Հունվարի 25 2024

2023 թվականը Հայ կինոյի համար հոբելյանական էր։ Հայ կինոն դարձավ 100 տարեկան՝ թողնելով սերունդներին հսկայական կինոժառանգություն, որը պահպանության և աշխարհին  ճանաչելի դարձնելու կարիք ունի՝ նոր դիտանկյունից ու նոր մոտեցումներով։ Հոբելյանական տարին հագեցած էր բազմաբնույթ ու ճանաչողական միջոցառումներով, որոնց գերակշիռ մասը տեղ էր գտել և շարունակում է ընդգրկվել աշխարհի առաջատար մշակութային կենտրոնների ծրագրերում, այդ թվում՝ թանգարաններում, միջազգային փառատոներում, արխիվներում, սինեմատեկներում։ Դրանց մի մասը սահուն անցավ 2024 թվական՝ շարունակելով տարիների որդեգրած քաղաքականությունը՝ հայկական կինոն աշխարհում ճանաչելի դարձնելու գերնպատակը։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող ֆիլմերի թվայնացման և վերականգնման պետական ծրագրի շրջանակում` Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ֆիլմերը վերականգնվել են 4К ձևաչափով: Հունվար ամսից կվերսկսվեն Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական կինոցուցադրումները արտերկրում։

 

Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային հարթակներից մեկում` Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում (MoMA) «To Save and Project: The MoMA International Festival of Film Preservation» 20-րդ միջազգային փառատոնի շրջանակում, հունվարի 28-ին՝ ժամը 13:30-ին և հունվարի 31-ին՝ ժամը 13:00-ին, կցուցադրվեն հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի՝ «Տունը հրաբխի վրա» (1928 թ.) և «Երկիր Նաիրի» (1930 թ․) ֆիլմերը՝ 4К վերականգնված ձևաչափով:

 

Նշենք նաև, որ 2021թ.-ի հունվարին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում «To Save and Project» փառատոնի շրջանակում ցուցադրվեց և թանգարանի մշտական պահպանությանը հանձնվեց Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» 4K ձևաչափով վերականգնված ֆիլմը՝ ժապավենային տարբերակով: Այն թանգարանի մշտական պահպանությանը հանձնված առաջին հայկական ֆիլմն է:

 

«Տունը  հրաբխի  վրա» (1928թ)  պատմահեղափոխական ֆիլմը ստեղծվել է իրական պատմության հիմքի վրա նավթահանքային վայրերից մեկում՝ գազերով լի հողակտորի վրա, բանվորների համար կառուցվող տան պատմությունն է։ Այս պատմությունն ունենում է ողբերգական զարգացում։ Ընդերքից դուրս հորդող գազերից մեծ հրդեհ է բռնկվում։ Այրվում է տունը, մեծ թվով բանվորներ, կանայք ու երեխաներ դառնում են սահմռկեցուցիչ կրակի զոհ։ Հայ կինոյի արտադրած այս ֆիլմը յուրահատուկ երևույթ է, այդ շրջանի սովետական կինոարվեստում։ Այն երևան է հանում մարդու շահագործման դեմ  սկսված անհաշտ պայքարի կարևորությունն ու մարդու իրավունքների ու շահերի պաշտպանության կենսական հարցերը։

 

Ֆիլմի սցենարը գրում են Հ․ Բեկնազարյանն ու Պ․ Ֆոլյանը, իսկ կինոնկարի ռեժիսորական աշխատանքը հանձնարարվում է Համո Բեկնազարյանին։ «Տունը հրաբխի վրա» ֆիլմը դարձավ շնորհալի կինոդերասանուհի Տատյանա Մախմուրյանի (Մարո) դեբյուտը՝ հետագայում խաղաց հայկական կինոյի շատ ֆիլմերում։ Կինոնկարում խաղացել են Հրաչյա Ներսիսյանը (Պետրոս), Տիգրան Այվազյանը (Ղուկասյան), Միքայել Գարագաշը (կառավարիչ) և այլք։

 

«Երկիր Նաիրի» (1930թ)  կինոնկարը նվիրված է Հայաստանում Խորհրդային իշխանության 10-ամյակին։  Խորհրդային Միությունում՝ մինչև Ձիգա Վերտովը, վավերագրական կինոն ուներ գլխավորապես փաստագրական բնույթ, ինչը բնորոշ էր նաև հայկական վավերագրական կինոյին: Հայկական առաջին «վավերագրական» ֆիլմերը հեղինակել է Համո Բեկնազարյանը։ Նա օպերատոր Ա. Յակովլևի հետ արձանագրել է Գյումրիի երկրաշարժի հետևանքները (1926թ․), իսկ 1930-ին նրանք նկարել են ​«Երկիր Նաիրի»​ գեղարվեստա-վավերագրական լիամետրաժ կինոնկարը:


Իր ձևաչափով, այս ֆիլմը կատարելապես նոր երևույթ էր հայկական կինոյում։ Այն կազմված էր այլ ֆիլմերից ու խրոնիկայից վերցված կադրերից ու բեմականացված տեսարաններից։ Չսիրելով վավերագրական կինոյի «արձանագրողական» բնույթը՝ Բեկնազարյանը ձգտում էր արտահայտված հեղինակային լուծումների և այս ֆիլմում կիրառել է Էյզենշտենյան մոնտաժի դրույթները՝ ստեղծելով «խճանկարային», էպիկական կինո-պոեմ։

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը