Մայիսի 31 2023
Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում, մայիսի 25-ին «Դասականներ» բաժնում տեղի ունեցավ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965 թ․) ֆիլմի 4K վերականգնված տարբերակի պրեմիերան՝ վերահաստատելով կինոաշխարհի մեծերի հետ նույն էկրանին ներկայացվելու մեր իրավունքը` Գոդարի, Օձուի, Ման Ռեյի, Ալֆրեդ Հիչքոքի կողքին: Սա հայ մշակույթի ու հայ կինոյի միջազգային քարոզչության առումով ունի աննախադեպ կարևորություն:
Ըստ էության մեր կինոյի փառատոնային պատմության մեջ, կես դար անց, սա ֆիլմի վերադարձն էր աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոն, որտեղ «Բարև, ես եմ» ֆիլմը ներառված է եղել 1966թ․-ի մրցութային ծրագրում։
Կինոժապավենի թվանշային վերականգնումն իրականացվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, իսկ վերականգնման աշխատանքները կատարվել են ֆիլմի բնօրինակ սևապատկերից՝ լատվիական «Լոկոմոտիվ կլասիկս» (Locomotive Classics) ստուդիայի կողմից: Ֆիլմը հանդիսատեսին ներկայացրեցին «Դասականներ» ծրագրի համադրող Ջերալդ Դյուշասոն, Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը և խորհրդահին կինոյի մասնագետ Ջոել Շապրոնը՝ Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, Համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի և «Լոկոմոտիվ» ստուդիայի տնօրեն Ռոբերտս Վինովսկիսի ներկայությամբ։ Ցուցադրությանը ներկա էին նաև Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Ցուցադրության նախօրեին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ֆրանսիական MK2 դիստրիբյուցիոն ընկերության միջև կնքվեց պայմանագիր, որի շնորհիվ ֆիլմը կներկայացվի միջազգային տարբեր հարթակներում:
Նշենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի Marche du Film կինոշուկային մասնակցությունը Հայ կինոյի 100-ամյակի պետական հոբելյանական ծրագրի շրջանակում է, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը