Նոյեմբերի 23 2023
«Մոսկվա» կինթատրոնում՝ նոյեմբերի 22-ին, տեղի ունեցավ ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Բացակա պատկեր» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված կինոռեժիսոր, վավերագրական կինոյի հսկա՝ Արտավազդ Փելեշյանին։ Վարպետի արձագանքը դրական է եղել, երբ իմացել է, որ իր մասին ֆիլմ է նկարահանվելու։
Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ու առաջարկով վավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի հետ համատեղ ռեժիսոր Հրանտ Վարդանյանը 2018թ․-ին սկսել է ֆիլմի նկարահանումները՝ Վարպետի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյից։ Այդ օրը սկսել են ու հինգ տարի շարունակ նկարել, իհարկե՝ ընդմիջումներով։ Նկարահանումներն անընդհատ չեն եղել. և՛ սպասումի, և՛ իրավիճակին ճիշտ արձագանքելու համար դադարների ժամանակներ են եղել։
Կինոգետ Կարեն Ավետիսյանը ողջունելով ներկաներին նշեց, որ Արտավազդ Փելեշյանի մասին շատ վավերգրական անդրադարձներ են եղել, որոնցից յուրաքանչյուրում Վարպետը ներկայացվել է շատ յուրօրինակ մոտեցումով։ «Ահա և Հրանտ Վարդանյանի ֆիլմը։ Այն ունի և՛ տարբերություն, և՛ հանդգնություն նախորդ ֆիլմերից։ Առաջինի դեպքում դա տարածությունն է՝ հեղինակը և Վարպետը մաքսիմալ մոտ են եղել իրար, ինչը Փելեշյանի համար անհնարինության աստիճանի բարդ է, իսկ երկրորդը՝ հանդգնությունը․ փորձ է արվել խոսել Փելեշյանի մասին իր իսկ լեզվով՝ դժվար բացատրելի, բայց զգացական»,-նկատեց Կարեն Ավետիսյանը։
Հանդիսատեսին իր շնորհակալկան խոսքն հղեց նաև ֆիլմի ռեժիսոր Հրանտ Վարդանյանը․ «Շնորհակալ եմ, որ եկել եք և կիսում եք ինձ հետ ֆիլմի դիտումը․ սա փորձ է Փելեշյանի հետ խոսել իր լեզվով, չգիտեմ որքանով է դա ինձ հաջողվել։ Ափսոս, որ ներկա չէ Վարպետը։ Ափսոսում եմ, որ այստեղ չէ։ Երկու տարի ես նրա կողքին եմ եղել ու հպարտ եմ դրա համար։ Այդ մտերմությունն օգնեց, որ մենք մեկս մյուսիս ճանաչենք, ու ես ֆիլմում ներկայացնեմ իմ ճանաչած Արտավազդ Փելեշյանին»։
«Բացակա պատկեր» ֆիլմը Փելեշյանի կենսագրությունը չէ, ֆիլմերի պատմությունը կամ նրա գործունեությունը։ Ֆիլմն ուղղակի քայլում է Արտավազդ Փելեշյանի հետ, նրա հետ թեյ ու սուրճ խմում, թանգարան ու կինոդահլիճ մտնում, հանդիպում կինոսերների ու երիտասարդ կինեմատոգրաֆիստների հետ, ուղղակի ապրում ու զգում Վարպետի պես ու Վարպետի հետ։
Նրանց հաջողվել է մեկնել Լիսաբոն, որտեղ Արտավազդ Փելեշյանը վարպետության դաս է անցկացրել, նկարահանել են նրա ու դահլիճի կենդանի շփումը, Վարպետի խոսքը, կինոյի մասին տեսական ու գործնական դիտարկումները։ Նկարել են նաև Փարիզում՝ 4 օր։ Եղել են Լյումիեր եղբայրների տանը։
Ի դեպ, Արտավազդ Փելեշյանը Լյումիերների մասին էլ իրեն հատուկ՝ կես կատակ-կես լուրջ դիտարկում ունի։ «Կինոն հրեշ է,-ասում է Փելեշյանը,-այնպիսի մի հրեշ, որ Լյումիեր եղբայրները կինոյի գյուտն անելուց հետո այլևս կինո չնկարեցին»։
«Բացակա պատկեր» ֆիլմը նկարահանվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ու առաջարկով՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Հայկ» կինոստուդիայի ֆինանսական աջակցությամբ։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը