Հունիսի 14 2020

 

2020 թվականին՝ COVID-19-ը համաճարակի պատճառով իրար հետևից չեղարկվեցին և հետաձգվեցին համաշխարհային հայտնի կինոփառատոներ, կինոֆորումներ և բազում այլ կինոստուգատեսներ։

 

Այդուհանդերձ, հենց այս շրջանում, հայկական կինոն արձանագրեց երկու կարևոր իրադարձություն․ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի կողմից ընտրված ֆիլմերի պաշտոնական ցուցակում՝ The First Features (առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմ) անվանակարգում, հետխորհրդային շրջանում առաջին անգամ ընդգրկվեց հայկական ֆիլմ՝ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի համատեղ արտադրության (Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա) «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը։ Իսկ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» (Gate to Heaven) ֆիլմը՝ ֆրանսիական վաճառքի գործակալ «MPM Premium»-ի միջոցով, Կաննի վիրտուալ կինոշուկայում՝ հունիսին առաջին անգամ, կներկայացվի գնորդներին և փառատոնի ծրագրավորողներին։

 

Հարկ է նշել, որ այս երկու ֆիլմերը պետական ֆինանսական աջակցություն են ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից վերջին երկու տարիներին, ինչն ուրախալի փաստ է, այն առումով, որ նկատվում է պետական աջակցություն ստացած նախագծերի հեռանկարային լինելը։

«MPM Premium»-ը Կաննի վիրտուալ կինոշուկայում իրականացնելու է ֆիլմի երկու ցուցադրություն՝ հունիսի 22-ին և 23-ին։

 

Նախորդ տարիների օրինակով, այս տարի էլ Կաննի կինոշուկայում ներկա են լինելու կինոարտադրողներ, դիստրիբյուտորներ՝ ամբողջ աշխարհից, միայն թե՝ օնլայն տարբերակով։ Եվ, հետևաբար, ֆիլմերի ցուցադրություններն էլ կազմակերպվելու են առցանց: Կինոնկարի համաշխարհային վաճառքի գործակալ «MPM Premium»-ը, աշխատելու է ֆիլմի առաջխաղացման աշխատանքների ուղղությամբ։ Սա առանձնակի հնարավորություն է ֆիլմերի միջոցով աշխարհին ներկայացնել արցախյան հակամարտության մասին ճշմարտացի տեղեկություններ։

«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան և արցախյան պրեմիերան կայացել է 2019 թ․-ի հոկտեմբերին:

 

Ֆիլմի մասին. Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունք, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...
Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:

 

Տեղեկացնենք, որ «Դրախտի դարպասը» Հայաստանի, Լիտվայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրություն է։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը