Փետրվարի 19 2020

Հայաստանն առաջին անգամ իր առանձին տաղավարով փետրվարի 20-27-ը պաշտոնապես կներկայանա Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում գործող Եվրոպական կինոշուկայում (EFM - European Film Market): Այս մասին փետրվարի 19-ին՝ ասուլիսում, հայտնեցին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և գեղարվեստական ղեկավար Մելիք Կարապետյանը:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքերով, դեռևս 2019 թվականին, երբ ինքը մասնակցել է Բեռլինի կինոշուկային, ականատես է եղել մի փաստի, որ կինոշուկայում աշխատող հայ կինոգործիչները չունեն տարածք, որտեղ կարողանան ներկայացնել իրենց արտադրանքը, կազմակերպել հանդիպումները և միջոցառումները․ «վերադառնալուն պես, անմիջապես դիմեցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի աջակցեն մեզ 2020 թվականին կինոշուկայում սեփական տաղավար ունենալու գործին: Նախարարության պատասխանատուները գնահատելով խնդրի կարևորությունը ընդառաջեցին, և նրանց շնորհիվ մենք արդեն ունենք այդ հնարավորությունը»։

 

«Հայաստանյան փոքրաթիվ պատվիրակության թիմում է նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: Այցելության ընթացքում հրավեր ունենք Պոտսդամի կինոինստիտուտից, ինչը հնարավորություն կընձեռի տեղում ծանոթանալու գերմանական կրթական կինոծրագրերին ու գործունեությանը առհասարակ», - նշեց Շուշանիկ Միրզախանյանը:

 

Շ․ Միրզախանյանը հայտնեց, նաև որ ազգային կինոկենտրոնը փոխում է (ռեբրենդինգ) կինոկենտրոնի լոգոն և բեռլինյան կինոշուկայում արդեն կներկայանան նոր լոգոյով և նոր ոճով։ Ավելի ուշ, պատրաստ կլինի նաև ազգային կինոկենտրոնի նոր կայքը, որը կունենա նոր ու ժամանակակից հնարավորություններ։

 

Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Մելիք Կարապետյանը հայտնեց, որ կինոշուկայում ներկայացվելու է շուրջ 50 հայկական ֆիլմ: Հատուկ Բեռլինի կինոշուկայի համար տպագրվել է կատալոգ, որում ներառվել են և կինոկենտրոնի կողմից աջակցություն ստացած, և անկախ ստեղծագործողների ֆիլմերն ու նախագծերը։

 

Ազգային կինոկենտրոնի տնօրենը լրագրողներին տեղեկացրեց 2020թ. փետրվարի 28-ից մարտի 14-ը ամերիկյան մայրցամաքում կայանալիք միջոցառումների մասին։ Վաշինգտոնի ազգային պատկերասրահը (National Gallery of Art) համագործակցելով ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ կազմակերպում են «Հայկական ոդիսական» հայ մշակույթին, երաժշտությանը և ֆիլմերին նվիրված բազմաշերտ փառատոն, որի շրջանակներում ամերիկյան հանդիսատեսին կներկայացվեն հայկական կինոժառանգության բացառիկ նմուշները և հայկական երաժշտություն՝ Վաչե Շարաֆյանի և Արամ Խաչատրյանի գործերը։

 

«Մեզ համար սա շատ կարևոր քայլ է՝ ամերիկյան հանդիսատեսին ներկայացնելու հայկական կինոժառանգության բացառիկ նմուշները: Միջոցառմանը ցուցադրվելու են Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» (1938), Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1968) և «Հակոբ Հովնաթանյան» (1967) ֆիլմերը։ Մշակութային այս միջոցառմանը մեր մասնակցությունը ապահովելու համար ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը շատ մեծ աշխատանք է կատարել», - ասաց տիկին Միրզախանյանը:
 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը