Հոկտեմբերի 13 2025
2025 թ. սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացավ Մոսկվայի արխիվային ֆիլմերի միջազգային 5-րդ փառատոնը, որը հանդիսանում է նախկինում հայտնի «Սպիտակ սյուներ» (Белые Столбы) փառատոնի իրավահաջորդը։ Փառատոնը կազմակերպվում է Ռուսաստանի Գոսֆիլմաֆոնդի կողմից՝ սկսած 1997 թվականից։ Կինոառատոնը հնարավորություն է տալիս կինոգետներին, կինոարխիվների մասնագետներին և կինոսիրողներին ծանոթանալու ինչպես միջազգային, այնպես էլ Ռուսաստանի ամենամեծ կինոարխիվներից մեկի՝ Գոսֆիլմաֆոնդի հարուստ ժառանգությանը։
Հայաստանի կինոյի հիմնադրամը, որպես Գոսֆիլմաֆոնդի գործընկեր կառույց, նույնպես հրավիրված էր մասնակցելու փառատոնին։ Այս տարի փառատոնի շրջանակում հատուկ ուշադրություն էր հատկացված մշակութային ժառանգության պահպանմանն ու ֆիլմերի թվայնացմանն ուղղված նախաձեռնություններին։ Կինոյի հիմնադրամի Կինոժառանգության բաժնի ղեկավար Նունե Հովհաննիսյանը, ներկայացնելով Հայաստանի կինոյի հիմնադրամը, մասնակցեց «Մշակութային փոխանակում» ծրագրին և ֆիլմերի վերականգնման թեմային նվիրված կլոր սեղան-քննարկումներին։ Քննարկումների ընթացքում տարբեր երկրների մասնագետներ անդրադարձան ֆիլմերի վերականգնման ժամանակակից մեթոդներին, թվայնացման գործընթացների բարելավմանն ու մշակութային փոխանակման միջազգային ծրագրերի արդյունավետությանը։
Փառատոնի շրջանակում առանձնահատուկ իրադարձություն էր նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1969) ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությունը։ Հայաստանի կինոյի հիմնադրամը ֆիլմի ցուցադրության բացառիկ թույլտվությունը ստացել էր The Film Foundation կազմակերպությունից՝ համագործակցության շրջանակում։ Ֆիլմը ցուցադրվեց «Իլլուզիոն» կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճում՝ մեծ հուզմունք և ոգևորություն առաջացնելով հանդիսատեսի շրջանում։ Տասնամյակներ անց՝ երբեմնի արգելված և խորհրդանշական այս ֆիլմը կրկին ցուցադրվեց Մոսկվայում՝ որպես համաշխարհային կինոմշակույթի անքակտելի մաս։
Այս փառատոնը դարձավ ոչ միայն կինոժառանգության պահպանման միջազգային փորձի փոխանակման հարթակ, այլև նոր համագործակցությունների սկիզբ Հայաստանի և այլ երկրների կինոարխիվների միջև։ Հայաստանի կինոյի հիմնադրամը շարունակելու է իր միջազգային գործընկերությունների շրջանակն ընդլայնելու աշխատանքը՝ նպատակ ունենալով խթանել ազգային կինոժառանգության թվայնացմանը, վերականգնմանը և միջազգային հանրությանը ներկայացմանը։
Հայաստանի կինոյի հիմնադրամ
Հասարակայնության հետ կապերի բաժին
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը