Նոյեմբերի 26 2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը 2019թ․ դեկտեմբերի 13-15-ը կազմակերպելու է Կինոարտադրողների համահայկական ֆորում:
Ֆորումի նպատակն է միջազգայնացնել հայկական կինոարտադրանքն ու կինոժառանգությունը, խթանել մասնագիտական փորձառությունն ու կրթությունը համաշխարհային կինոարտադրությանը ինտեգրվելու համար՝ ի նպաստ հայկական կինոյի զարգացման: Հատուկ այս նպատակով արտերկրից Հայաստան են ժամանելու անվանի կինոգործիչներ, որոնք կհանդիպեն Հայաստանում կինոոլորտի պատասխանատուների, կինոարտադրողների, կինոգործիչների հետ, կմասնակցեն տարածաշրջանում ֆիլմարտադրության, միջազգային համագործակցության, մասնագիտական մրցունակության, արտադրանքը միջազգայնացնելու և տարածելու խնդիրների քննարկումներին:
Ֆորումի մեկ օրը նվիրվելու է կինոնախագծերի և գրական ստեղծագործությունների ներկայացման երկու հարթակին (pitching), որին կհրավիրվեն պրոդյուսերներ, տարբեր մշակութային ֆոնդերի, բանկերի, հեռուստատեսությունների, կապի օպերատորների և այլ կառույցների շահագրգիռ ներկայացուցիչներ:
«Կինոնախագծերի ներկայացման (pitching)» հարթակն իրականացվելու է ի նպաստ կինոարտադրողների՝ նոր կապերի ձեռքբերման, հեռանկարային համագործակցության և ֆիլմի նկարահանման համար հավելյալ ֆինանսական ներդրումներ ստանալու նպատակով: Մասնակցության հնարավորություն ունեն նախապես գրանցված, 2019թ. պետական ֆինանսավորում ստացած, զարգացման կամ արտադրական փուլում գտնվող լիամետրաժ կինոնախագծերը:
«Ժամանակակից հայ գրականությունը էկրանին» հարթակն ուղղված է ժամանակակից հայ գրական ստեղծագործությունների էկրանավորման խթանմանն ու կազմակերպմանը, որն ունի երկու կարևոր ռազմավարական նպատակ՝ հանրահռչակել արդի հայ գրականությունը կինոյի լեզվով և խթանել միջոլորտային գրականություն - կինոարտադրություն կապերի զարգացումը:
Այս հարթակին կարող են մասնակցել արդեն տպագրված ժամանակակից հայալեզու գրական ստեղծագործությունները, որոնք անցնելով նախնական ընտրական փուլը՝ հատուկ հանձնաժողովի կողմից ճանաչվել են դրամատուրգիական կառուցվածքի առումով առավել համապատասխան էկրանավորման և կինոլեզվով պատմելու համար:
Ֆորումի հանդիպումներն ու քննարկումները բաց են աուդիովիզուալ ոլորտում գործող բոլոր ներկայացուցիչների համար: Սա գերազանց հնարավորություն է փորձի փոխանակման, նոր կապերի ձեռքբերման, մասնագիտական որակի բարձրացման և գիտելիքների արդիականացման համար:
Սիրով, սպասում ենք Ձեզ՝ Կինոարտադրողների համահայկական ֆորումին:
Խնդրում ենք հաստատել մասնակցությունը՝ հետևյալ հղումով:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը