Փետրվարի 26 2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ՝ փետրվարի 15-20-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնի աշխատանքային թիմը՝ տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի գլխավորությամբ, մասնակցեց Բեռլինի 74-րդ միջազգային կինոփառատոնին կից ամենամյա Եվրոպական կինոշուկային։
Հայկական տաղավարի ձևավորումը, որն այս տարի նվիրված էր աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին, անչափ հետաքրքիր ու գրավիչ էր և՛ փարաջանովյան կինոյի երկրպագուների, և՛ առհասարակ մասնգիտական շրջանակների համար։ Հայկական տաղավարը կինոշուկայի օրերին այցելուների պակաս չուներ, որոնք հետաքրքրված էին հայկական կինոյի նորություններով և Վարպետի 100-ամյակին առնչվող յուրաքանչյուր նյութով։
Փետրվարի 17-ին՝ Եվրոպական կինոշուկայի հայկական տաղավարում, կայացավ կինոշուկայում ավանդույթ դարձած Happy Hour հյուրասիրությունը, որին Կինոկենտրոնը սկզբունքորեն ներկայանում է միայն հայկական արտադրության հյուրասիրությամբ՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ միջազգային հարթակում ներկայացնել հայկական արտադրանքն ու հայ արտադրողին: Հայկական հյուրասիրությունը, ինչպես միշտ, անցավ մարդաշատ և ջերմ մթնոլորտում: Ներկա էին բազմաթիվ միջազգային գործընկերներ՝ կինոկենտրոնների, կինոկառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև կինոշուկային մասնակից միջազգային հյուրեր, արտադրողներ, ոլորտի մասնագետներ:
Կինոշուկայի ամբողջ ընթացքում հայկական տաղավարում տեղի ունեցան բազմաբնույթ գործնական հանդիպումներ՝ նախատեսված և հընթացս կայացած ոչ պակաս արդյունավետ հանդիպումներ: Հատկանշական է հայ արտադրողների ակտիվ մասնակցությունը կինոշուկային, որոնց մի մասը իրենց հանդիպումները կազմակերպել և իրականացրել են հենց հայկական տաղավարում:
Փետրվարի 19-ին՝ Եվրոպական կինոշուկայի հայաստանյան տաղավարում, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ֆրանսիայի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և շարժվող պատկերի ազգային կենտրոնի (CNC) միջև ստորագրվեց Կինոյի և շարժվող պատկերի ոլորտում իրականացվող Ֆրանսիա-Հայաստան գործողությունների ծրագրի իրականացման փաստաթուղթը։ Այն ներառում է երկկողմ համագործակցություն կինոոլորտի հետևյալ բնագավառներում` կինոժառանգություն, ուսուցում, մասնագիտական կրթություն, համատեղ արտադրություն և գործընկերություն փառատոների միջև: Հարկ է նշել նաև, որ դեռևս 2023թ. սկսված բանակցությունների արդյունքում՝ Եվրոպական կինոշուկայում հաստատվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ֆրանսիայի կինոկենտրոնի (CNC) միջև կրթական ոլորտում համագործակցության պայմանավորվածությունը, ըստ որի հայ սցենարիստները կունենան հնարավորություն մասնակցելու սցենարական դասընթացների՝ Ֆրանսիայում:
Կինոշուկայի ընթացքում Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավարությունը հանդիպումներ է ունեցել միջազգային տարբեր կինոկառույցների ներկայացուցիչների հետ, որոնց հետ ձեռք են բերվել տարբեր պայմանավորվածություններ և հաստատվել են գործակցության տարբեր ծրագրեր 2024-2025թթ. համար:
Հանդիպումներ են կայացել Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Դասականներ» բաժնի համադրող Ֆեդերիկո Ջիրոնիի, Պրահայի ազգային արխիվի տնօրեն Միխալ Բրեգանտի, Կարլովի Վարի կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարել Օխի, Մոնտենեգրոյի կինոկենտրոնի տնօրեն Ալեքսանդրա Բոժովիչի, Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Դասականներ» բաժնի ներկայացուցիչ Անիկա Հաուպտսի, Տալլինի «Սև գիշերներ» միջազգային կինոփառատոնի «Բացահայտման ճամբար» (Discovery Campus) արդյունաբերական հարթակի տնօրեն Տրիին Տրամբերգի, MK2 ընկերության ներկայացուցիչներ՝ Ժակ Ջագուի և Ֆրեդերիկ Ղուոլի, Եվրիմաժի գործադիր տնօրեն Սյուզան Նյումանի, Հնդկաստանի Ինֆորմացիայի և հեռարձակման նախարարության կինոբաժնի ներկայացուցիչ Լինա Նազարիի, և այլոց հետ:
Այս աննախադեպ հաջողությունների հետնաբեմում անդադար աշխատանքն ու համառ պայքարն է` հանուն հայ կինոյի զարգացման, հանրահռչակման և միջազգային հարթակներում ներկայացված լինելուն:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը