Սեպտեմբերի 19 2022

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հետևողականորեն շարունակում է հավաքագրել հայ կինոգործիչներին վերագրվող նյութեր և հավաքածուներ՝ համալրելով Կինոկենտրոնի արխիվային ֆոնդը։ Վերջերս Կինոկենտրոնին է փոխանցվել հայ կինոյի անդրանիկ ռեժիսոր Համո Բեկնազարյանի եղբոր՝ օպերատոր Գարուշ Բեկնազարյանի ընտանեկան լուսանկարչական արխիվի պահպանված մասը։

 

Գարուշ Բեկնազարյանի երևանյան բնակարանի վաճառքից հետո տվյալ արխիվը առանձնացվել էր որպես անպիտան գույք և հայտնվելու էր աղբամանում։ Ճանաչելով նյութերի պատմական արժեքը, արխիվը ոչնչացումից ժամանակին փրկել և նկարիչ Ներսես Մելիքյանի միջնորդությամբ Կինոկենտրոնին է հանձնել Վահան Աբրահամյանը, ինչի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը։

 

Գարուշ Բեկնազարյանի ընտանեկան արխիվը պարունակում է մինչ այժմ չհրապարակված հարյուրավոր լուսանկարներ, որոնք ներկայացնում են Բեկնազարյանների տոհմի և մերձավորների կյանքն ու գործունեությունը՝ 1880-ականներից մինչև 1970-ականները։ Իրենց հուշամեմորիալ նշանակությունից բացի, լուսանկարները նաև օգնում են պարզաբանել Համո և Գարուշ Բեկնազարյանների կենսագրության բազմաթիվ անհայտ և քիչ հայտնի փաստեր։ Արխիվն այժմ գտնվում է թվայնացման և մշակման փուլում, որից հետո այն հասանելի կլինի հայ կինոյի պատմությամբ և Համո Բեկնազարյանի գործունեությամբ հետաքրքրվող հետազոտողներին։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը