Հոկտեմբերի 01 2020
Հայաստանի ազգային կինոկենտրոնի 2018/2019թթ. ֆինանսական աջակցություն ստացած «Դրախտի դարպասը» ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից, թեև արդեն իսկ նշանակվել էր ցուցադրության օրը (հոկտեմբերի 4):
http://moscowfilmfestival.ru/miff42/films/?id=42114
Հայաստանի ազգային կինոկենտրոնը դատապարտում է ցանկացած նմանօրինակ որոշում։
Ցավով պետք է արձանագրել, որ միջազգային հեղինակություն ունեցող մշակութային կառույցի կողմից կայացված որոշումը մեծ հիասթափություն է առաջացրել, քանի որ այս քայլով քաղաքականացվել է ամբողջ փառատոնը, բացառելով՝ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի կինոռեժիսորի ֆիլմի ցուցադրությունը կինոփառատոնում։ Ֆիլմը դարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական թիրախը` վտանգի տակ դնելով վարկանիշային կինոփառատոններից մեկի հեղինակությունը։ Ինչպես և պարզ է դառնում կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Ռազլոգովի բացատրագիր նամակից, սույն որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը սկսվեց և սահմանի երկայնքով մարտերը թեժացել էին, սակայն աջակցության փոխարեն տեղի ունեցավ ճիշտ հակառակը։
Այս խտրական վերաբերմունքի հասցեատերը միայն Հայաստանը չէ, «Դրախտի դարպասը» ֆիլմի համատեղ միջազգային արտադրությանը մասնակցել են՝ Հայաստանը, Լիտվան, Գերմանիան, Բուլղարիան, Չեխիան, Իտալիան և Ավստրիան: Հիշեցնենք նաև այն, որը ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Արցախում և Լիտվայում։ Ֆիլմը դեռևս նկարահանման փուլում հետապնդվել է և անցել դժվարին ճանապարհ։ Ֆիլմի ստեղծման ժամանակ Ադրբեջանի կողմից ագրեսիայի ալիք բարձրացվեց, փորձելով խոչընդոտել արտասահմանյան դերասանական և ստեղծագործական կազմի ներգրավվածությունը ֆիլմին և արտասահմանյան նկարահանումներին, ինչն իհարկե, դժվարեցրեց եվրոպական կողմից ֆինանսական աջակցության հարցը։ (Կից՝ ֆիլմի համարտադրող լիտվական կողմի պրոդյուսեր՝ Կեստուտիս Դռազդաուսկասի ելույթը:
https://www.facebook.com/ArtboxLTproduction/videos/333420737727019)
Այնտեղ, որտեղ հայտնվում է հայկական ֆիլմը Ադրբեջանը ճիգեր է գործադրում սադրելու իր մշակութային պատերազմը, սա է և՛ ադրբեջանական, և՛ թուրքական քարոզչության ձեռագիրը, քանի որ նույն ճակատագրին են արժանացել Ջիվան Ավետիսյանի նախորդ ֆիլմերը և հայկական «Եվա» ֆիլմը (հայ-իրանական արտադրության), որի ցուցադրությունը ադրբեջանական սադրանքի արդյունքում 2018 թվականին արգելվեց Ստամբուլում։ Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվի» ֆիլմի (Հայաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի արտադրության) հաջող ընթացքը ևս 2020թ․բողոքների ու դժգոհությունների մեծ ալիքի արժանացավ, չնայած դրան ֆիլմն ընդգրկվել է Կաննի միջազգային կինոփառատոնում։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը կոչ է անում միջազգային կինոհանրույթի բոլոր ներկայացուցիչներին և ամբողջ աշխարհին դատապարտել նմանօրինակ երևույթը՝ բացառելու համար հետագա կրկնությունը։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը