Հունվարի 12 2024
Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային հարթակներից մեկում` Նյու Յորքի MoMA ժամանակակից արվեստի թանգարանում «To Save and Project: The MoMA International Festival of Film Preservation» 20-րդ միջազգային փառատոնի շրջանակում, հունվարի 28-ին, ժամը 13:30-ին և հունվարի 31-ին, ժամը 13:00-ին՝ կցուցադրվեն հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի՝ «Տունը հրաբխի վրա» (1928թ.) և «Երկիր Նաիրի» (1930թ․) ֆիլմերը՝ 4К վերականգնված ձևաչափով:
Կից հղումը՝ moma.org
Ֆիլմերի թվայնացումն ու վերականգնումը նախաձեռնել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ:
Այդ բացառիկ մշակութային իրադարձության առիթով հատուկ շնորհավորանք է հղել «Մարտին Սկորսեզե» կինոհիմնադրամը:
Հիշեցնենք, որ 2022թ.-ի հունվարին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում «To Save and Project» փառատոնի շրջանակում ցուցադրվեց և թանգարանի մշտական պահպանությանը հանձնվեց Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» 4K ձևաչափով վերականգնված ֆիլմը՝ ժապավենային տարբերակով: Այն թանգարանի մշտական պահպանությանը հանձնված առաջին հայկական ֆիլմն է:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը