Նոյեմբերի 03 2023

Երևանում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող «Հայ կինո 100» երկօրյա (2-3-ը) միջազգային համաժողովը՝ նոյեմբերի 2-ին մեկտեղել էր եվրոպական և ասիական լավագույն կինոընկերությունների ներկայացուցիչներին և ոլորտի առաջատար մասնագետներին։ Խորհրդանշական այս կինոստուգատեսը իրականացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

 

Համաժողովը բացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձով՝ ուղղված համաժողովի մասնակիցներին: Ողջունելով կինոլորտում քաղաքականություն մշակող, կիրարկող և կինոլորտը ներկայացնող մասնագետներին՝ նախարարը նշել է, որ բոլորին միավորել և Հայաստան է բերել Հայ կինոն, որն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը. «Մեզ համար անչափ կարևոր է, որ այս իրադարձությունը Հայաստանի հետ միասին նշում է աշխարհի մշակութային հանրությունը, ինչի վառ վկայությունն է նաև այն փաստը, որ Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանակալի իրադարձությունների և նշանավոր անձանց ցանկում»։

 

«Հայ կինոյի 100-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողովը լավագույն հնարավորությունն է կրկին վերարժևորելու մեր կինոժառանգությունը, առհասարակ խոսելու կինոլորտի խնդիրների և ձեռքբերումների մասին, կիսվելու այն փորձառությամբ, որն ունեն երկրները՝ կինոլորտը զարգացնելու համար: Շնորհավորում եմ բոլորին գիտաժողովի բացման կապակցությամբ և մաղթում հետաքրքիր, արդյունավետ աշխատանք»,- ասված էր նախարարի ուղերձում, որն ընթերցեց նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը բացման խոսքում շնորհակալություն հայտնեց համաժողովի հյուրերին՝ Հայ կինոյի 100-ամյակին նվիրված համաժողովին իրենց մասնակցությունը բերելու համար։ Ազգային կինոկենտրոնի տնօրենը փաստեց, որ Հայ կինոն արդեն 100 տարեկան է, որը սերունդներին է թողել հարուստ կինոժառանգություն և հավելեց, որ 100 տարիների ընթացքում՝ սկսած համր կինոյի շրջանից՝ ֆիլմերը մինչ օրս շարունակում են ներկայանալ միջազգային լավագույն հարթակներում՝ հիացնելով օտար հանդիսատեսին: Շուշանիկ Միրզախանյանը ներկայացրեց նաև վերջին տարիների, մասնավորապես՝ 2019 թվականից ի վեր Հայաստանի ազգային կինոկենտրոնում սկսված նոր գործընթացները, որոնց առաջնային խնդիրը ֆիլմերի վերականգնմանն ու 100-ամյա կինոժառանգության հանրահռչակմանն ուղղված աշխատանքներն են։

 

Համաժողովի մասնակիցներին տեսակապի միջոցով ողջույնի խոսք հղեց նաև Եվրոպայի աուդիովիզուալ օբսերվատորիայի տնօրեն Սուսաննա Նիկոլչևը:

 

Երևանյան երկօրյա միջազգային համաժողովի հիմնական ու առանցքային թեմաները սերտորեն առնչվում են հայկական կինոյի զարգացման ու գոյության տարբեր փուլերին՝ «Հայ կինո 100», «Կինոժառանգության պահպանում, վերականգնում, տարածման մեխանիզմներ», «Կանանց ներդրումը կինոյում»։

 

Համաժողովի մասնակիցների զեկույցներում ևս մեկ անգամ վերահստատվեց Հայ կինոյի հարյուրամյա կինոժառանգության իրական գնահատականն ու կարևորությունը՝ համաշխարհային կինոյի պատմության համատեքստում։

 

Զեկուցումներով հանդես են եկել Ժոել Շապրոնը («Խորհրդային և հետխորհրդային հայկական ֆիլմերը Կաննի կինոփառատոնում և ֆրանսիական կինոթատրոններում»), Անետա Երզնկյանը («Հայ կինո 100. ավանդույթներ և նորարարություններ»), Անուշ Վարդանյանը (««Նամուս»-ը որպես մետասյուժե․ հայկական առաջին ֆիլմերի առասպելաբանական ծագումը») թեմաներով: Կինոժառանգության վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան Գրիգորի Կակաբաձեն («Կինոժառանգություն․ ոչնչացում և վերականգնում»), Թեջաս Պագարը («Ֆիլմերի պահպանումը՝ որպես մշակութային ժառանգության մաս»), Անկե Հանը («Կինոժառանգությունն առցանց»), Պետր Ռիժենկովը («8K սկանավորումը՝ որպես արխիվների պահպանման և դրամայնացման երաշխիք») և այլք։

 

Կանանց դերը կինոյում թեմայի շուրջ հանդես եկան Ֆրանսուազա Նավայլ («Կանանց ներդրումը կինոյում», Լեոնարդո Ֆիլաստո՝ «Կինոյի այլ պատմությունը»), Կարեն Ավետիսյան («Գենդերային պարիտետի քաղաքականության միտումները միջազգային կինոփառատոներում»), Սոնա Կարապողոսյան («Կանայք հայկական անիմացիայում») և այլն։

 

Համաժողովի երկրորդ օրը՝ նոյեմբերի 3-ին, տեղի կունենան պանելային քննարկումներ։ Իսկ Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին նվիրված համաժողովը կամփոփվի կլոր-սեղան քննարկումով:

 

Կինոյի գոյության կարևոր քայլերը

 

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին նվիրված միջազգային համաժողովի երկրորդ օրը՝ նոյեմբերի 3-ին,  տեղի ունեցան պանելային հինգ մասնագիտական քննարկումներ հետևյալ թեմաների շուրջ՝ «Պետական քաղաքականությունն ու կառավարման համակարգերը տեսալսողական ոլորտում», «Կինոարտադրության զարգացման և կինոարտադրանքի տարածման մեխանիզմներն և հեռանկարները», «Ֆիլմերի համատեղ արտադրությունը որպես միջմշակութային համագործակցության խթանման միջոց», «Կինոժառանգության վերականգնում. մարտահրավերներ և հնարավորություններ», «Կինոփառատոները որպես միջմշակութային կապերի ստեղծման միջոց»։

 

Բանախոսները մատնանշեցին, որ թեմատիկ քննարկումների այս բաժանումները բնավ չեն խոսում այն մասին, որ խնդրո բուն առարկաները տարբեր են՝ հակառակը  5 թեմաները սերտորեն կապված են և փոխլրացնում են իրար։ Հիշատակված թեմաները հավասարապես կարևոր են կինոյի ստեղծման, պահպանման և տարածման համար։

 

Բանախոսները նշեցին, որ ոչ բոլոր երկրներն ունեն միատեսակ կինոարտադրանք և կինոժառանգություն։ Ուստի, խելամիտ կլինի, որ այս բոլոր ուղղություններով նախատեսվող համագործակցությունները խմբավորվեն ըստ իրենց ունեցած արտադրանքի և աշխարհագրության։ Այդ կերպ, ավելի դյուրին կլինի համակարգել գործակցության ուղիները, իսկ ակնկալիքները՝ շոշափելի։

 

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը