Մարտի 22 2023
Ֆրանսիական Սինեմատեքում՝ մարտի 8-12-ը, կայացած «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված և արխիվային ֆիլմերի համաշխարհային կինոժառանգությանը նվիրված հեղինակավոր կինոփառատոնին՝ 2023 թվականին, առաջին անգամ մասնակցում էր նաև Հայաստանը՝ Հայ կինոյի ռահվիրայի՝ Համո Բեկնազարյանի երեք՝ «Տունը հրաբխի վրա» (1928թ., համր), «Երկիր Նաիրի» (1930թ․,համր) և «Դուստրը» (1942թ., հնչյունային) ֆիլմերի վերականգնված տարբերակների պրեմիերաներով։ Կինոնկարները ցուցադրվել են անգլերեն և ֆրանսերեն ենթագրերով։ Համր ժապավեններն ուղեկցվել են երաժշտությամբ․«Տունը հրաբխի վրա» ֆիլմի երաժշտությունը գրել է երիտասարդ կոմպոզիտոր Ջուլիետ Մերչանտը՝ Կինոկլասիկա հիմնադրամի ֆինանսավորմամբ, իսկ «Երկիր Նաիրի»-ի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը՝ Բրիտանական Կոլումբիայի հայկական մշակութային ասոցիացիայի (Armenian Curtural Association of Btitish Columbia) ֆինանսավորմամբ:
Սինեմատեքում կայացած ցուցադրությամբ էլ մեկնարկեց Հայ կինոյի հարյուրամյակին նվիրված պետական միջոցառումների մեկամյա ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Ֆիլմերի ցուցադրությանը նախորդեց օսկարակիր ռեժիսոր, Սինեմատեքի նախագահ Կոստա Գավրասի բացման խոսքը, որով նա արժևորեց կինոժառանգության, դրա պահպանության ու տարածման կարևորությունը աշխարահի ու սերունդների համար։ Ցուցադրությանը ներկա էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, որը ևս հանդես եկավ ելույթով` իր երախտագիտությունը հայտնելով հայկական կինոարվեստին ցուցաբերված ուշադրության և գնահատանքի համար։ Նա բարձր գնահատեց Ֆրանսիական Սինեմատեքի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջև հաստատված համագործակցությունը՝ ընդգծելով դրա հետագա ընդլայնման կարևորությունը։ Ցուցադրությանը ներկա էին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, կինոկենտրոնի աշխատանքային խումբը։ Փառատոնի ծրագրում էին նաև համաշխարհային կինոյի մեծ վարպետների 85 ֆիլմեր, այդ թվում՝ Լեոս Կարաքսի, Ձիգա Վերտովի, Օթար Իոսելիանիի ֆիլմերը:
Ֆիլմերի վերականգնված տարբերակների տարածումը միջազգային հարթակներում զգալիորեն կնպաստի Համո Բեկնազարյանի ստեղծագործության կարևորության մասին պատկերացումները կինոգիտական շրջանակներում և մեծապես կխթանի հայ կինոյի պատմության վերարժևորման գործընթացներին։
Համո Բեկնազարյանի երեք ֆիլմերի վերականգնումը իրականացվել է պետական ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմերի թվայնացման և մասնագիտական վերականգնման աշխատանքները ամբողջապես կատարվել են Հայաստանում՝ «One Man Studio Production»-ի մասնագետների կողմից և Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի հանրային հեռուստատեսության և Ազգային ռադիոյի հետ համագործակցությամբ։
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո, ֆիլմերը արխիվացվել են թվանշային կրիչների վրա և ստեծվել են DCP ֆորմատի ֆայլեր լայնէկրան ցուցադրության համար։
Ի դեպ, այս տարի նշվեց միջազգային կինոփառատոնի 10-ամյակը՝ վերականգնված հեղինակավոր ֆիլմերի ընտրանիով: Բացի այդ, փառատոնը հայտնի է նշանավոր ռեժիսորների հետ կազմակերպած հանդիպումներով, սեմինարներով, վարպետության դասերով, համերգներով և ականավոր ռեժիսորներին հարգանքի տուրք մատուցելու միջոցառումներով:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը