Հունիսի 07 2010

Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ հայկական ֆիլմերը բացի կինոտաղավարում ներկայացվելուց` նախնական պայմանավորվածության համաձայն, ցուցադրվել են նաեւ կինոթատրոններում: Մայիսի 14-ին եւ 17-ին Կաննի երկու կինոթատրոններում, կինոշուկայի մասնագետների համար ցուցադրվել են Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» եւ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» լիամետրաժ կինոնկարները: Ս. Բաբայանի ֆիլմի ցուցադրությունից հետո միաժամանակ 4-5 հայտնի կինոփառատոներից (Մոնպելիե, Սինգապուր, Մանհեյմ, Տալլին) մասնակցության հրավերներ է ստացել: Իսկ «Խճճված զուգահեռներ» ֆիլմը հրավերներ է ստացել թուրքական «Անիվների վրա», հնդկական «Պունի», Հարավ - աֆրիկյան «Դուրբանի» եւ այլ միջազգային կինոփառատոներից:

 

Հայկական կինոտաղավարում մայիսի 16-ին կազմակերպվել է «Հայկական օր», որին հրավիրվել են նաեւ մեր հարեւան երկրների եւ շուկային մասնակցող տարբեր փառատոների եւ կինոստուդիաների ներկայացուցիչներ, անհատ կինոգործիչներ եւ ընկերություններ:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնը սեփական եւ հայրենական այլ արտադրողների արտադրանքը ներկայացնելուց զատ, կազմակերպել եւ իրականացրել է զանազան գործնական հանդիպումներ Կաննի կինոշուկային մասնակցող այլ ընկերությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ, քննարկել հայկական ֆիլմերի տարածման հեռանկարները, մասնավորապես արաբական երկրների` Եգիպտոսի, ԱՄԷ-ի հետ:

 

Կինոշուկայի ընթացքում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել համատեղ կինոարտադրության, ինչպես նաեւ ֆիլմերի դիստրիբուցիայի վերաբերյալ՝ Եվրոպայում եւ ԱՊՀ երկրներում:

 

Համաշխարհային կինոշուկայում հայտնի ռուսական «Սովէքսպորտֆիլմ» եւ «ՌՈՒՍԻՍԿՈ» դիստրիբյուտորական ընկերություններին հետաքրքրել են հայկական ֆիլմերի փաթեթը: Ստանալով ֆիլմերի օրինակները, ընկերությունները պայմանավորվել են ուսումնասիրել եւ առանձնացնել իրենց հետաքրքրող կինոնկարները: Ֆիլմերի վերջնական ցուցակը հստակեցնելուց հետո, Մոսկվայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող ֆորումի օրերին կստորագրվի համագործակցության համաձայնագիրը:

 

Միաժամանակ, պայմանավորվածություններ են ձեռք բերվել անգլիական «Նյու արտվեյ» ընկերության հետ հայկական անիմացիոն ֆիլմերի դիստրիբուցիայի համար, իսկ «Պրոկաշ շարմա» հնդկական պրոդյուսերական ընկերության հետ` Հայոց ցեղասպանության թեմայով համատեղ ֆիլմ նկարելու վերաբերյալ: Միաժամանակ պայմանավորվածություններ են եղել նաեւ չեխական «Բարանդով», ուկրաինական «Ինտերֆիլմ» պրոդաքշն ընկերությունների հետ: Մասնավորապես ուկրաինական ընկերությունը առաջարկել է ՀԱԿ-ին մասնակցել Սերգեյ Փարաջանովի մասին նկարահանվող նոր ֆիլմի աշխատանքներին, որի ռեժիսորն է Ռոման Բալայան:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը