Մայիսի 28 2024

Հայաստանի ազգային կինոկենտրոնն այս տարի ևս մասնակցում էր առանձին հայկական տաղավարով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ:

 

Կաննի Marche du Film կինոշուկային Հայաստանի շարունակական մասնակցությունը թույլ է տալիս ամրապնդել Կինոկենտրոնի միջազգային կապերն ու գործունեությունը, ինչը մեծ խթան է հայ կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի տարածման գործում:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը կինոշուկայում ունեցել է բազմաթիվ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ, որոնք ներկայացնում ենք ստորև.

Մայիսի 16-ին կայացել է հանդիպում Գոթեբորգի կինոփառատոնի (Շվեդիա) ներկայացուցիչ Էրիկ Տորեսոնի հետ, ով ցանկություն է հայտնել SVOD DRAKEN Films հարթակի համար կազմակերպել հայկական ֆիլմերի ցուցադրություն (անգլերեն ենթագրերով): Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ուղարկել նրանց ֆիլմերի ցանկը, որից հետո կսպասենք իրենց գործնական առաջարկին:

 

Cottbus կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Բերնդ Բուդեռի հետ հանդիպման ըմթացքում ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն փառատոնի Close-up ծրագրի շրջանակներում  կազմակերպել «Երկիրը կիզակետում» ծրագիրը: Առաջարկվել է ներկայացնել հայկական ժամանակակից ֆիլմերը, որոնք կընտրվեն Կինոկենտրոնի տրամադրված կատալոգից:

 

Մայիսի 17-ին հանդիպում է տեղի ունեցել Հարավկորեական Կինոխորհուրդի (KOFIC) ներկայացուցչի հետ: Հարավկորեական Կինոխորհուրդը գործում է Կորեայի Մշակույթի նախարարության ներքո, աջակցում է կորեական կինոկառույցների մասնակցությանը կինոշուկաներին և ունի կրթական ակադեմիա: Կազմակերպության Միջազգային կապերի ղեկավար Ջիոն Չոյի հետ քննարկվել է երկու կազմակերպությունների հնարավոր համագործակցությունը: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրենք կմիջնորդեն և կօգնեն կապ հաստատել Բուսանի փառատոնի հետ՝ 2025թ․ փառատոնի շրջանակներում հայկական ֆիլմեր հատուկ ցուցադրություն կազմակերպելու համար:

 

Մայիսի 17-ին Կինոշուկայում ընդունված ավանդույթի համաձայն տեղի է ունեցել ավանդական Happy Hour միջոցառում-հյուրասիրությունը, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր, միջազգային գործընկեր կազմակերպությունների, հիմնադրամների և կինոկառույցների ներկայացուցիչներ։

 

Մայիսի 18-ին հնդկական տաղավարում տեղի է ունեցել հանդիպում ազգային կինոզարգացման կորպորացիայի ներկայացուցիչների` Սոնալ Մաթուռի և Իրֆան Ֆարազի հետ։ Կազմակերպության հետ ձեռք է բերվել նախնական  պայմանավորվածություն համագործակցել երեք ուղղություններով. խրախուսել  հայ արտադրողներին, որպեսզի մասնակցության հայտ ներկայացնեն Հնդկակստանի միջազգային կինոփառատոնին /IFFI/, Հնդկակստանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում  իրականացնել հայկական դասական ֆիլմերի հատուկ ցուցադրության ծրագիր, ինչպես նաև համագործակցել՝ հայ-հնդկական համատեղ արտադրությունը խթանելու նպատակով:

 

ՄԿ2-ի (MK2) ներկայացուցիչներ Ժակ Ժագուի և Ֆրեդերիկ Ռուալոյի հետ քննարկվել են հետագա համագործակցության ուղիները և հայկական դասական ֆիլմերի դիստրիբուցիայի հնարավորությունը։

 

Կայացել է հանդիպում Իրանի Ֆարաբի ֆոնդի միջազգային կապերի բաժնի ղեկավար Ռայեդ Ֆարիդզադեի և «Վավերագրական և էքսպերիմենտալ կենտրոնի» տնօրենի՝ Մոհամմադ Թայեբի հետ: Վերջինս հետաքրքրություն է ցուցաբերել  հայ-իրանական վավերագրական ֆիլմերի համատեղ արտադրության հարցում, Կինոկենտրոնն իր հերթին հանձն է առել իրազեկելու հայ վավերագրողներին վերոնշյալ կազմակերպության մասին և աջակցելու՝ կապ ստեղծելու նրանց հետ:

 

Հարկ է նշել, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի ողբերգական մահվան կապակցությամբ իրանական տաղավարում բացվել էր սգո անկյուն: Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատվիրակությունը մայիսի 20-ին այցելեց իրանական տաղավար՝ նախագահ Ի. Ռաիսիի մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելու և գրառում կատարելու համար:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչները մասնակցեցին Մոնտենեգրոյի կինոկենտրոնի կողմից կազմակերպված «Գենդերային բազմազանությունը կինոարտադրության մեջ» պանելային քննարկմանը:

 

Մայիսի 19-ին Ուկրաինական Ֆիլմինստիտուտի ներկայացուցիչ Իրինա Կուպորենկոյի հետ քննարկվել է Ս․ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում համագործակցության հարցը:

 

Լոնդոնի «Ֆոկուս» հարթակի ներկայացուցիչ Ջոան Թեյթի հետ քննարկվել է Կինոկենտրոնի հնարավոր համագործակցության հարցը։ Լոնդոն Ֆոկուսը կինոարտադրության ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպությունների կինոշուկա  է և հանդիսանում է այդ ոլորտում ամենահեղինակավոր կինոշուկաներից մեկը։

 

Ֆեստ Ֆիլմ Լաբ (FFL) կրթական հարթակի ներկայացուցիչ Ֆիլիպե Պերեյրայի հետ քննարկվել են իրենց կողմից հայկական կինոարտադրության տարբեր ոլորտների համար թրեյնինգներ, սեմինարներ, աշխատարաններ կազմակերպելու հնարավորության հարցը։ Կազմակերպությունն իր ծառայությունները մատուցում է առկա և առցանց տարբերակով։

 

Մայիսի 20-ին առաջին անգամ կայացել է հանդիպում Վենետիկի միջազգային հեղինակավոր կինոփառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերայի հետ: Ներկայացվել են Կինոկենտրոնի յոթ տարիների գործունեությունը և իրականացված ծրագրերը, ինչպես նաև ներկայացվել է վերջին տարիների արտադրության և նախագծերի հետ հետագա համագործակցություն ունենալու նպատակով:

 

Սան Սեբաստիան կինոփառատոնի ներկայացուցիչ Ռոբերտո Կուետոյի հետ քննարկվել է 2025թ․ փառատոնի ընթացքում հայկական դասական ֆիլմերի  հատուկ ցուցադրություն իրականացնելու հարցը։

 

Սալոնիկիի միջազգային կինոփառատոնի «Tributes» բաժնի ղեկավար Դմիտրիս Կորկինոսն այցելել էր հայկական տաղավար՝ հայկական ժամանակակից ֆիլմերին ծանոթանալու և հայկական ֆիլմերի մասնակցությունը Սալոնիկիի միջազգային կինոփառատոնի համար խթանելու նպատակով: Վերջինիս ներկայացվեցին հայկական ժամանակակից ֆիլմերը Կինոկենտրոնի ամենամյա՝ Հայկական ֆիլմեր 2023-2024 ինտերակտիվ կատալոգի միջոցով:

 

Կայացել է հանդիպում ֆրանսիական «Փառատոնի կամուրջ» (Bridge of Festival) կինոփառատոնի տնօրեն, փոխնախագահ Ելենա Սաուբանովայի հետ, ով հետաքրքրված էր հայկական ժամանակակից ֆիլմերով, և ցանկություն ունի փառատոնի ծրագրում ընդգրկել նաև հայկական ֆիլմեր: Ե. Սաուբանովային ներկայացվեցին հայկական ժամանակակից ֆիլմերը և տրամադրվեց 2023-2024թթ. ֆիլմերի ֆիլմ-կատալոգը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ վերջինս ֆիլմերը ուսումնասիրելուց հետո, կապ կհաստատի իրենց փառատոնին առավել համապատասխանող ֆիլմերի արտադրողների հետ, որոնց կոնտակտները նշված են կատալոգում:

 

«Schlingel» Մանկապատանեկան կինոփառատոնի տնօրեն Միխայել Հարբաուերը հետաքրքրված էր հայկական մանկապատանեկան գեղարվեստական լիամետրաժ, կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմերով: Ֆիլմերը ներկայացվեցին 2023-2024թթ. Ֆիլմ-կատալոգի միջոցով: Հարբաուերի ուշադրությունը հատկապես գրավեցին ռեժ. Հ. Թումաղյանի «Սևանիկ» և Ա.Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը: Վերջինիս տրամադրվեցին ֆիլմերի պրոդյուսերների կոնտակտները՝ հետադարձ կապի համար:

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը