26 November 2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը 2019թ․ դեկտեմբերի 13-15-ը կազմակերպելու է Կինոարտադրողների համահայկական ֆորում:

 

Ֆորումի նպատակն է միջազգայնացնել հայկական կինոարտադրանքն ու կինոժառանգությունը, խթանել մասնագիտական փորձառությունն ու կրթությունը համաշխարհային կինոարտադրությանը ինտեգրվելու համար՝ ի նպաստ հայկական կինոյի զարգացման: Հատուկ այս նպատակով արտերկրից Հայաստան են ժամանելու անվանի կինոգործիչներ, որոնք կհանդիպեն Հայաստանում կինոոլորտի պատասխանատուների, կինոարտադրողների, կինոգործիչների հետ, կմասնակցեն տարածաշրջանում ֆիլմարտադրության, միջազգային համագործակցության, մասնագիտական մրցունակության, արտադրանքը միջազգայնացնելու և տարածելու խնդիրների քննարկումներին:

 

Ֆորումի մեկ օրը նվիրվելու է կինոնախագծերի և գրական ստեղծագործությունների ներկայացման երկու հարթակին (pitching), որին կհրավիրվեն պրոդյուսերներ, տարբեր մշակութային ֆոնդերի, բանկերի, հեռուստատեսությունների, կապի օպերատորների և այլ կառույցների շահագրգիռ ներկայացուցիչներ:

 

«Կինոնախագծերի ներկայացման (pitching)» հարթակն իրականացվելու է ի նպաստ կինոարտադրողների՝ նոր կապերի ձեռքբերման, հեռանկարային համագործակցության և ֆիլմի նկարահանման համար հավելյալ ֆինանսական ներդրումներ ստանալու նպատակով: Մասնակցության հնարավորություն ունեն նախապես գրանցված, 2019թ. պետական ֆինանսավորում ստացած, զարգացման կամ արտադրական փուլում գտնվող լիամետրաժ կինոնախագծերը:

 

«Ժամանակակից հայ գրականությունը էկրանին» հարթակն ուղղված է ժամանակակից հայ գրական ստեղծագործությունների էկրանավորման խթանմանն ու կազմակերպմանը, որն ունի երկու կարևոր ռազմավարական նպատակ՝ հանրահռչակել արդի հայ գրականությունը կինոյի լեզվով և խթանել միջոլորտային գրականություն - կինոարտադրություն կապերի զարգացումը:

 

Այս հարթակին կարող են մասնակցել արդեն տպագրված ժամանակակից հայալեզու գրական ստեղծագործությունները, որոնք անցնելով նախնական ընտրական փուլը՝ հատուկ հանձնաժողովի կողմից ճանաչվել են դրամատուրգիական կառուցվածքի առումով առավել համապատասխան էկրանավորման և կինոլեզվով պատմելու համար:

 

Ֆորումի հանդիպումներն ու քննարկումները բաց են աուդիովիզուալ ոլորտում գործող բոլոր ներկայացուցիչների համար: Սա գերազանց հնարավորություն է փորձի փոխանակման, նոր կապերի ձեռքբերման, մասնագիտական որակի բարձրացման և գիտելիքների արդիականացման համար:

 

Սիրով, սպասում ենք Ձեզ՝ Կինոարտադրողների համահայկական ֆորումին:

Խնդրում ենք հաստատել մասնակցությունը՝ հետևյալ հղումով:

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը