Հոկտեմբերի 24 2021

Արձակագիր Նարինե Աբգարյանի ստեղծագործություններից մեկը` «Զուլալին» դարձավ Հայկ Օրդյանի խաղարկային լիամետրաժ ֆիլմի գրական հիմքը, որը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։

 

«Ընդամենը 50 էջ է, բայց ստացվել է 1,5 ժամանոց լիամետրաժ խաղարկային ֆիլմ: Ես վերցրել եմ Նարինեի ժողովածուի միայն մեկ նովել, բայց որպեսզի այն ֆիլմ դառնար, այլ ստեղծագործություններից էլ եմ էպիզոդներ ներառել», - հոկտեմբերի 22-ին` «Մոսկվա» կինոթատրոնում, կայացած պրեմիերայից առաջ հանդիսատեսի հետ իր հույզերով ու հուշերով կիսվեց կինոնկարի ռեժիսոր Հայկ Օրդյանը։

 

Ֆիլմի ռեժիսորը խոստովանեց․ «Երբ «Զուլալին» առաջին անգամ կարդացի, այնքա՜ն հոգեհարազատ թվաց ինձ. բոլոր կերպարներին ճանաչում էի, բոլորին տեսել էի: Պատճառն այն է, որ ես ու Նարինեն, նաև այդ կերպարները նույն հող ու ջրից ենք»: Ֆիլմի պատասխանատուները աշխատել են հավատարիմ մնալ գրական ստեղծագործությանը, որը ռուսերեն էր գրված: Առաջին իսկ պահից վճռել էր, որ կերպարները հենց Շամշադինի բարբառով էլ խոսելու են: Երկխոսությունները մշակելու համար մեծ աշխատանք է տարվել, որպեսզի էկրանից փոխանցվեն շամշադինյան բարբառի համն ու հոտը, գյուղական կոլորիտն ու միջավայրերը, 1990-ականների ժամանակների շունչը:

 

2019-ի սկզբներին սկսվել են ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, հետո՝ նկարահանումները, բայց վրա է հասել համավարակը, որը շատ է խանգարել, նաև ֆինանսական խոչընդոտների պատճառ դարձել: Հետո… պատերազմ: Պատերազմից ընդամենը մեկ շաբաթ առաջ են նկարահանումներն ավարտվել, սակայն հետարտադրական փուլն սկսելը շատ դժվար է եղել: Կինոնկարի երաժշտության հեղինակը մաեստրո Տիգրան Մանսուրյանն է, որը Հայկ Օրդյանի խոսքերով, իր երաժշտությամբ հզոր էներգետիկա է հաղորդել ֆիլմին:

 

«Զուլալիի» օպերատորական աշխատանքն աչքի է ընկնում՝ նուրբ, պրոֆեսիոնալ, գեղարվեստական ու գեղագիտական կտավների հավասար կինոկադրերով (օպերատոր՝ Արման Օրդյան): Դերակատարները ֆիլմում շատ չեն, բայց գլխավոր կերպարներից միայն Մարինե Պետրոսյանն է (Աքիր), որ Շամշադինի հետ կապ չունի: Ֆիլմը շուտով սկսելու է փառատոնային ճանապարհը: Կթարգմանվի ու կհնչյունավորվի ռուսերեն, որպեսզի ներկայացվի նաև Ռուսաստանում, որտեղ Նարինե Աբգարյանը բավականին ճանաչված գրող է ու երկրպագուների մեծ բանակ ունի:

 

Համաֆինանսավորողներ` Հայաստանի ազգային կինոկենտրոն, Հանրային հեռուստաընկերություն, արտադրող ընկերություն` Օրդեր ֆիլմ փրոդաքշըն:

Ռեժիսոր և պրոդյուսեր՝ Հայկ Օրդյան, սցենարի հեղինակներ՝ Աստղիկ Սիմոնյան, Հայկ Օրդյան, օպերատոր՝ Արման Օրդյան

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը