոշում կայացվեց 2021թ. կինոշուկայում ունենալ առցանց ներկայություն:

Marché du Film-ում առցանց էջի տարածքի, օնլայն տաղավարի, օնլայն կատալոգի ֆինանսական ծախսերը հոգացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Marché du Film-ի հայկական հարթակը հնարավորություն կընձեռի Կաննի կինոշուկայում հավատարմագրված մասնագետներին ծանոթանալու հայկական կինոարտադրանքին, միաժամանակ հետադարձ կապի և օնլայն-հարթակում տեղ գտած ինֆորմացիայի միջոցով անմիջական կապ հաստատել ֆիլմերի պատասխանատուների հետ։

 

Marché du Film կայքում տեղադրված հայկական առցանց էջը (տաղավար) միաժամանակ ակտիվ հղումով կապված է կինոկենտրոնի կայքի և CINANDO հարթակի հետ։ Հայկական էջը ունի մի քանի բաժիններ, այդ թվում՝ 2020-2021թթ․ Հայաստանի ազգային կինոկենտրոնից աջակցություն ստացած ֆիլմերի ընդարձակ Կատալոգ՝ տարբեր արտադրական փուլերում գտնվող 73 կարճամետրաժ, լիամետրաժ, անիմացիոն կինոնկարներ:

Հայկական ֆիլմեր բաժնում ընտրված են լիամետրաժ (ավարտված) և հետարտադրական փուլում գտնվող 12 աշխատանք: Էջն ունի նաև Հայկական փառատոներ, Կինոժառանգություն և Հայաստանի տեսարժան վայրեր (լոքեյշններ) բաժինները:

Նշենք, որ կինոշուկայի համար պատրաստված կատալոգը ամբողջովին ինտերակտիվ է: Առցանց էջից կարող են օգտվել միայն Կաննի կինոշուկայում հավատարմագրված անձինք՝ վաճառքի մասնագետները, դիստրիբյուտորները և այլք։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը