Դեկտեմբերի 17 2024
Փարիզում՝ Ֆրանսիական Սինեմատեկում ս.թ. դեկտեմբերի 5-ից 15-ը կայացան Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Փարաջանով. Ռեժիսոր-պոետ» խորագիրը կրող ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները, որն իրականացվում էր ֆրանսիական Սինեմատեկի կողմից՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի, Վրաստանի, Ուկրաինայի և այլ գործընկերների համագործակցությամբ: Այն հարգանքի տուրք էր մեծանուն կինոռեժիսորի հիշատակին, որի ստեղծած յուրօրինակ կինոլեզուն և խոհրդապաշտական մտածողությունը մինչև օրս էլ հիացնում են կինոաշխարհին:
Աշխատանքային այցով Փարիզում էին Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը և հիմնադրամի աշխատակիցները, որոնք ներկա գտնվեցին ցուցադրություններին, միաժամանակ ունենալով աշխատանքային հանդիպումներ ֆրանսիական Սինեմատեկի գործընկերների հետ, այցելեցին ֆրանսիական Սինեմատեկի արխիվ՝ ֆիլմերի պահպանման և վերականգնման նրանց փորձառությանը ծանոթանալու նպատակով:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 20:00-ին Salle Georges Franju սրահում տեղի ունեցավ «Փարաջանով. Վերջին կոլաժ», (ռեժ. Գրիգոր Համել, Ռուբեն Գևորգյանց) վերականգնված տարբերակի նախացուցադրությունը: Օրվա բանախոսն էր Անի Համելը, որը ներկայացրեց 1995թ. նկարահանված վավերագրական ֆիլմի պատմությունը. Ս. Փարաջանովի մանկությունը, մահը, Թբիլիսին, Կիևը, Երևանը, նրա ընկերներին։ Ֆիլմում ընդգրկված էին բազմաթիվ կադրեր ռեժիսորի անավարտ ֆիլմերից։
Ցուցադրությունը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ֆրանսիացի հանդիսատեսի շրջանում, դահլիճը լեփ-լեցուն էր Փարաջանովի արվեստը գնահատողներով, ներկա էին նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ֆիլմի ցուցադրությունից առաջ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Սինեմատեկի հավաքածուի տարածման և հասանելիության բաժնի ղեկավար Էմիլի Կոքիյի և ծրագրերի տնօրենի օգնական Անիք Ժիրարի հետ: Քննարկվեցին համատեղ միջոցառումներ իրականացնելու մի շարք ծրագրեր, մասնավորապես, վերականգնված հայկական դասական ֆիլմերի ցանկն իրենց ներկայացնելու, ինչպես նաև վերջին տարիներին վերականգնված ֆրանսիական դասական 10 ֆիլմերի ցուցադրություն Երևանում՝ «Սինեմատեկը Հայաստանում» խորագրով կազմակերպելու հարցերը:
Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանդիպում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի հետ: Վերջինս հետ քննարկվել են Ֆրանսիայում տեղի ունենալիք մշակութային միջոցառումների մասին հետագա անելիքները:
Դեկտեմբերի 11-ին Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը և աշխատանքային խումբը շրջայց կատարեցին Սինեմատեկի կինոթանգարանում՝ ծանոթանալու կինոթանգարանի ստեղծման պատմությանը, ցուցանմուշներին, որոնք գեղեցիկ համադրմամբ ներկայացնում էին կինոյի ստեղծման ամբողջ պատմությունը՝ Լյումիեր եղբայրներից սկսած մինչև այսօրվա ժամանակակից կինոարտադրություն: Անչափ տպավորիչ էր Սինեմատեկի հիմնադիր Ժորժ Մելյեսի մեկդարյա հետազոտությունների արդյունքում ստեղծված հավաքածուն, որը յուրօրինակ ճանապարհորդություն էր Մոնտրոյից Հոլիվուդ, դեպի կինոյի կախարդական աշխարհը:
Դեկտեմբերի 11-ին Դավիթ Բանուչյանն Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (INALCO) ներկա գտնվեց Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ֆրանսերեն ենթագրերով ֆիլմի ցուցադրմանը, որն իրականացվել էր Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների ջանքերով: Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ հանդիպում նույն ինստիտուտի պրոֆեսոր-հետազոտող, դասախոս, ծրագրերի գիտական ղեկավար՝ Աննա Լեյլոյան-Եկմալյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի կինոյի հիմնադրամի հետ համագործակցության հետագա ուղիները և ծրագրերը:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 20:45-ին, Salle Lotte Eisner սրահում արվեստասեր հանրությանը ներկայացվեց ռեժիսորի պոետիկ վավերագրության յուրօրինակ ամբողջությունը՝ Ս. Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.), «Կիևյան որմնանկարներ» (1966թ.), «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.), և Ուկրաինայում նկարահանված վաղ շրջանի «Դումկա» և «Ոսկի ձեռքեր» (1957թ.) ցուցադրությունները։ Հիշեցնենք, որ Ս. Փարաջանովի «Եռապատումը» վերականգնվել է «Հայկական կինոյի դասականներ» նախագծի շրջանակում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի (այժմ Հայաստանի կինոյի հիմնադրամ) և «Համո Բեկնազարով նախագիծ» կազմակերպության կողմից:
Դեկտեմբերի 12-ին Դավիթ Բանուչյանն այցելեց Փարիզի արվարձանում գտնվող Սինեմատեկի արխիվ, որն աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկն է: Արխիվի տնօրեն Հերվե Պիչարդը հանգամանորեն ներկայացրեց ֆրանսիական և համաշխարհային կինոժառանգության, ժապավենների պահպանման պայմանները, ֆիլմերի վերականգնման աշխատանքները՝ ծանոթանալով առկա տեխնիկական սարքավորումներին:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը