Դեկտեմբերի 12 2019

Դեկտեմբերի 11-ին կայացավ հայ-ռուսական համարտադրությամբ նկարված կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պար» ֆիլմի երեւանյան պրեմիերան։

 

Ֆիլմում ներկայացված է կոմպոզիտորի գլուխգործոցի՝ «Սուսերով պար»-ի ստեղծման պատմությունը։ Արամ Խաչատրյանի մասին պատմող ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը Յուսուպ Ռազիկովն է։

 

Արամ Խաչատրյանի կերպարը մարմնավորում է ռուսաստանաբնակ դերասան Համբարձում Քաբանյանը: Ֆիլմի դիտումից հետո Յուսուպ Ռազիկովը եւ Համբարձում Քաբանյանը լրագրողներին պատմել են, թե ինչպես է կատարվել գլխավոր դերակատարի ընտրությունը: Ռազիկովը կատակով բացեց դերասանի գաղտնիքը՝ ասելով, որ նա անընդհատ «ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով գրել է իրեն եւ առաջարկել նկարահանվել:

 

Ռեժիսորը ներկայացրել է «Սուսերով պարի» ստեղծման պատմությունը՝ Խաչատրյանի կյանքի մի փոքր հատվածը, որտեղ փորձել են տեղավորել այն խնդիրները, որոնք տեղի են ունեցել խորհրդային շրջանում, որոնց միջով անցել են արվեստի, գիտության մարդիկ։

 

«Սուսերով պար»-ի նկարահանումներն իրականացվել են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Դերերում հանդես են գալիս՝ Ալեքսանդր Կուզնեցովը, Ալեքսանդր Իլյին կրտսերը, Սերգեյ Յուշկեւիչը, Վերոնիկա Կուզնեցովան, Իննա Ստեպանովան, Իվան Ռիժիկովը, Վադիմ Սկվիրսկիյը: Օպերատորն է Յուրի Միխայլիշինը: Գլխավոր պրոդյուսերն է Ռուբեն Դիշդիշյանը:

 

Ֆիլմն այս տարի մասնակցել է Շանհայի 22-րդ միջազգային կինոփառատոնին, Ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» 28-րդ փառատոնին, «Ոսկե Ծիրան» 16-րդ Միջազգային կինոփառատոնին, երաժշտության եւ կինոյի միջազգային փառատոնին Հարավային Կորեայում: «Սուսերով պարը» հայ-ռուսական համարտադրության ֆիլմ է, «Մարս Մեդիա» կինոընկերության արտադրանքն է և նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը