Մարտի 31 2021

Լեհաստանում մեծապես հետաքրքրված են հայաստանյան իրողություններով և պատրաստ են համագործակցության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ կինոարտադրության և կինոոլորտում տեղի ունեցող նոր զարգացումներով։ Այս մասին կինոկենտրոնում մարտի 31-ին կայացած հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Լեհաստանի փոխդեսպան Քրիստով Բարչակը։

Փոխդեսպանը փաստեց, որ լեհ ռեժիսորներն ու կինոարտադրողները հետաքրքրված են Հայաստանում ֆիլմեր նկարելու գաղափարով և հնարավորության դեպքում այն սիրով կիրականացնեն։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը ողջունեց լեհական կողմի այս գաղափարը, ավելին նշեց, որ կարող են համատեղ ֆիլմարտադրություն կազմակերպել երկրի պետական ֆինանսավորման չափանիշներին համաձայն։ Շուշանիկ Միրզախանյանը, փաստեց, որ և՛ Հայաստանը, և՛ Լեհաստանը անդամակցում են Եվրիմաժին, ինչը ևս մեկ հնարավորություն է երկուստեք զարգացնելու համատեղ կինոարտադրությունը։

Կինոկենտրոնի տնօրենը փոխդեսպանին ներկայացրեց նաև 2018 թ․-ից կինոկենտրոնի և լեհական «Ֆիքսաֆիլմ» ընկերության միջև ձևավորված համագործակցությունը՝ ֆիլմերի վերականգնման և դրանց արդյունքների, որոնք դարձել են կինոժառանգության վերականգնման օրինակելի նմուշներ (Ս․ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմը, «Նռան գույնը» հիմնական ֆիլմից դուրս մնացած հատվածները, որոնք հետո՝ ինստալացիա ձևաչափով ցուցադրվեցին Ռոտերդամի փառատոնում և այլն)։

Կողմերը խոսեցին նաև հայ և լեհ կինոգործիչների համատեղ հանդիպումների օնլայն հարթակ ստեղծելու մասին, ինչն ավելի առարկայական շփումների և գործակցության հնարավորություն կընձեռնի։

Կինոկենտրոնի ֆիլմհանձնակատար Մելիք Կարապետյանն էլ առաջարկեց Լոձի կինոինստիտուտի հետ սկսել կրթական նոր ծրագիր հայ ուսանողների համար, քանի որ բուհն աշխարհում ամենահայտնի կինոդպրոցներից է։

Կողմերը պայմանավորվեցին դիտարկել առաջարկությունները, որից հետո հանդիպել և քննարկել համագործակցության հաջորդ քայլերը։ 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը