Հունիսի 25 2025

Հայաստանի կինոյի հիմնադրամը, շարունակելով միջազգային կինոհամագործակցության իր ռազմավարական ուղղությունը, մասնակցեց Սանկտ Պետերբուրգի «Լենֆիլմ» կինոստուդիայում անցկացված «Ժամանակակից կինոն․ կինոարտադրությունն ու հանդիսատեսը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում՝ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների կինոոլորտի պետական ու մասնավոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Հայաստանին ներկայացնում էր Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, ով քննարկման ընթացքում հանդես եկավ կինոյի ոլորտին վերաբերող առաջարկներով և դիտարկումներով՝ ընդգծելով ոլորտի զարգացման հիմնախնդիրները և միջազգային համագործակցության կարևորությունը։ Քննարկման նպատակն էր միավորել ԱՊՀ երկրների կինոստուդիաների, հիմնադրամների և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներին՝ համատեղ վերլուծելու արդի կինեմատոգրաֆիական մարտահրավերները, տեխնոլոգիական նորարարությունները, հանդիսատեսի վարքագծի փոփոխությունը և ստեղծագործական փոխգործակցության հնարավորությունները։

 

Հատուկ ուշադրություն դարձվեց համատեղ արտադրությունների, կրթական նախաձեռնությունների և կինոժառանգության պահպանման ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությանը։ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենը հանդիպման ընթացքում ներկայացրեց հայկական կինոարտադրության ռազմավարական ուղղությունները, միջազգային ներկայության ընդլայնման առաջնահերթությունները և ընդգծեց ԱՊՀ շրջանակում ստեղծվող համատեղ նախագծերին Հայաստանի ներգրավման պատրաստակամությունը։ Այս համատեքստում շեշտվեց նաև Հայաստանի և «Լենֆիլմ»-ի միջև ընթացող համագործակցությունը՝ «Արարատ կղզի» համատեղ արտադրության նախագծի շուրջ։ Նախագիծը միտված է միավորել տարածաշրջանային ստեղծագործական ներուժը՝ անդրադառնալով ազգային ինքնության, պատմական հիշողության և ժամանակակից հանդիսատեսին համահունչ բովանդակության համադրությանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև այն տեխնոլոգիական լուծումները, որոնք կիրառում է «Լենֆիլմ»-ը՝ հետարտադրական, թվայնացման և վերականգնման ոլորտում։

 

Հայաստանի կինոյի հիմնադրամը, որը վերջին տարիներին ակտիվ քայլեր է ձեռնարկում հայկական կինոժառանգության թվայնացման և միջազգային հասանելիության ուղղությամբ, այս փորձը դիտարկում է որպես արդյունավետ գործնական հիմք՝ սեփական ծրագրերը զարգացնելու և ընդլայնելու համար։ Քննարկումն ու մասնակիցների միջև ձևավորված երկխոսությունը ևս մեկ անգամ վկայեց, որ հայ կինոն, որպես ինքնատիպ բովանդակություն ունեցող մշակութային հարթակ, ունի համագործակցության մեծ ներուժ։ Հայաստանի կինոյի հիմնադրամը վստահ է՝ տարածաշրջանային կինոարտադրական գործընկերային ցանցերում հայկական կինոն պետք է ներկայանա ոչ միայն որպես ժառանգության կրող, այլ նաև որպես նորարար գաղափարներ առաջարկող ստեղծագործ հարթակ։ Այս տեսակետից նման միջազգային հանդիպումները հնարավորություն են բացում մշակութային երկխոսության խորացման, համատեղ նախագծերի ստեղծման համար։

 

 

Հայաստանի կինոյի հիմնադրամ

Հասարակայնության հետ կապերի բաժին

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը