Փետրվարի 07 2022
Պետական աջակցություն
2021թ. խաղարկային կինոնկարների արտադրության համար բյուջետային հատկացումների գումարը կազմել է 128731.6 հազար դրամ, իսկ մուլտիպլիկացիոն կինոնկարների արտադրության բյուջետային հատկացումները կազմել են 48658.6 հազար դրամ: Արդյունքում, հաստատվել են 13 նախագծեր, այդ թվում՝ 11 խաղարկային և 2 անիմացիոն:
Ընդհանուր առմամբ, պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերի նախագծերի ցանկում, 2021-ին շեշտակի ավելացել է դեբյուտային նախագծերի թիվը: Այսպես, եթե 2020-ին խաղարկային ֆիլմերի բյուջեի 56․9%-ն էր հատկացվել դեբյուտային նախագծերին, ապա 2021-ին այն կազմել է խաղարկային ֆիլմերի բյուջեի 65․27%-ը:
Ինչ վերաբերում է անիմացիոն ֆիլմերի նախագծերին, ապա 2020-ին այն կազմել է անիմացիոն բյուջեի 50%-ը՝ հատկացվելով դեբյուտային 5 նախագծի, իսկ 2021-ին կազմել է անիմացիոն բյուջեի ճիշտ 100%-ը՝ անիմացիոն 2 դեբյուտային նախագծի համար:
- Խաղարկային նախագծեր` 11
ա․ Լիամետրաժ-10 (զարգացման փուլ-2, արտադրության փուլ-3, հետարտադրական փուլ-2, տարածման փուլ-3),
բ․ Կարճամետրաժ - 1 (արտադրություն)։
Խաղարկային ֆիլմերի բյուջեի 65․27%-ը հատկացվել է դեբյուտային 8 նախագծի (լիամետրաժ - 7 և կարճամետրաժ - 1):
- Մուլտիպլիկացիոն նախագծեր՝ 2
ա. Լիամետրաժ - 0,
բ. Կարճամետրաժ - 2 (արտադրություն)։
Մուլտիպլիկացիայի ֆիլմերի բյուջեի 100%-ը հատկացվել է անիմացիոն դեբյուտային նախագծերին (կարճամետրաժ - 2):
- Գենդերային հարաբերակցություն
2021 թվականին կինոարտադրության մեջ կանանց ընդգրկվածության պատկերն այսպիսին է՝ պետական ֆինանսավորում ստացած 13 կինոնախագծերից 4-ի ռեժիսորները և 5-ի պրոդյուսերները կանայք են։
Եվրիմաժ - 2021թ․
Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի 2021 թվականի նիստում՝ պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի ներկայացրած «Ամրոցը» խաղարկային ֆիլմի նախագիծը, արժանացավ Eurimages-ի ֆինանսական աջակցությանը (ռեժիսոր՝ Ջեսսիկա Վուդվորթ (Բելգիա), համատեղ արտադրություն՝ Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա, Բուլղարիա - Հայաստան): «Ամրոցը» նախագիծը Հայաստանի ազգային կինոկենտրոնից ֆինանսավորված և Eurimages՝ եվրոպական ամենամեծ համատեղ արտադրության ֆոնդից աջակցություն ստացած հինգերորդ նախագիծն է:
2016թ․ (անդամ) ի վեր Եվրիմաժից ֆինանսավորում ստացած նախագծերը․
1․ 2017թ․ Եվրիմաժից ֆինանսավորում է ստացել հայ-ռուսական «Սպիտակ» ֆիլմի նախագիծը․ ռեժիսոր Ալեքսանդր Կոտ:
2․ 2017թ․ Ռուս - ֆրանս - հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: Հայկական կողմից այս ծրագրին մասնակցում էր «Շարմ» ընկերությունը:
3․ 2018թ․ հունիսին Եվրիմաժից համատեղ արտադրության ֆինանսավորում ստացավ Նորա Մարտիրոսյանի «Սև այգի, կապույտ երկինք» ֆրանս - հայ - բելգիական համատեղ արտադրություն ֆիլմի նախագիծը:
4․ 2019թ․ «Բարս Մեդիա» ընկերության «Ավրորայի լուսաբացը» հայ - գերմանական համատեղ արտադրության կինոնախագիծը (պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան, ռեժիսոր Իննա Սահակյան):
Կաննի կինոշուկա - 2021թ․՝ Marche’ du Film
2021 թվականի հուլիսի 6-15-ը Հայաստանը առաջին անգամ առցանց - տաղավարով (հեռավար) մասնակցեց Կաննի կինոփառատոնի շրջանակում անցկացվող ամենամյա Marche’ du Film-ին։ Ֆիլմերի առք ու վաճառքով, դիստրիբուցիայով զբաղվող աշխարհի ամենահին ու խոշոր կինոշուկան 2021-ին աշխատելու էր հիբրիդային (խառը) եղանակով։ Հայաստանն 2021-ին ընտրեց մասնակցության առցանց ձևաչափը՝ ելնելով մի շարք պատճառներից: Կինոշուկային մասնակցելու համար Հայաստանի ազգային կինոկենտրոնի թիմը պատրաստեց առանձին օնլայն - էջ (տաղավար) Marche’ du Film-ի կայքում:
Marche’ du Film կայքում տեղադրված հայկական օնլայն էջը (տաղավար) միաժամանակ ակտիվ հղումով կապված է Ազգային կինոկենտրոնի և CINANDO-ի կայքերի հետ։ Հայկական էջն ունի մի քանի բաժիններ, այդ թվում՝ 2020-2021թթ․ Ազգային կինոկենտրոնից աջակցություն ստացած ֆիլմերի ընդարձակ Կատալոգ՝ տարբեր արտադրական փուլերում գտնվող 73 կարճամետրաժ, լիամետրաժ, անիմացիոն կինոնկարներ: Marche’ du Film-ի հայկական հարթակը հնարավորություն ընձեռեց Կաննի կինոշուկայում հավատարմագրված մասնագետներին ծանոթանալու հայկական կինոարտադրանքին, միաժամանակ հետադարձ կապի և օնլայն - հարթակում տեղ գտած ինֆորմացիայի միջոցով անմիջական կապ հաստատել ֆիլմերի պատասխանատուների հետ։ Կինոշուկայի համար պատրաստված կատալոգը ամբողջովին ինտերակտիվ էր:
Աջակցություն ստացած ֆիլմերի հաջողությունները 2021-ին
Հայաստանի ազգային կինոկենտրոնից 2020-2021 թվականին ֆինանսական աջակցություն ստացած ֆիլմերից շատերը ընդգրկվել են միջազգային («ПитерКиТ», «Կինոշոկ», Անիմեսթ, BIAF - Bucheon International Animation Festival, Olympia International Film Festival, BASTAU, Colombo International Women’s Film Festival, Paris Courts Devant, SITGES, Festival international du film d’animation d’Annecy, Cinanima, Կրակովի ՄԿՓ, Festival International du court métrage de Clermont - Ferrand, Դուբլինի 2021թ․ միջազգային կինոփառատոնում և այլն) տարբեր կինոփառատոների մրցութային և ոչ մրցութային ծրագրերում։
Հարկ է նշել նաև, որ միջազգային կինոհարթակներում մեծացել է հետաքրքրությունը հատկապես հայկական կարճամետրաժների և անիմացոն ֆիլմերի նկատմամբ։ Այսպես օրինակ՝ Կլերմոն Ֆերան միջազգային փառատոն, որն անվանում են «կարճամետրաժ կինոյի Կանն», «Անսի» ամենամեծ և ամենահեղինակավոր անիմացիոն միջազգային կինոփառատոն և այլն։
Հայկական կարճամետրաժները 2021-ին ներկայանալի ընդգրկվածություն ունեցան «Ոսկե ծիրան» 18-րդ երևանյան կինոփառատոնի «Կորիզ» ծրագրում. ընտրված 9 կարճամետրաժ ֆիլմերից 5-ը նկարահանվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ, իսկ դրանց միջազգային պրեմիերաները կայացել են միջազգային հեղինակավոր փառատոներում՝ «Գլխիվար» (ռեժ.՝ Օվսաննա Շեկոյան), «Շեմից այն կողմ» (ռեժ.՝ Անգինե Իսանյանս), «Թևավորը» (ռեժ.՝ Նաիրա Մուրադյան), «Ժամանում» (ռեժ.՝ Րաֆֆի Մովսիսյան), «Կաֆկայի երազը» (ռեժ.՝ Դավիթ Բաբայան)։
Արտաքին կապեր - 2021թ․
ա. 2021-ին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով, Ազգային կինոկենտրոնը հանդիպումների շարք էր սկսել Հայաստանում տեղակայված օտարերկրյա դեսպանատների մշակութային բաժիների ղեկավարների հետ (Ֆրանսիա, Լեհաստան, Հնդկաստան, Իրան և այլն)՝ համագործակցության առաջարկներով ու համատեղ ծրագրեր իրականցնելու նպատակով։ Այս ուղղությամբ, հարկ է նշել հատկապես Իրանի դեսպանատան հետ արդյունավետ ու փուլային համագործակցությունը (իրանական ֆիլմերի ցուցադրություն Երևանում, մշակութային հանդիպումներ և այլն)։
բ. 2021-ի հունվարին հայկական և իրանական կինոյի պատասխանատուները վերաստորագրեցին (փաստաթուղթը ստորագրված էր 3 տարով) դեռևս 2017թ. Երևանում վավերացված հայ - իրանական համագործակցության համաձայնագիրը՝ կինեմատոգրաֆիայի ոլորտում։ Երկկողմ համաձայնագիրը հայկական կողմից վավերացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, իսկ իրանական կողմից՝ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը։
Կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն ունի գործակցության բազմազան ուղղություններ, այդ թվում՝ կինոժառանգության պահպանության, մանկապատանեկան կինոծրագրերի իրականացման, համատեղ կինոարտադրության զարգացման, երկկողմ կրթական ծրագրերի իրականացման, հայ - իրանական կինոշուկայի ձևավորման, ֆիլմերի տարածման ու երկկողմ փառատոների մասնակցության։
- «Հակոբ Հովնաթանյանը»՝ նոր ժապավենային տարբերակով
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավարության նախաձեռնությամբ և Նյու Յորքի ՀԲԸՄ կենտրոնի ֆինանսավորմամբ՝ Լոնդոնյան CPC ընկերությունը և «Համո Բեկնազարով ծրագիր» ընկերությունը (Դենիել Բըրդ), արդեն տպագրել են Սերգեյ Փարաջանովի երեք ֆիլմերի՝ «Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան) ֆիլմերի վերականգնված տարբերակները 35մմ ժապավենի վրա: Վերականգնված օրինակներից մեկը պահպանության է տրված Հայաստանի ազգային կինոկենտրոնին, 2-րդը՝ դեկտեմբերի 15-ին հանդիսավոր պայմաններում հանձնվեց Փարիզի Պոմպիդու արվեստի կենտրոնի պահպանությանը, իսկ 3-րդ օրինակը՝ 2022-ի հունվարին պահպանության հանձնվեց Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին։
Փարաջանովի էսթետիկ վավերագրությունը նվիրված 18-րդ դարի կեսերին Թիֆլիսում ապրած նկարչի ստեղծագործությանը, վերականգնվել է դեռևս 2018թ․ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և FIXAFILM ընկերության համագործակցության արդյունքում։ Այս տարիներին «Հակոբ Հովնաթանյան» վերականգնված կարճամետրաժ ֆիլմը ստացել է ցուցադրության երկու տասնյակից ավելի հրավերներ՝ միջազգային հայտնի կինոփառատոներից, կինոինստիտուտներից, թանգարաններից, գրադարաններից և հայտնի մշակութային կենտրոններից։
Ստորև ներկայացնում ենք ցանկը․
Թելուրիդի միջազգային կինոփառատոն, ԱՄՆ, 2018, ICA կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոն, Լոնդոն, 2018, BOZAR արվեստի կենտրոն, Բրյուսել, 2018, Ռոտերդամի միջազգային կինոփառատոն, Նիդերլանդներ, 2019, Pera թանգարան, Ստամբուլ, 2019, Ազգային պատկերասրահ, Լոնդոն, 2019, Close Up կենտրոն, Լոնդոն, 2019, Մոսկվայի Տարկովսկու անվան կինոփառատոն, 2019, Նյու Յորքի Լինկոլնի մշակութային կենտրոն, Նյու Յորքի միջազգային կինոփառատոնի շրջանակում, 2019, Պորտուգալիայի միջազգային փառատոն Curtas Vila do Conde, 2019, Սլավոնական, արևելաեվրոպական և եվրասիական հետազոտությունների ասոցիացիայի ամենամյա գիտաժողով, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ, 2019, Նոր Հորիզոններ միջազգային կինոփառատոն, Լեհաստան, 2020, Վաշինգտոնի ազգային պատկերասրահ, 2020, Հոնգ Կոնգի միջազգային կինոփառատոն, 2020, Կոպենհագենի Cinematek կինոթատրոն, 2020, Film at Lincoln Center, 2020, In Situ Contemporary Art Foundation, «In Situ», Լեհաստան, 2020, Pompidou Center, Paris, 2021։
- Ազգային կինոկենտրոնի առաջին մշակութային համագործակցությունը՝ ՀՀ կառավարության «Ի գործ» ծրագրի հետ
2021 թվականին «ի Գործ» պետական ծրագիրը՝ առաջին անգամ, մշակույթի ոլորտում աշխատելու հայտ է ստացել սփյուռքահայ մասնագետից: Ամերիկահայ կինոգետ, փորձագետ Անրի Վարդանովը (կինոգիտության մագիստրոս, Կոլումբիա համալսարան) դիմել է «ի Գործ» ծրագրին՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի Կինոժառանգության բաժնում մասնագիտական աշխատանք իրականացնելու համար։ Ի դեպ, Անրի Վարդանովը, վերջերս, մասնակցել է Երևանում՝ Անրի Վերնոյի 100-ամյակի միջոցառումների շրջանակում անցկացված «Ազգային» կինո՝ համամարդկային ժառանգություն. վերանայման, պահպանության և հանրայնացման խնդիրներ թեմայով եռօրյա գիտաժողովին։
Միջոցառումներ՝ 2021-ին
- Գիտաժողով - 2021թ․
Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուների նախաձեռնությամբ, Երևանում՝ հոկտեմբերի 29-31-ը, տեղի ունեցավ «Ազգային կինո՝ համամարդկային ժառանգություն. վերանայման, պահպանության և հանրայնացման խնդիրներ» թեմայով եռօրյա գիտաժողովը՝ նվիրված ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100 - ամյակին։ Գիտաժողովը կազմակերպել էր Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ։
Այս գիտաժողովը երկխոսություն սկսելու առաջին փորձն էր ազգային կինեմատոգրաֆի առանցքային հարցերի շուրջ՝ ներգրավելով խորհրդային, սոցիալիստական երկրների և սփյուռքի կինոժառանգության հետ առնչվող շուրջ քսան կինոգետների, կինոքննադատների, հետազոտողների և կինոարդյունաբերության մասնագետների Հայաստանից և արտերկրից։ Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ հատուկ հանդիպում-զրույց Անրի Վերնոյի որդու՝ Պատրիկ Մալաքյանի հետ, կազմակերպվեց Վերնոյի առավել հայտնի ֆիլմերի կինոպաստառների ցուցադրություն, ինչպես նաև ցուցադրվեց նրա 1969 թվականի «Շաբաթավերջը Զյույդկոտում» (Weekend at Dunkirk) պատերազմական թեմայով ֆիլմը։ Որպես ամփոփում գիտաժողովի օրերին ընթերցված և ներկայացված բոլոր զեկույցները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը շուտով կհրատարակի առանձին գրքով։
- «Երկրորդ Քարավան» ֆիլմի անավարտ տարբերակի արխիվային օրինակի թվայնացում և վերականգնում։
2021 թվականին կատարված հետազոտական աշխատանքների արդյունքում Ազգային կինոկենտրոնը ձեռք է բերել Համո Բեկնազարյանի 1952 թվականին նկարահանված վերջին հայկական ֆիլմի անավարտ տարբերակի պատճենը։ Հայրենադարձության մասին պատմող այս պատմականորեն կարևոր կինոնկարը 2022-ին առաջին անգամ կթվայնացվի և կանցնի մասնագիտական վերականգնում, որից հետո կներկայացվի հանրությանը՝ հայ կինոյի 100 ամյակի միջոցառումների շրջանակում։
- Ցուցահանդես - Ռուդոլֆ Վաթինյան
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացրել է անվանի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի (1941-2021թթ․) ծննդյան 80-ամյակին նվիրված «Վերջին Արդիները. Ռուդոլֆ Վաթինյան ֆոտո - դիմանկարները՝ 1960-80թթ.» ցուցահանդեսը։ Շուրջ 40 լուսանկարների ընտրանուց բաղկացած այս ցուցահանդեսը միտված էր ներկայացնելու Վաթինյանի լուսանկարչությունը՝ որպես 1960-1980-ականների հայ արդի արվեստի ու մշակույթի ուշագրավ երևույթ։ Ցուցահանդեսի համադրող՝ Վիգեն Գալստյան (արվեստաբան, Ազգային կինոկենտրոնի Կինոժառանգության բաժնի ղեկավար)։
- Հայկական ֆիլմերի ազդագրերից վերատպված առաջին կինոստիկերների ցուցահանդես
Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Էպիգրաֆ» գրախանութը առաջին անգամ ներկայացրեցին հայկական կինոազդագրերից վերատպված 20 կինոստիկերների (կպչուկներ) բացառիկ հավաքածու։ Բացի այդ, հանրությանը ներկայացվեցին նաև «Բարև, ես եմ», «Հայրիկ», «Մկների ժողովը», «Սարոյան եղբայրներ», «Կտոր մը երկինք», «Երջանկության մեխանիկա» և այլ հանրահայտ կինոնկարների վերատպված կինոազդագրերը։ Ցուցադրության համար ընտրվել էին հատուկ այն ֆիլմերի ազդագրերը, որոնք ժամանակի ընթացքում դարձել են հիթային ու հարազատ մեր հանրության համար։
- Հայ կինոյի օր - ապրիլի 16
Ապրիլի 16-ը պաշտոնապես Հայ կինոյի օրն է․ 2019թ․ ՀՀ ազգային ժողովը հունիսի 19-ի հերթական նիստում ընդունեց ապրիլի 16-ը՝ Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքը։
Հայ կինոյի օրվա առիթով՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած կինոցուցադրումների հանրային արշավին միացել են մայրաքաղաքային և մարզային մի շարք կինոթատրոններ՝ «Մոսկվա» կինոթատրոն՝ Երևան, «Հոկտեմբեր»՝ Գյումրի, «Քաջարան»՝ Սյունիք և այլն։ Միայն մեկ օր՝ ԱՊՐԻԼԻ 16-ին բոլոր կինոթատրոնները ցուցադրեցին հայկական հին ու նոր բազմաժանր ֆիլմեր՝ նշանավորելով ՄԵԾՆ ԿԻՆՈՅԻ ծնունդը։
- Հուշագիր
Հայկական կինոարվեստի և կերպարվեստի միևնույն՝ մշակութային ժառանգության բացառիկ ու եզակի նմուշների նորովի հանրայնացման նպատակով՝ ապրիլի 20-ին, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց: Երկկողմ գործակցության հուշագիրը միտված է մշակութային կինոժառանգության նմուշներն ուղղորդել դեպի թանգարան՝ բացառիկ ու եզակի կադրերին տալ նոր կյանք ու նոր շնչառություն (դասախոսություն, ցուցադրություն, կինոդիտում): Հուշագրի ստորագրմանը հաջորդեց Հայաստանի ազգային պատկերասրահում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով՝ «ՍԱ - ՆՐԱՆԻՑ - ՀԻՆ» խորագրով ցուցահանդեսի բացումը, որում ներառված էին նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից վերականգնված Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմի վերջնական տարբերակ չմտած կադրերն ամփոփող եզակի ինստալյացիան (Հաղպատ և Սանահին վանական համալիրների տեսարաններով):
- «ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» սեմինար
Երևանում՝ նոյեմբերի 22-27-ը, «ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» միջազգային սեմինարի օրերին, Հայաստանի Հանրապետության, ԱՊՀ երկրների, ԵԱՏՄ-ի, Բալթյան երկրների, Վրաստանի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և կինոարդյունաբերության ոլորտային մասնագետները համատեղ քննարկել են կինոոլորտում միջպետական համագործակցության կարգավորման հնարավորությունները։ Սեմինարն ուղղված էր կինեմատոգրաֆիայի բնագավառում պետական և մասնավոր հատվածների համագործակցության համակարգի արդիականացմանը՝ ինչպես մեր երկրի տարածքում, այնպես էլ միջազգային մակարդակում:
- Հայաստանի ազգային կինոկենտրոնը հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել էր մանկապատանեկան հին ու նոր հայկական մուլտերի ցուցադրություն։
- Դիլիջանում 2021-ին տեղի է ունեցել երկշաբաթյա կինոցուցադրումները «Մանուշակ» կինոթատրոնում։ Ցուցադրության համար ընտրվել էին ինչպես հայկական կինոժառանգության ֆիլմեր, այնպես էլ ժամանակակից ռեժիսորների աշխատանքներ։
- Հայկական ֆիլմերի ցուցադրություններ մարզերում։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը