Սեպտեմբերի 22 2021

Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Էպիգրաֆ» գրախանութը առաջին անգամ ներկայացրեցին հայկական կինոազդագրերից վերատպված 18 կինոստիկերների (կպչուկներ) բացառիկ հավաքածուն՝ սեպտեմբերի 17-ին՝ «Էպիգրաֆ» գրախանութի մասնաճյուղում (Նկարիչների միություն, Աբովյան 14)։ Նույն օրը հանրությանը ներկայացվեցին նաև «Բարև, ես եմ», «Հայրիկ», «Մկների ժողովը», «Սարոյան եղբայրներ», «Կտոր մը երկինք», «Երջանկության մեխանիկան» և այլ հանրահայտ ֆիլմերի վերատպված կինոազդագրերը։ Ցուցադրության համար ընտրվել են հատուկ այն ֆիլմերի ազդագրերը, որոնք ժամանակի ընթացքում դարձել են հիթային ու հարազատ մեր հանրության համար։

 

Միջոցառման ընթացքում, ցուցադրվեցին նաև վերջերս նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքից գտնված հինգ հայկական կինոազդագրեր, որոնք վերականգնվել են Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ։

 

1960-80-ականներին տպագրված այս հրաշալի գրաֆիկական ազդագրերից պահպանվել են միայն եզակի նմուշներ, ուստի այս հավաքածուն հնարավորություն է ընձեռում լայն հանրությանը ավելի մոտիկից ծանոթանալու հայկական կինոազդագրի արվեստին և ձեռք բերելու դրանց որակյալ պատճենները։

 

Հիշյալ նախագծով մեկնարկում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Էպիգրաֆ» գրախանութի շարունակական գործակցությունը։ Առաջիկայում, նախատեսվում է կինոստիկերների նոր շարքի թողարկում, ազդագրերի մեծադիր վերատպություն, ինչպես նաև գունավորման պաստառների և պատկերազարդ ալբոմների տպագրություն երեխաների համար։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը