Հուլիսի 31 2023
Cineuropa հարթակի «47-րդ էպիզոդ» փոդքասթի գլխավոր խմբագիր Դոմենիկո Լա Պորտան զրուցել է «Լուկա» ֆիլմի (Բելգիա, Նիդերլանդներ, Բուլղարիա, Հայաստան) ռեժիսոր և սցենարիստ Ջեսիկա Վուդվորթի, համապրոդյուսերներ՝ Պիտեր Բրոսենսի (Bo Films, Բելգիա), Ֆլամինիո Զադրայի (Palosanto Films, Իտալիա) և Միրա Ստալևայի (Art Fest, Բուլղարիա) հետ։
Պրոդյուսեր Միրա Ստալևան խոսել է ֆիլմի ստեղծման դժվարությունների, մասնավորապես նախապես ընտրված տեղանքում՝ Արագածի գիտակայանում չնկարահանելու և այն Իտալիա տեղափոխելու մասին, քանի որ 2019 թվականն էր, սկսվել էր քովիդի համաճարակը, հետո Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմը և տարածաշրջանի համար անորոշ վիճակ էր։
Ֆիլմի գլխավոր հերոսը Լուկան է, որը գալիս է մի ամրոց, որտեղ տղամարդիկ տարիներով սպասում են թվացյալ թշնամուն։ Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Ջեսիկա Վուդվորթը ոգեշնչված էր Դինո Բուցատիի «Թաթարական անապատ» վեպով, որը գրվել է 1940 թ․։ Ֆիլմը դասական ադապտացիա չէ, այլ ռեժիսորի վարկածն է, պատմություն այն մասին, թե ինչպես ընկերությունը կարող է մեծագույն պատրանքից ավելի ուժեղ լինել:
Պիտեր Բրոսենսը նշում է, որ «Լուկա» ֆիլմը 4 երկրների մշակութային համագործակցության հիանալի օրինակ է և իրենց հաճելի էր աշխատել հայկական կողմից համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի հետ, ով երիտասարդ տաղանդավոր կինոգործիչ է և ուժերը փորձում է նաև պրոդյուսինգում։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը փոքրիկ ներդրում է ունեցել ֆիլմում ինչպես ֆինանսական, այնպես էլ ստեղծագործական առումով՝ երիտասարդ դերասան Սամվել Թադևոսյանը նույնպես միացավ այդ միջազգային կինոնախագծին: Փառատոններից հետո ֆիլմը կցուցադրվի համարտադրող երկրների կինոթատրոններում։
Փոդքասթն ամբողջությամբ հետևյալ հղումով՝ cineuropa.org
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը