Օգոստոսի 15 2022
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ կրթական - ճանաչողական միջոցառում, որը նախատեսված էր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և 44-օրյա պատերազմից հետո Արցախից տեղահանված երեխաների համար:
«Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում ցուցադրվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ ռեժիսոր Հարություն Խալաֆյանի նկարահանած «Մի անգամ դպրոցում» մանկական լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը:
Միջոցառմանը մասնակցում էին «Արև-Երեխաներ», «Մենք կարող ենք», «Փրկություն» հասարակական կազմակերպությունների շահառու երեխաները և Հադրութից, Քաշաթաղից, Շահումյանից, Շուշիից տեղահանված արցախցի փոքրիկներ: Երեխաները ֆիլմը դիտեցին մեծ ոգևորությամբ ու ջերմությամբ՝ վերջում հույս հայտնելով, որ ցուցադրությունները շարունակական կլինեն:
Միջոցառումն իրականացվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի ու «Մոսկվա» կինոթատրոնի աջակցությամբ:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը