Փետրվարի 05 2024
2023 թվականին Հայ կինոն դարձավ 100 տարեկան։ Այն ամբողջապես նվիրվեց Հայ կինոյի նորովի ուսումնասիրությանն ու հանրայնացմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Տարվա ընթացքում տեղի ունեցան բազմաբնույթ ու կարևոր միջոցառումներ՝ ցուցադրություններից մինչև գիտաժողովներ, քննարկումներից մինչև հայկական ֆիլմերի վերականգնման լուրջ նախաձեռնություններ։ Դրանց մի մասը տեղ են գտել 2024 թվականի տեղական և միջազգային ծրագրերում։
Այդ շարքից առաջիկայում՝ փետրվարին, Բրյուսելի Սինեմատեկում կանցկացվի Համո Բեկնազարյանի ստեղծագործական ժառանգությանը, մասնավորապես համր ֆիլմերին նվիրված ցուցադրություն, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2023 թվականին՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուների կողմից տարվող բանակցությունների արդյունքում։ Սինեմատեկի ղեկավարությունը հիմնական ցուցադրանյութը ընտրել է իր իսկ ֆոնդերում պահպանվող Բեկնազարյանի ֆիլմերից՝ բացառությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից առաջարկված երեք վերականգնված՝ «Տունը հրաբխի վրա», «Երկիր Նաիրի» և «Դուստրը» կինոնկարների։ Ֆիլմերը վերականգնվել են 4К ձևաչափով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող ֆիլմերի թվայնացման և վերականգնման պետական ծրագրի շրջանակում: Կազմակերպիչները ֆիլմացանկում ներառել են նաև մեկ ֆիլմ՝ «Անարգանքի սյան մոտ» («Հայրասպանը»), որը Համո Բեկնազարյանը նկարահանել է Վրաստանում՝ 1923 թվականին։ Եվ հենց այդ ֆիլմով էլ փետրվարի 1-ին տրվել է Համո Բեկնազարյանի կինոնկարների ցուցադրության մեկնարկը։
Ներկայացնում ենք բրուսելյան Սինեմատեկում՝ Համո Բեկնազարյանի ֆիլմերի ցուցադրության օրերն ու դրանց համառոտ նակարագրությունները․
03․02․2024/10․02․2024-«Շոր և Շորշոր» (1926թ. ռեժիսոր Համո Բեկնազարյան) առաջին հայկական կատակերգությունը էկրան բարձրացավ 1926 թվականին։ Ընկերական մի զրույցի ժամանակ Բեկնազարյանը ցանկություն է հայտնում փորձել նկարահանել կինոկոմեդիա։ Կինոնկարի սցենարը մեկ գիշերում գրել է Համո Բեկնազարյանը՝ հիմքում ունենալով Մուշեղ Բագրատունու համանուն պատմվածքը։ Երեք օր անց Բեկնազարյանը գեղարվեստական խորհրդին է ներկայացնում կատակերգության սցենարը, որը հենց նույն օրը քննվում և ընդունվում է։ Ֆիլմը պատմում է անբան ու հարբեցող երկու սրտակից ընկերների՝ «Շորի ու Շորշորի» զվարճալի արկածների մասին։ Կինոմասնագետները «Շոր և Շորշորը» գնահատել են որպես ժամանակի հաջողված կոմեդիաներից մեկը։
06․02․2024/13․02․2024-«Խասփուշ» (1927թ. ռեժ․Համո Բեկնազարյան) համր ֆիլմը, որը պատմում է խասփուշների՝ գյուղացիների և արհեստավորների ապստամբության մասին՝ նպատակ ունենալով մի կողմից ցույց տալ Պարսկաստանի արհեստավորների և գյուղացիների չարքաշ վիճակը, մյուս կողմից ՝ Ցարական Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքական մեքենայությունները այդ երկրում։ «Խասփուշ» ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1927 թվականին, նախորդների համեմատությամբ ավելի մեծ կտավի գործ էր։ Ֆիլմում մեծ տեղ էր տրված մասսայական տեսարաններին, քանի որ պետք է ցույց տրվեր ժողովրդի ապստամբությունը, գիշերային ցույցերը, Թեհրանի շուկան և այլն։ «Խասփուշը» ոչ միայն Հայ կինոյի, այլև սովետական կինեմատոգրաֆիայի խոշոր նվաճումն է։ Այն առաջին ֆիլմն է, որ տալիս է իրական Արևելքի պատկերը։
08․02․2024/15․02․2024-«Նամուսը» (1925թ․ ռեժ․Համո Բեկնազարյան) առաջին հայկական խաղարկային ֆիլմը էկրան բարձրացավ 1925 թվականին։ Կինոնկարի հաջողությունը շշմեցուցիչ էր: Ադաթի՝ սովորույթի և տեղի բարքերի զոհը դարձած երկու սիրեցյալների ողբերգական սիրո պատմությունը խորապես ցնցեց հանդիսատեսին․ էկրանին հայտնվել էր մարդկային գոյության ուրիշ մոդել` բոլորովին նոր, անծանոթ ու բացառիկ հավաստիությամբ աշխարհ:
20․02․2024/27․02․2024-«Երկիր Նաիրի» (1930թ․ ռեժ․ Համո Բեկնազարյան) կինոնկարը նվիրված է Հայաստանում Խորհրդային իշխանության 10-ամյակին։ Խորհրդային Միությունում՝ մինչև Ձիգա Վերտովը, վավերագրական կինոն ուներ գլխավորապես փաստագրական բնույթ, ինչը բնորոշ էր նաև հայկական վավերագրական կինոյին: Հայկական առաջին «վավերագրական» ֆիլմերը հեղինակել է Համո Բեկնազարյանը։ Նա օպերատոր Ա. Յակովլևի հետ արձանագրել է Գյումրիի երկրաշարժի հետևանքները (1926թ․), իսկ 1930-ին նրանք նկարել են «Երկիր Նաիրի» գեղարվեստա-վավերագրական լիամետրաժ կինոնկարը: Իր ձևաչափով, այս ֆիլմը կատարելապես նոր երևույթ էր հայկական կինոյում։
22․02․2024/29․02․2024-«Տունը հրաբխի վրա» (1928թ․ ռեժ․Համո Բեկնազարյան) պատմա-հեղափոխական ֆիլմը ստեղծվել է իրական պատմության հիմքի վրա․նավթահանքային վայրերից մեկում՝ գազերով լի հողակտորի վրա, բանվորների համար կառուցվող տան պատմությունն է։ Այս պատմությունը ունենում է ողբերգական զարգացում։ Ընդերքից դուրս հորդող գազերից մեծ հրդեհ է բռնկվում։ Այրվում է տունը, մեծ թվով բանվորներ, կանայք ու երեխաներ դառնում են սահմռկեցուցիչ կրակի զոհ։ Հայ կինոյի արտադրած այս ֆիլմը յուրահատուկ երևույթ է, այդ շրջանի սովետական կինոարվեստում։
Ֆիլմի սցենարը գրում են Հ․ Բեկնազարյանն ու Պ․ Ֆոլյանը, իսկ կինոնկարի ռեժիսորական աշխատանքը հանձնարարվում է Համո Բեկնազարյանին։ «Տունը հրաբխի վրա» ֆիլմը դարձավ շնորհալի կինոդերասանուհի Տատյանա Մախմուրյանի (Մարո) դեբյուտը։ Կինոնկարում խաղացել են Հրաչյա Ներսիսյանը (Պետրոս), Տիգրան Այվազյանը (Ղուկասյան), Միքայել Գարագաշը (կառավարիչ) և այլք։
22․02․2024-«Դուստրը» (1942թ․ ռեժ․Համո Բեկնազարյան) 24 րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմը նկարվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին, որ գործողությունները ծավալվում էին գերմանական ֆաշիստների կողմից գրաված ռուսական մի գյուղում։ Կինոնկարի դերասանական կազմում էին Հրաչյա Ներսիսյանը, Սոֆյա Վոլխովսկայան, Ավետ Ավետիսյանը և այլք։ «Դուստրը» պատերազմի տարիներին ցուցադրվել է Սովետական Միության էկրաններին՝ նպատակ ունենալով բարձրացնել թիկունքի հայրենասերների պայքարը՝ հանուն հաղթանակի։
Համո Բեկնազարյանը հետագա իր ստեղծագործություններով հայկական կինոն հասցրեց այնպիսի կինեմատոգրաֆիական բարձունքների, որ այն այսօր էլ պահպանել է իր շքեղությունն ու արդիականությունը։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը