Հոկտեմբերի 28 2023
Հայաստանի ազգային կինոկենտրոնի հրավերով՝ Երևանում գտնվող Եվրիմաժի (Eurimages) համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության ամենախոշոր եվրոպական հիմնադրամի նախագահ՝ Քեթրին Թրոտմանը, հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Սյուզան Նյումանը և փորձագետ՝ Իրիս Կադուն հոկտեմբերի 28-ին հանդիպեցին հայ կինոարտադրողների, կինոբուհերի ուսանողության, դասախոսական կազմի, ոլորտի մասնագետների հետ։
Ողջունելով ներկաներին և հյուրերին` Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց Եվրիմաժի պատասխանատուներին հրավերն ընդունելու համար, ապա փաստեց նաև, նման հանդիպումների կարևորությունը և նշանակությունը՝ Հայաստանում համատեղ կինոարտադրության զարգացման ապագայի համար։
Լեփ-լեցուն սրահում եվրոպացի հյուրերը մանրամասնորեն ներկայացրեցին Եվրիմաժի գործունեությունը և այն առնձնահատուկ նշանակությունը, որ առաջարկում է կառույցը համատեղ արտադրության զարգացման, ֆիլմերի դիստրիբուցիայի և տարածման հնարավոր ուղիների համար։ Հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Սյուզան Նյումանը, մասնավորապես, խոսեց Հայաստանի նման փոքր կինոարտադրություն ունեցող երկրների փորձի շուրջ՝ հորդորելով հայ կինոարտադրողներին՝ օգտագործել Եվրիմաժի ընձեռած հնարավորությունները՝ պատրաստել ճշգրիտ փաթեթներ, դիմել և ստեղծել շատ ֆիլմեր։
Հանդիպմանը մասնակցում էին նաև հայաստանցի այն կինոարտադրողները, որոնք նախկինում ֆինանսական աջակցություն են ստացել Եվրիմաժից։ Նրանք իրենց փորձով կիսվեցին՝ Եվրիմաժին դիմել ցանկացող և արդեն պատրաստի նախագծեր ունեցող գործընկերների հետ։
Պրոդյուսեր և ռեժիսոր Անժելա Ֆրանգյանը պատմեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած «Լուկա» կինոնախագծի (ռեժ. Ջեսսիկա Վուդվորթ) ոդիսականի մասին: Ֆիլմը նախատեսված էր ամբողջությամբ նկարահանել Ամբերդում 2020թ. աշնանը, սակայն սկսվեց 44-օրյա Արցախյան ծանր պատերազմը, որը արմատապես ազդեց բոլոր պայմանավորվածությունների վրա, և ֆիլմի նկարահանումները տեղափոխվեցին Իտալիա, բայց ֆիլմի ռեժիսորի և Եվրիմաժի գործընկերների աջակցության շնորհիվ Հայաստանը մնաց որպես համաարտադրող։ Ավելին, ֆիլմի գլխավոր դերերից մեկում նկարահանվեց հայ դերասան Սամվել Թադևոսյանը: Ֆիլմը Բելգիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Հայաստանի և Բուլղարիայի համատեղ կինոարտադրություն է։ Երիտասարդ հայ պրոդյուսերն իր փորձով է համոզվել, որ համատեղ կինոարտադրությունը ոչ միայն թեթևացնում և կիսում է ֆիլմ նկարելու ֆինանսական ծանրությունը, այլև անվերջ կրթվելու բացառիկ հնարավորություն է։
2019թ. Եվրիմաժից ֆինանսավորում ստացած «Բարս Մեդիա» ընկերության՝ «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության վավերագրական-անիմացիոն կինոնախագծի ռեժիսոր Իննա Սահակյանը, որ ներկայումս ԱՄՆ-ում է, տեսակապով միացավ հանդիպմանը։ Շնորհալի ռեժիսորը մասնագիտական հանրույթի հետ կիսվեց ֆիլմի ընթացքում ձեռք բերված փորձով։ Յուրօրինակ այս պատումի առանցքը, նրա խոսքով, Հայոց ցեղասպանության թեման է, որն 100 տարի անց անգամ արժանացավ անհավանական գնահատականի՝ հիշեցնելով աշխարհին 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության սահմռկեցուցիչ պատառիկներն ու Ավրորայի բանտարկված ճիչը։ Ֆիլմի մասին գրվեց աշխարհի բազմաթիվ առաջատար պարբերականներում, ցուցադրվեց կինոփառատոներում, ընդգրկվեց մրցութային ծրագրերում։ Իսկ Asia Pasific Screen Award մրցանակաբաշխության (մասնագետները այն անվանում են ասիական օսկար) լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին։
Եվրիմաժին անդամակցելը մեծապես նպաստել է Հայաստանում անկախ կինոարտադրության և համատեղ արտադրության զարգացմանը: Համատեղ ֆիլմարտադրության նախագծերում ներգրավվելով՝ Հայաստանն ինտեգրվում է համաշխարհային և եվրոպական կինոընտանիքին:
Հանդիպման ավարտին պատրաստի փաթեթներ՝ կինոնախագծեր ունեցող պրոդյուսերները հնարավորություն ունեցան անհատական հանդիպան ձևաչափով ստանալ խորհրդատվություն Եվրիմաժի փորձագետներից։
Հիշեցնենք, որ հրավերի պայմանավորվածությունը՝ Կինոկենտրոնի տնօրենի և Եվրիմաժի նախագահի միջև, ձեռք էր բերվել դեռևս այս տարվա փետրվարին՝ Բեռլինի կինոշուկայում։ Հայ կինոյի հոբելյանական տարվա առթիվ՝ Եվրիմաժի գործընկերների հրավերը Հայաստան ևս մեկ անգամ ամրապնդում է համգործակցության ու զարգացման ուղին՝ կինոարտադրության եվրոպական առաջատար հիմնադրամի հետ։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը