Մայիսի 10 2024

ԵՄ պատվիրակության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համատեղ նախաձեռնությամբ` ԿինոՊարկում, մայիսի 6-ին կայացավ Սերգեյ Փարաջանովի «Տրիպտիխ»-ի` «Կիևյան որմնանկարներ» (1966թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.) վերականգնված տարբերակի ցուցադրությունը, որը նվիրված էր Փարաջանովի 100-ամյակին։


Միջոցառման նպատակն էր հարգանքի տուրք մատուցել լեգենդար կինոգործչի գործերին, ում եզակի ստեղծագործությունները հայկական և համաշխարհային կինոժառանգության մաս են կազմում։ Հատկանշական է ընդգծել, որ մշակույթը ԵՄ-Հայաստան համագործակցության առանցքային ոլորտներից է, և ԵՄ-ն աջակցում է հայկական ինքնատիպ ստեղծագործությունների ցուցադրմանը:


Սերգեյ Փարաջանովի «Տրիպտիխը» երեք կարճամետրաժ ֆիլմերի վերականգնումն է.


«Կիևյան որմնանկարներ» (1966թ.)
Երկար տարիներ խորհրդային իշխանությունների կողմից արգելված հատվածներ կոլաժից, որը Փարաջանովը հավաքել էր Կիևում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքների մասին չնկարահանված ֆիլմի նյութերից:


«Հակոբ Հովնաթանյան» (1967թ.)
«Նռան գույնին» նախորդող ֆիլմ՝ «Թիֆլիսյան Ռաֆայել» հայտնի դիմանկարչի մասին, հնչյունային ռեժիսոր Յուրի Սայադյանի երաժշտական ձևավորմամբ, որտեղ լռությունը համադրված է երաժշտության հետ:


«Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.)
Վրաց նշանավոր նկարիչ Նիկո Փիրոսմանիի դիմանկարն է, որը նոր շունչ է հաղորդել վրացական ավանդական գեղանկարչությանը:

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը