Ապրիլի 30 2024

Ապրիլի 29-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ կայացավ գեղանկարիչ, մուլտիպլիկատոր, նկարիչ-ձևավորող, բեմադրող-նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակը։ Քեռի Վալյան Երևանի գույներից մեկն էր, քաղաքային կոլորիտի անփոխարինելի երանգը։

 

«Նա սիրում էր նշել իր ծննդյան օրերը, որովհետև այն առիթ էր ընկերների, ծանոթ-անծանոթների հետ հավաքվելու, ուտելու և ավելի շատ խմելու, կատակներ անելու և բոլորի օրը տոն դարձնելու, պարզապես լավ երեկո անցկացնելու  համար»,-հիշում է Ասյա Պոդպոմոգավան՝ Վալենտին Պոդպոմոգովի կյանքի վերջին 8 տարիների կողակիցը, որն ամուսնուց շատ երիտասարդ էր ու դեռ աղջնակ՝ սիրահարվել էր նրան ու որոշել դառնալ նրա կինը։

 

Երբ Վալենտին Պոդպոմոգովին հարցրել են՝ քանի՞ անգամ եք ամուսնացել, իրեն հատուկ հումորով պատասխանել է՝ ես իմ ամուսնությունները հաշվում եմ զոքանչներիս թվով։ Իսկ նրանց հաշվելով՝ ստացվում է 4։

 

Պոդպոմոգովի հոբելյանական երեկոն հարգանքի տուրք էր անվանի արվեստագետի հիշատակին, շատերի համար՝ նրա հետ ապրածը վերապրելու, վերհուշն արթնացնելու և նրա հետ անցկացրած ամեն պահը մտովի նորոգելու առիթ։ Էկրանին էր հոբելյարը․ ցուցադրվեցին արխիվային տեսանյութեր և հատվածներ տարբեր ֆիլմերից: Իսկ նրա մասին հետաքրքրաշարժ դեպքեր և զվարճալի դրվագներ պատմեցին մշակույթի հայտնի գործիչները և մտավորականները: Կինոյի տան ճեմասրահում ներկայացվեցին արվեստագետի լուսանկարները, նրա ստեղծած ֆիլմերի և ներկայացումների դեկորացիաների էսքիզները, ինչպես նաև նրա ձեռքերով պատրաստված մեխանիկական սարքերը:

 

Հոբելյանական երեկոյին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Ադրեասյանը, փոխնախարար Դանիել Դանիելյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, վարպետի մտերիմներն ու երկրպագուները։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը