Հուլիսի 23 2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի աջակցությամբ հրատարակված այս գիրքը համադրում է տարիների ընթացքում տարբեր հեղինակների կողմից արված հարցազրույցներ, վերլուծական հոդվածներ, միջազգային կինոգետների դիտարկումներ, ինչպես նաև վավերագրական լուսանկարներ՝ ամբողջական պատկերացում տալով Հարություն Խաչատրյանի ստեղծագործական ուղու մասին։ Գրքի հեղինակն ու նախաձեռնողը՝ Արայիկ Մանուկյանը, ավելի քան մեկ տարի սիրով ու նվիրվածությամբ աշխատել է այս նախագծի վրա՝ թարգմանելով, ուսումնասիրելով ու համադրելով բազմաթիվ նյութեր: Գիրք-ալբոմը ձևավորվել է ժամանակակից մոտեցմամբ՝ ներառելով նաև կրիչ, որում տեղ են գտել Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից վերականգնված ֆիլմերը՝ ընդգծելով ժառանգության պահպանման և նոր սերունդներին փոխանցման կարևորությունը:


Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանն իր ողղջույնի խոսքում ընդգծեց Հարություն Խաչատրյանի նշանակալի դերը ոչ միայն հայկական, այլև համաշխարհային կինոժառանգության պահպանման և զարգացման գործում՝ շեշտելով, որ նման նախաձեռնություններն ուղղված են հեղինակային կինոյի արժևորմանը, մշակութային հիշողության պահպանմանը և միջազգային հանրությանը ներկայանալու շարունակական գործին։ Գրքի հեղինակ Արայիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ աշնանը սպասվում է ամենամեծ իրադարձություններից մեկը. հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 30-ը Հարություն Խաչատրյանի 11 ֆիլմերը՝ «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարանը», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի», «Նկարչի երեք գերեզմանները», ««Հարություն Խաչատրյան 70» հարգանքի տուրք» կցուցադրվեն Փարիզի Պոմպիդու կենտրոնում:
 
Հարություն Խաչատրյանի ֆիլմերը նոր ուղղություն են տվել հայկական վավերագրական կինոյին՝ կենտրոնում պահելով մարդուն՝ նրա անցյալով, հիշողություններով և պատմության հետ բախումով։ Ռեժիսորի պոետիկ կինոեղանակը վաղուց արժանացել է միջազգային հարթակների բարձր գնահատականին։
 
 
Հայաստանի կինոյի հիմնադրամ
Հասարակայնության հետ կապերի բաժին

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը