Դեկտեմբերի 14 2024
ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել են ղազախական ֆիլմերի օրերը: Կինոյի տանը տեղի ունեցած բացման միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը:
Հայաստանում ղազախական ֆիլմերի օրերի շրջանակում կինոսեր հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու Ղազախստանի կինոգործիչների՝ վերջին տարիներին ստեղծված և մեծ արձագանք գտած խաղարկային ֆիլմերին:
«Այս գեղեցիկ միջավայրում մեզ համախմբել է Հայաստանի և Ղազախստանի ամուր բարեկամությունը, և ղազախական ֆիլմերի անցկացումը հրաշալի առիթ է կինոսեր հանրության և հայաստանյան կինոգործիչների համար: Լիահույս եմ, որ այն նաև հիմք կհանդիսանա երկու երկրների կինոգործիչների համագործակցության խորացման և համատեղ ֆիլմերի ստեղծման համար»,-ողջունելով ներկաներին՝ ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Նախարարի տեղակալի խոսքով` 2024 թվականը հագեցած էր Հայաստանի և Ղազախստանի փոխհամագործակցությամբ իրականացվող միջոցառումներով: Այս տարի Ղազախստանը հյուրընկալել էր Հայաստանի մշակույթի օրերը, որին մասնակցել են Հայաստանի և Ղազախստանի նախագահները, ինչպես նաև մշակույթի ոլորտը համակարգող նախարարները: Ղազախստանի արվեստի և կինոյի ոլորտի մասնագետները Երևանում մասնակցել են «Հիշողության կերպարանքները» և «Սոլիդարտ» միջազգային սեմինարներին:
Նախաձեռնության կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից:
«Մերօրյա մշակութային համագործակցությունը շարունակում է զարգանալ՝ ընդգրկելով արվեստի գրեթե բոլոր ուղղությունները։ Կինոյի, թատրոնի, երաժշտարվեստի գործիչները հաջողությամբ գործակցում են երկու պետություններում անցկացվող փառատոնային և մրցութային հարթակներում։ Համոզված եմ՝ համատեղ միջոցառումները կշարունակվեն նոր ձևաչափերով՝ նպաստելով Հայաստանի և Ղազախստանի մշակութային համագործակցության հետագա զարգացմանը»,-ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը:
Երևանում ղազախական ֆիլմերի օրերը կազմակերպվել են Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը