Հուլիսի 07 2025

Այս տարի լրացավ թատրոնի և կինոյի հանճարեղ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակը։ Դերասան, որի կերտած կերպարներն անցել են էկրանից այն կողմ՝ դառնալով ազգային ինքնության մի մասնիկ, իսկ նրա մարդկային կերպարի ազնվությունն ու արտիստական հզորությունը շարունակում են ապրեցնել նրան սերունդների հավաքական հիշողության մեջ։ Հայաստանի կինոյի հիմնադրամը Մհեր Մկրտչյանի հոբելյանը նշեց ոչ միայն որպես հիշատակի կարևոր առիթ, այլ որպես հնարավորություն՝ վերհանելու և վերաիմաստավորելու մեծ արվեստագետի թողած մշակութային ժառանգությունն իր ամբողջ խորությամբ։ Կազմակերպված միջոցառումները նպատակ ունեին Ֆրունզիկի կերպարը ներկայացնել ոչ միայն որպես դերասան, այլ որպես ազգային ինքնության կենդանի խորհրդանիշ՝ սերունդներին փոխանցվող արժեք։

 

Հայաստանի կինոյի հիմնադրամը համագործակցելով Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի հետ, կազմակերպեց Ֆրունզիկի դերակատարմամբ ֆիլմերի հատուկ ցուցադրություններ՝ Հ. Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), ինչպես նաև Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» (1984թ.) և «Խոշոր շահում» (1981թ.) ֆիլմերը։ Ֆիլմերի ընտրությունն ուներ մեկ կարևոր նպատակ՝ հնարավորություն տալ վերապրելու Մհեր Մկրտչյանի դերերը և նոր սերնդին ևս հաղորդակից դարձնել նրա ապրող մշակութային ժառանգությանը։ Հուլիսի 4-ին՝ Մհեր Մկրտչյանի ծննդյան օրը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի և մշակութային համայնքի ներկայացուցիչները վրացի գործընկերների հետ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ դերասանի հիշատակին։

 

Այս խորհրդանշական օրը շարունակվեց հոբելյանական ցուցադրությամբ՝ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի ցուցասրահում։ Ներկայացվեցին ժամանակակից նկարիչների աշխատանքներ, որոնք պատկերում էին դերասանին՝ յուրովի մեկնաբանելով նրա կերպարը, ինչպես նաև հատուկ սրահում ցուցադրվեցին Մկրտչյանի կինոհանդերձանքները, որոնք այսօր արդեն ոչ միայն կինոյի, այլև ազգային հիշողության մաս են՝ թանգարանային արժեք ստացած խորհրդանիշներ։ Ամիսներ տևած հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակում կայացավ Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն, որը վերածվեց հայ-վրացական մշակութային կապերի խորհրդանշական վերաիմաստավորման։ «Սիրո կամուրջ» խորագրով անցկացված հուշ-երեկոն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում արժևորեց երկու մշակութային հսկաների՝ Մհեր Մկրտչյանի և Սոֆիկո Ճիաուրելիի ժառանգությունը՝ վեր հանելով նրանց անփոխարինելի դերը հայ-վրացական թատերական և կինեմատոգրաֆիական երկխոսության պատմության մեջ։ Երեկոն դուրս էր դասական հուշ-միջոցառման սահմաններից՝ վերածվելով մշակութային ճանապարհորդության։ Բեմում հանդես եկան երգչուհի Թամարա Գվերձիթելին, Դավիթ Մազանաշվիլու երաժշտախումբը, վրացական «Թատերական քառյակը», ինչպես նաև Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական թատրոնների դերասանները։ Հատուկ պահեր էին այն ելույթները, որտեղ Մհեր Մկրտչյանի ուսանողները, գործընկերներն ու մտերիմները կիսվեցին հուշերով՝ ներկայացնելով նրան ոչ միայն որպես արտիստ, այլև որպես մարդ, ուսուցիչ և ընկեր։ Հատուկ տեսաուղերձով հանդիսատեսին դիմեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ իր մասնակցությունը բերելով ոչ միայն խոսքով, այլ հիշողությամբ՝ ներկաներին մաղթելով հաճելի պահեր: Ամբողջ երեկոյի ընթացքում մեծ էկրանին ցուցադրվեցին հայ կինոյի «Ոսկե ֆոնդից» ընտրված հատվածներ՝ Ֆրունզիկ Մկրտչյանի դերակատարումներով, որոնք ոչ միայն վերակենդանացրին նրա վառ ներկայությունը ազգային կինոյի հիշողության մեջ, այլև վերահաստատեցին առանցքային դերը հայ կինեմատոգրաֆի պատմության մեջ։ Հնչեցին նաև հուշեր Սոֆիկո Ճիաուրելիի արվեստի մասին՝ ընդգծելով նրա դերը թե՛ վրացական, թե՛ հայկական մշակութային հարթակներում։ Միջոցառումն անցկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Վրաստանի մշակույթի նախարարության և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի, վրացական NNLE “Art Air” կազմակերպության և Սունդուկյանի անվան թատրոնի համատեղ նախաձեռնությամբ։

 

«Սիրո կամուրջը» դարձավ ոչ միայն հարգանքի տուրք երկու մեծություններին, այլև նոր կամուրջ հայ-վրացական մշակութային բարեկամության։
Հատականշական է, այն որ Կինոյի հիմնադրամի կողմից իրականացվեց հատուկ տեղեկատվական արշավ՝ սոցիալական մեդիայի և այլ հաղորդակցական հարթակների միջոցով, որի շրջանակում ներկայացվեց դերասանի մտքերն ու կինոժառանգության ուշագրավ հատվածները, կյանքի կարևոր դրվագները, ստեղծագործական ուղին՝ հնարավորություն տալով վերաիմաստավորելու նրա դերը հայ կինոյի պատմության մեջ։

Այս նախաձեռնություններով Հայաստանի կինոյի հիմնադրամը ոչ միայն վերարժևորեց Մհեր Մկրտչյանի՝ ազգային մշակույթում ունեցած անփոխարինելի դերը, այլև վստահ քայլ կատարեց նրա արվեստը նոր սերունդներին փոխանցելու և մշակութային հիշողության պահպանման ուղղությամբ։

 

Հայաստանի կինոյի հիմնադրամ
Հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը