Հուլիսի 24 2024

ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, որի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Բանուչյանը։


Այդ առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Հայաստանի կինոյի հիմնադրամ, որտեղ անձնակազմին է ներկայացվել կառույցի նոր ղեկավարը:


Նախարարը Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնադրամում, զրուցել աշխատանքային թիմի հետ, ծանոթացել կառույցի առաջիկա ծրագրերին և անելիքներին:


Շնորհավորելով նորանշանակ տնօրեն Դավիթ Բանուչյանին կառույցի ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 100-ամյա ավանդույթներ և փորձառություն ունեցող «Հայֆիլմի» իրավահաջորդ հանդիսացող հիմնադրամի ղեկավարումը լուրջ հանձնառություն ու պատասխանատվություն է:


«Վստահ եմ, որ հիմնադրամի թիմի հետ համատեղ այս աշխատանքը մեծ հաջողությամբ կշարունակեք և կգրանցեք նոր արդյունքներ: Իրականում կինոյի ոլորտից մեր ակնկալիքները շատ մեծ են, և վերջին տարիներին կատարված օրենսդրական փոփոխությունները զարգացման նոր հեռանկարներ են բացում»,- ասել է նախարարը:


Հիմնադրամի նորանշանակ ղեկավար Դավիթ Բանուչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության և ընձեռված հնարավորության համար՝ նշելով, որ մեծ պատիվ է ստանձնել Հայաստանի կինոյի հիմնադրամի կառավարումը, որը հանդիսանում է իրավահաջորդը հարյուրամյա կինոժառանգություն և ավանդույթներ ունեցող պատմական «Հայֆիլմի»։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը